«Հրապարակ»․ Հուսով եմ` այդ նախագիծը կյանքի չի կոչվի
Tue, 24 Mar 2026 11:15:34 +0400

Նախկին խմբագիր, այժմ վարչապետ Փաշինյանը չի հանդարտվում: Նա ատում է ազատ խոսքը, ատում է բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իր տեսակետը: Կորցնում է ինքնատիրապետումը փողոցում կամ մետրոյում, երբ ինչ-որ մեկը մերժում է իր գաղափարները: Թվում է, թե այս իշխանությունը, որը բաղկացած է նախկին լրագրողներից, ամենաշատը պետք է կարեւորեր խոսքի ազատությունը, սակայն մենք ունենք աննախադեպ քաղաքական բանտարկյալներ` խոսքի համար, դատվող լրագրողներ ու խմբագիրներ` ազատ խոսքի համար, եւ այժմ էլ ԶԼՄ-ների համար հերթական զսպաշապիկն են կարում, նոր նախագիծ են մշակել: «Հրապարակը» մարտի 21-ին գրել էր, որ Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության եւ ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի:
Ընդ որում, այլ ուղղություններով էլ են աշխատում` օրինակ, ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու եւ անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք կիրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն: Ի դեպ, այս մշակումներին ներգրավված են ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովը, որի նախագահը նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն է, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որի տնօրենը եւս նախկին լրագրող է` Վահագն Թեւոսյանը, եւ նախարար Սրբուհի Գալյանի խորհրդական Լյովա Սարգսյանը: Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվելու` փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն` նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկից մինչեւ 6000-ապատիկի չափով:
Բայց խնդիրն անգամ տուգանքը չէ, այլ՝ այն, որ իշխանությունը որոշել է խեղաթյուրել ատելության խոսքի դեմ պայքարի գաղափարը եւ սահմանել է, որ նման խոսք է համարվում ոչ միայն ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական հայացքներով պայմանավորված անհանդուրժողականություն, ատելություն, խտրականություն քարոզող խոսքը, այլ նաեւ «քաղաքական հայացքներով» պայմանավորվածը, իսկ դա նշանակում է, որ կպատժվեն, օրինակ, ՔՊ-ի դեմ սոցցանցում գրառում անողները:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նախ Վահագն Թեւոսյանից եւ նրան մի քանի հարց ուղղել, սակայն վերջինս կատեգորիկ հրաժարվեց խոսել թեմայի մասին` լսելով, որ «Հրապարակից» են իրեն հարց ուղղում: Այն «Հրապարակից», որտեղ ինքն առնվազն մեկուկես տարի ժամանակին աշխատել է:
Զրուցեցինք «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Լիանա Դոյդոյանի հետ: Վերջինս «Հրապարակի» հետ զրույցում խոսելով նախագծի մասին՝ ասաց. «Զուտ նախագծի մասին տեղեկությունից բացի, ուրիշ որեւէ տեղեկություն չկա, որեւէ տեքստ կամ որեւէ կոնկրետ հայտարարություն: Պարզապես ասվում է, որ օրենսդրական նախաձեռնության մասին քննարկումներ կան, որոնք ուղղված են ատելության խոսքի դեմ պայքարին: Ատելության խոսքը հստակ սահմանումներ ունի, առհասարակ, դրանք ամրագրված են միջազգային կարգավորումներով, Եվրոպական Միության համար էլ հստակ կան ձեւակերպումներ, թե որոնք են համարվում ատելության խոսք եւ որոնք են պարզապես համարվում վնասակար բովանդակություն ունեցող խոսքեր: Դրանք ունեն շատ նուրբ բաժանարար գծեր, սակայն խոսքը հիմնականում վերաբերում է ռասայական, կրոնական փոքրամասնություններին ուղղված ազատություններին, թիրախավորումը շատ կոնկրետ է, եւ Հայաստանում գործող օրենքներով այն ամրագրված է, այնպես չէ, որ սա մեզ համար նորություն ու հայտնագործում է: Քրեական օրենսգրքով էլ այն ամրագրված է, եւ չկա նոր օրենսդրության անհրաժեշտություն, հատկապես եթե խոսքը վերաբերում է, այսպես կոչված, ատելության խոսքին: Միջազգային կանոնագրերով եւ «ռեկոմենդացիաներով» այս խնդիրն իրականում կարգավորվում է, այլ հարց է, որ տեղի են ունենում ատելության կոչեր, թիրախավորումներ եւ այլն` կոնկրետ անձանց կողմից: Օրինակ` վարչապետի կիրակի օրվա հայտարարությունը՝ արցախցի կնոջն ուղղված, կոնկրետ թիրախավորում էր եւ հստակ ատելության խոսք: Նա թիրախավորեց կոնկրետ խմբերի` Արցախից տեղահանվածներին, եւ կոնկրետ վիրավորական, զրպարտչական եւ ատելության խոսք տարածեց, չենք խոսում այն մասին, որ այն տեղի ունեցավ երեխայի ներկայությամբ, որն էլ իր հերթին առանձին երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիր է: Հուսով եմ՝ այս նախագիծը կյանքի չի կոչվի, հուսով եմ, որ այն զուտ կմնա որպես նախագիծ, ոչ ավելին։ Ինչ վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք աշխատում են այդ նախագծի վրա, պետք է նախ մշակման փուլում ներգրավեին շահագրգիռ կողմերին, պետք է ծավալվեին քննարկումներ, տեղի ունենար կարծիքների գնահատում: Պետք է հիմնավորումներ լինեն` կարծիքի գնահատման համար, սակայն չկա հիմնավորում, չկա առաջարկ, չգիտենք, թե ովքեր են մասնակցել այդ քննարկումներին եւ ինչ են քննարկել: Սակայն, որ չկա նման փոփոխության կարիք, դա փաստ է, ամբողջ աշխարհում այս հարցը լուծվում է ինքնաքննադատությամբ, էթիկայի կանոններով, ինչպես նաեւ՝ այլ օրենքներով»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր