Երեքշաբթի , 24 Մարտի 2026

Խնդիրն այլ է` շանտաժին տրվե՞լ, թե՞ չտրվել

Խնդիրն այլ է` շանտաժին տրվե՞լ, թե՞ չտրվել

Mon, 23 Mar 2026 23:39:20 +0400


Իմ կրտսեր ընկեր Արման Ղարիբյանը մի գրառում է արել` «Թե՛ անձնական կյանքում, թե՛ քաղաքականության մեջ ԵՐԲԵՔ չընտրեք նրան, ով ձեզ սպառնում է»: Հրաշալի է ասված: Հիշեցի մի պատմություն, որն անձամբ ինձ հետ է պատահել (հայտնի ֆիլմի նման ստացվեց և հիմա ուզում եմ պատմել ձեզ:

Շատ տարիներ առաջ իմ հանդեպ դաժան շանտաժի ու սպառնալիքների մի դրվագ է եղել: Դաժան գիշեր էր` մինչև առավոտ ժամանակ էին տվել, որ որոշում կայացնեի ու հեռացնեի խնդրո առարկա հրապարակումը: Երևի կմտածեք` ի՞նչ մի խնդիր է մի հրապարակում հեռացնելը, որ դիմադրում էիր: Բայց խնդիրը հրապարակումը չէր, ի վերջո` մեր հրապարակումները Արգիշտի Մենուայի սեպագրերը չեն, որ մեծ արժեք ներկայացնեն և երբեմն նաև մեր կամքով ենք ինչ որ հոդվածներ հեռացնում ցանցից: Խնդիրն այլ էր` շանտաժին տրվե՞լ, թե՞ չտրվել:

Ես երկար մտածելուց հետո հանկարծ հասկացա, որ եթե մեկ անգամ թույլ տամ` ինձ շանտաժի ենթարկեն ու սպառնալիքով հասնեն իրենց ուզածին, ես այդ մարդկանց ստրուկն ու գերին եմ դառնալու: Եվ դեպքերը կրկնվելու են, իսկ շանտաժիստների ախորժակը գնալով բացվելու է…Եթե շանտաժ անելու փոխարեն այնքան խելացի լինեին` ուղղակի խնդրեին, գուցեև կատարեի այդ խնդրանքը, բայց շանտաժին որոշեցի չենթարկվել: Առհասարակ շանտաժին չի կարելի ենթարկվել` անգամ եթե ձեզ համար կարևոր բաներ են դրված սեղանին… Եվ ոչ մեկի շանտաժին չի կարելի տեղի տալ. ոչ Ալիևի, ոչ Նիկոլի, ոչ վերադասի, ոչ օտարի, ոչ հարազատի…

Այս տեռորն ու շանտաժը, որ կիրառում է Փաշինյանը` հայ ժողովրդին վախեցնելով պատերազմով, իհարկե, բացարձակապես հիմք չունի: Նա բազմիցս ապացուցել է, որ ոչ բավարար չափով տեղեկացված է ինքը, ոչ վերլուծական միտք ունի, ոչ ռեալ իրականությունն ընկալելու և այդ իրականությունից բխող ադեկվատ հետևություններ անելու ունակություն: Եվ հիմա այնքան է ուզում վերարտադրվել, որ ամենաֆանտաստիկ պատմությունները կանի ու ինչ ասես կհորինի…

Երևի նաև արդեն այնքան երկար ժամանակ ապրում է Ալիևի շանտաժի ներքո, որ յուրացրել է սպառնալիքներով իր ուզածին հասնելու ալիևյան դասերը ու որոշել է դա կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ: Հավատացեք` եթե մեկ անգամ` առաջին անգամ ուժ գտնեք ձեր մեջ շանտաժին «Ոչ» ասելու, շանտաժիստը փոր փոշման` ձեռք է քաշելու ձեզնից ու այլևս նման փորձեր չի անելու:

Վստահ եմ` եթե 20 թվին նույն Փաշինյանն իր մեջ ուժ գտներ` Ալիևի շանտաժին մեկ անգամ (առաջին անգամ) դիմադրելու, հիմա մենք լրիվ ուրիշ պետություն կունենայինք և 20 թվից հետո եղած կորուստներն էլ չէին լինի:

Դիմադրեք ՔՊ-ական շանտաժին այս անգամ և ձեր սրտի թելադրանքով ազատ ընտրություն կատարեք: Մենք պետք է ձևավորենք խաղաղ ընտրական ճանապարհով իշխանափոխության ավանդույթ, իսկ քաղաքական աճպարարներին և շանտաժիստներին ուղարկենք պատմության գիրկը: Հանուն այս պայծառ մանուկների…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վախը Փաշինյանին ստիպում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել ու սպառնալ պատերազմով

Վախը Փաշինյանին ստիպում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել ու սպառնալ պատերազմով Fri, 20 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով