Պատմական արդարության որոնման ճանապարհին

Պատմական արդարության որոնման ճանապարհին

Tue, 24 Mar 2026 15:15:54 +0400


Լրատվամիջոցներում հազվադեպ են հանդիպում նյութեր, որոնք վերաբերում են պատմության իրավական վերանայման փորձերին։ Խոսքը վերաբերում է մեկ դար առաջ կնքված փաստաթղթերին՝ Treaty of Moscow (1921)-ին եւ Treaty of Kars (1921)-ին, որոնք ձեւավորեցին Թուրքիայի եւ Հարավային Կովկասի այսօրվա սահմանների հիմքը։ Այս թեման երկար տարիներ քննարկվել է պատմական կամ քաղաքական հարթակներում։ Սակայն առաջին անգամ փորձ է արվել այն տեղափոխել իրավական դաշտ։ ՌԴ քաղաքացի, հասարակական գործիչ Գեորգի Անտոնով-Միրզախանյանը մի քանի տարի առաջ դիմեց ՌԴ գերագույն ատյաններին, ապա դատարան՝ վիճարկելով այդ պայմանագրերի իրավական հիմքերը։ Գործը քննվեց, բայց հայցերը մերժվեցին, Անտոնովը համոզված էր, որ այդ մերժումները փակուղի չեն ստեղծել, ավելին՝ բացել են ճանապարհ՝ միջազգային իրավական հարթակներ դիմելու համար։ Այսօր նա հարցը բարձրացրել է միջազգային կառույցներում, Հայաստանում հիմնադրել է «Վիլսոնյան Հայաստան» անվամբ ՀԿ։ Մենք նրան հարցեր ուղարկեցինք, ստացանք պատասխան՝ «Գեորգի Անտոնով-Միրզախանյանի թիմակիցներ» ստորագրությամբ:

– Ինչպե՞ս առաջացավ 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը վիճարկելու գաղափարը:

– Մենք համոզված էինք, որ այդ պայմանագրերի պատմափաստագրական եւ իրավական հիմքերում կան հարցեր, որոնք երբեւէ չեն քննվել իրավական դաշտում։ Այդտեղից էլ ծնվեց գաղափարը՝ խնդիրը տեղափոխել իրավական դաշտ։ Սփոփիչ հանգամանք էր այն, որ 1995թ. ՌԴ Պետդուման Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել էր: Հաշվի առնելով նաեւ Թուրքիայի ներկայիս հակահայ քաղաքականությունը, Արցախի հայաթափումը՝ պետք էր հետեւողական գտնվել ու հասնել մեր ժողովրդի օրինական շահերը ոտնահարող Մոսկվայի եւ Ղարսի ոչ լեգիտիմ պայմանագրերի չեղարկմանը:

– Ինչո՞ւ որոշեցիք սկսել հենց Ռուսաստանի դատարաններից։

– Որովհետեւ այդ երկու պայմանագրերի վրա կան բոլշեւիկյան Ռուսաստանի ղեկավարների ստորագրությունները: Մենք դիմել ենք ՌԴ-ի, Պետդումայի, Դաշնային խորհրդի նախագահներին՝ նկատի ունենալով, որ այսօրվա ՌԴ-ն իրավահաջորդն է բոլշեւիկյան Ռուսաստանի: Իրենց պատասխաններով հենց նրանք մեզ ուղղորդեցին՝ ՌԴ դատարաններ հայց ներկայացնելու: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, օրինակ, պատասխանում նշել է․ «Պայմանագրերի երկարաձգման եւ չեղյալ հայտարարման վերաբերյալ բարձրացված հարցը պետք է լուծվի՝ հաշվի առնելով պատմական համատեքստը, հետագա պայմանագրային պրակտիկայի եւ ԽՍՀՄ տարածքում նոր ինքնիշխան պետությունների առաջացման հետ կապված իրավիճակով, խաղաղության պայմանագրերը եւ սահմաններ հաստատող պայմանագրերը չեն ենթադրում պայմանագրերի միակողմանի դադարեցում, առանց որեւէ իրական իրավական հետեւանքի, դա քաղաքական ապակայունացնող ազդեցություն կունենա արդեն իսկ Անդրկովկասի անկայուն իրավիճակի վրա»: Մենք ՌԴ քաղաքացիներ ենք եւ իրավունք ունենք դիմելու իշխանություններին եւ դատարաններին։ Դա նաեւ անհրաժեշտ քայլ էր՝ հետագայում միջազգային ատյաններ դիմելու համար։ Դատարանները նույն հիմնավորմամբ մերժեցին հայցը՝ նշելով, որ ՌԴ դատարաններն իրավասու չեն քննարկելու 1921թ. կնքված միջազգային պայմանագրերի վերանայման հարցը։ Բացի այդ, իբր՝ մեր ներկայացրած հայցից չի հետեւում, թե այդ պայմանագրերն ուղղակիորեն խախտում են մեր անձնական իրավունքները։ Այսինքն՝ հարցը դիտարկվեց ոչ թե պատմական կամ իրավական տեսանկյունից, այլ միայն անհատական իրավունքների շրջանակում։ Այնուհետեւ դատարանները հարցը քննարկեցին ըստ էության: Մենք անցանք եւս դատական 5 ատյան՝ շրջանային, վերաքննիչ, վճռաբեկ, գերագույն եւ սահմանադրական, որոնք արձանագրեցին՝ ՌԴ դատական համակարգն իրավասու չէ քննարկել միջազգային պայմանագրերի չեղարկման (դենոնսացիա) հարցը, եւ առաջարկեցին դիմել ՄԱԿ-ի բարձրագույն միջազգային դատարան: Այս ամենն սպասելի էր։ Այդ որոշումները հնարավորություն տվեցին անցնելու հաջորդ փուլին։ Երբ ներպետական դատարանների բոլոր հնարավորությունները սպառվում են, կարելի է դիմել միջազգային կառույցների։ Մեր գործունեության ընթացքում հաղթահարել ենք բազմաթիվ խնդիրներ՝ ներքին կազմակերպչական խնդիրներ, նույնիսկ ՌԴ քաղաքացիությունից զրկելու որոշում է եղել, որը հիմա նույնպես վիճարկվում է դատարաններում: Բայց ոչ մի արգելք չի կարող խոչընդոտել մեր աշխատանքներին:

– Ի՞նչ նպատակներ է հետապնդում «Վիլսոնյան Հայաստան» հասարակական կազմակերպությունը։

– Չի փոխվել մեր հիմնական նպատակը՝ հասնել Վիլսոնյան իրավարար վճիռը գործողության մեջ դնելուն։ Երբ հասկացանք, որ հարցը պետք է տեղափոխվի միջազգային հարթակ, անհրաժեշտ դարձավ նաեւ կազմակերպչական հիմքեր ստեղծել։ Այդպես ստեղծվեց «Վիլսոնյան Հայաստան» ՀԿ-ն։ Այն հիմնվում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի արբիտրաժային որոշման վրա եւ նպատակ ունի պահանջել այդ իրավական ժառանգությունը։ Մենք քաղաքական նպատակներ չենք հետապնդում եւ ոչ մի պետության ու ժողովրդի շահերի դեմ չենք գործում: Հետապնդում ենք միայն հայ ժողովրդի ազգային, իրավական շահերը պաշտպանելու նպատակ: Հույս ունենք հասնել պատմափաստագրական եւ իրավական արդարության։ Այս պահին հայցադիմում ենք ներկայացրել միջազգային կառույցներին։ Դրանց թվում են նաեւ European Court of Human Rights-ը եւ United Nations Human Rights Committee-ը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն արդեն ընդունել է դիմումը։ Դա կարեւոր փուլ է, թեեւ դեռ վաղ է խոսել վերջնական արդյունքների մասին։ Մենք չենք ցանկանում հիմա շատ մանրամասներ բացահայտել։ Գործն ընթացքի մեջ է, եւ ավելորդ հրապարակայնությունը կարող է խանգարել իրավական գործընթացին։ Մենք համաձայն ենք իմաստունի հետ. «Այն, ինչ չես ուզում, որ թշնամիդ իմանա, այդ մասին մի տեղեկացրու բարեկամիդ»: Միայն կարող ենք ասել, որ այս հարցը վաղ թե ուշ պետք է ստանա իրավական գնահատական։ Ունենք բազմաթիվ համակիր կազմակերպություններ ու հայտնի անձեր թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում եւ տարբեր երկրներում: Սա միայն իրավական հարց չէ։ Խոսքը պատմական հիշողության եւ արդարության մասին է։ Մենք համոզված ենք, որ պատմական արդարության հարցերը չեն անհետանում՝ կարող են երկար ժամանակ մնալ փակ, բայց մի օր վերադառնում են միջազգային օրակարգ։

ՀԳ. Գեորգի Անտոնով-Միրզախանյանի թիմակիցները նշել են նաեւ, որ միջազգային ատյաններին դիմելու նախաձեռնությունը սկզբնական փուլում է, եւ հնարավոր է, որ առաջիկայում հրապարակվեն նոր փաստաթղթեր եւ իրավական նյութեր, որոնք ավելի ամբողջական պատկեր կստեղծեն այս գործընթացի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բացահայտվել է Էյնշտեյնի տաղանդի գաղտնիքը․ ուսումնասիրել են մեծ գիտնականի ուղեղը

Բացահայտվել է Էյնշտեյնի տաղանդի գաղտնիքը․ ուսումնասիրել են մեծ գիտնականի ուղեղը Tue, 24 Mar 2026 22:30:01…

9 րոպե ago

Ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել Tue, 24 Mar 2026 22:15:54 +0400 Ապօրինի պահվող…

23 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել․ ՀՀ երկրորդ նախագահ

Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել․ ՀՀ երկրորդ նախագահ Tue, 24 Mar 2026 22:09:18…

30 րոպե ago

Ձախողված Նիկոլ Փաշինյանը ո՞ր թեմայի շուրջ կարող է նստել ու խոսել․ Ռոբերտ Քոչարյան

Ձախողված Նիկոլ Փաշինյանը ո՞ր թեմայի շուրջ կարող է նստել ու խոսել․ Ռոբերտ Քոչարյան Tue, 24…

32 րոպե ago

Ինչու է հանդիպել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ եւ ինչ է քննարկել

Ինչու է հանդիպել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ եւ ինչ է քննարկել Tue, 24 Mar 2026 22:00:05…

39 րոպե ago

«Սեղմված զսպանակ», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում. Վահե Դավթյան

«Սեղմված զսպանակ», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում. Վահե Դավթյան Tue, 24 Mar 2026…

41 րոպե ago