Օմբուդսմենը վախենում է Նիկոլ Փաշինյանի անունը բարձրաձայնել
Wed, 25 Mar 2026 11:25:06 +0400

ՄԻՊ Անահիտ Մանասյանը երեխաների իրավունքները պաշտպանելու փորձ է արել՝ հայտարարություն տարածելով, որտեղ խոսում է անորոշ երեխաների իրավունքների անորոշ ոտնահարման մասին, սակայն վախենում է կենտրոնանալ եւ արձանագրել, որ կոնկրետ արցախցի երեխայի իրավունքներն են ոտնահարվել եւ ոտնահարվել են ոչ ավել, ոչ պակաս երկրի թիվ 1 պաշտոնյայի կողմից։ 2 օր առաջ էլ նա մի հայտարարություն էր արել «բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման» մասին, որտեղ նույնպես խուսափել էր կոնկրետ դեպքի եւ մեղավորի մասին խոսել։ Իսկ այս հայտարարությունների առիթը նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մետրոյի միջադեպն է։ Նման վախվորած եւ խուսափողական պահվածքով ՄԻՊ Հայաստանը երբեւէ չէր ունեցել։
Հայտարարությունում ասված է․
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում իրավապահ մարմինների գործողությունները, այդ թվում` անձանց ձերբակալելու կամ ցանկացած այլ եղանակով ազատությունից զրկելու, տեղի են ունենում անչափահասների ներկայությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի ներկայությամբ իրականացվող ցանկացած նման գործողության պարագայում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեխայի լավագույն շահի ապահովմանը։ Այդ նպատակով առանցքային է բոլոր իրավասու մարմինների ներկայացուցիչների մոտ երեխաների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի և երեխայակենտրոն մոտեցումների առնչությամբ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայությունը:
Պաշտպանն ընդգծում է, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ նման գործողությունների իրականացումից: Եթե կոնկրետ իրավիճակում` իրավական հիմքերի առկայության պարագայում, հնարավոր չէ խուսափել համապատասխան գործողության իրականացումից, չափազանց կարևոր է, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները, իրենց լիազորություններն իրացնելիս, հետևողականորեն առաջնորդվեն երեխայի լավագույն շահի ապահովմամբ և յուրաքանչյուր դեպքի համատեքստում ցուցաբերեն բավարար զգայունություն ու երեխայակենտրոն մոտեցում։
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը առանձնահատուկ կարևորում է պատասխանատու անձանց և ներգրավված բոլոր դերակատարների պրոֆեսիոնալիզմը, ներառյալ նրանց կարողությունների մշտական զարգացումը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր