«Հրապարակ». Նորից ուզում են միջոցները քամուն տան, ավազին ու ջրին խառնեն՝ գնա՞

«Հրապարակ». Նորից ուզում են միջոցները քամուն տան, ավազին ու ջրին խառնեն՝ գնա՞

Wed, 25 Mar 2026 12:45:55 +0400


Սեւանում ճեմուղի կառուցելու նպատակով օրեր առաջ տեղի ունեցավ եւս մեկ հանրային քննարկում: Հիշեցնենք, որ նախորդ հանրային քննարկման ժամանակ Քաղշինկոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը լսեց տնտեսվարողների բողոքները եւ խոստացավ, որ ամեն բան կվերլուծեն ու արդեն նոր տարբերակով կներկայանան:

Հերթական փոփոխված նախագիծն է ներկայացրել Քաղշինկոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը․ «Ինչպես գիտեք, ջրի մակարդակը պետք է մինչեւ 1903,5 մ նիշը բարձրանա, որպեսզի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանվի, եւ ճահճացման գործընթացն ավարտվի: Գիտահետազոտական հիմքերի վրա՝ 1905 նիշը սահմանվել է այն նիշը, որից վերեւ կապիտալ կառուցապատում կարող են իրականացնել: Այդ նիշից ցածր կարող ենք իրականացնել ժամանակավոր, թեթեւ կոնստրուկցիաներով կառույցներ, որոնք աստիճանաբար կապամոնտաժվեն եւ կբարձրացվեն՝ ըստ ջրի բարձրացման նիշի: Եթե կառուցապատումը 1905 նիշից վերեւ է թույլատրվում, դրանից ներքեւ ամեն ինչ պետք է մաքրվի, առանց ժամկետների: Սա հնարավորություն է տնտեսվարողներին, գոնե մինչեւ այդ նիշին հասնելը, գործունեություն ծավալել եւ ունենալ ենթակառուցվածք, որը բարեկարգ է, որը բարձրացնում է գրավչությունը, որը հնարավորություն է տալիս իր հարակից տարածքներում շարժական, ոչ հիմնական կառույցներով ստեղծել ավելի բարենպաստ, ավելի գրավիչ ենթակառուցվածք եւ որը կմեծացնի մարդկային հոսքերը եւ հնարավորությունները՝ եկամուտ ստանալու այն տարածքներից, որոնք ավելի վատ պայմաններում են: Ունենք ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի սահմանումը՝ ճեմուղու վերաբերյալ, որ այն դասակարգում է տրանսպորտային ենթակառուցվածքների շարքին, նախատեսված է հետիոտնի եւ հեծանիվների օգտագործման համար: Իսկ ճեմուղու ծածկույթը նախատեսված է այնպես, որ արտակարգ իրավիճակներում հնարավորություն ունենք ոչ թե երթեւեկություն կազմակերպելու, այլ առաջին օգնություն ցուցաբերելու համար, որպեսզի շտապօգնության մեքենա մոտենա, եթե նման անհրաժեշտություն առաջանա: Նախագիծը վերադարձրինք նախագծող կազմակերպությանը՝ առաջարկելով գտնել բնապահպանական առումով ավելի ինտեգրված մոտեցում: Առաջարկվել է գեոցանցի հիմքի վրա առանց բետոնի օգտագործման: Գեոցանցի առավելությունն այն է, որ աստիճանական ջրի մակարդակի դեպքում, երբ կհասնի համապատասխան նիշին, հնարավորություն ունենալ ապամոնտաժել եւ ավելի բարձր նիշի վրա տեղափոխել»:

Տնտեսվարողներից Նելսոն Սարգսյանն ասաց. «68 տարեկան մարդ եմ, գիտեմ, որ ամեն տարի լիճը կանաչում է, դա նոր չէ: Էդ նախագծի փոխարեն Սեւանա լճի մասին թող մտածեն, մտածեն այն մասին, որ կոյուղաջրերը լցվում են լիճ: Մաքրման կայաններ կառուցելու հարց ենք բարձրացնում, ասում են՝ ֆինանս չունենք: Ո՞վ է ֆինանսավորում ճեմուղու նախագիծը, ֆինանսավորումն այդ ուղղությամբ թող ներդնեն, առանց լիճը մաքրելու ճեմուղի՞ եք կառուցում»:

«Եթե ճեմուղին կառուցեն, հարյուրավոր ծառեր են կտրվելու: Բնապահպանության նախարարությունն իր անվանը համահունչ՝ պետք է բնության պահպանություն կատարի, ոչ թե ծառեր կտրի: Հետաքրքիր է՝ որքա՞ն է նախագծի արժեքը: Ենթադրենք, մի անգամ իքս գումար ծախսվեց, ճեմուղին կառուցվեց: Քաղշինկոմիտեի նախագահի տեղակալն ասում է, որ ջուրը բարձրանա, ճեմուղին հետ տանենք: Սա ի՞նչ է նշանակում, որ կրկին փող են ծախսելու: Միջոցները քամո՞ւն տանք, ավազին ու ջրին խառնենք՝ գնա՞: Նախագծողները Սեւանով հետաքրքրվում են տարին մեկ կամ երկու անգամ, Սեւանը հիշում են միայն ամառվա շոգ եղանակին, մյուս ամիսներին Սեւանով հետաքրքրվող չկա՞»,- իր մտահոգությունը հայտնեց տնտեսվարող Գրիշա Հարությունյանը:
Սեւակ Ստեփանյանն էլ ասաց, որ սկզբից էլ դեմ են եղել ճեմուղու նախագծին, մինչեւ վերջ էլ դեմ կլինեն. «Լավ բան են ուզում անել, թող Սեւան քաղաքի զբոսայգին սարքեն, թող նախագիծ տանեն՝ 2 կմ Լճաշենից մինչեւ հանրային լողափ անեն ճեմուղի, մնացած 800 մետրն էլ Հայրիվանքի տարածքում անեն: Ի՞նչ են կպել «Հարսնաքարից» մինչեւ թերակղզի հատվածին վրա: Ուզում են զարգացնել, խնդրեմ՝ թող այդ հատվածները զարգացնեն, այդ մասն էլ Սեւանի մի հատված է»:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ դատախազությունում մեկնարկել են Սեւանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները: Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաեւ «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սեւան քաղաքի Երեւանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջները (Սեւան քաղաքի Երեւանյան խճուղի 48/6 հասցե):

Սեւանցիները մտահոգություն ունեն, որ «Հարսնաքար» հյուրանոցն անմիջական կապ ունի ճեմուղու կառուցման հետ, քանի որ ճեմուղին կառուցելու են «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչեւ Սեւանի թերակղզի ընկած հատվածը, ուստի չի բացառվում, որ այն տարածքները, որոնք նախագծի տակ են հայտնվել, կքանդվեն, իսկ ճեմուղին կառուցելուց հետո այդ ամենի տերն ու տիրականը կդառնա իշխանության սրտի հերթական օլիգարխը: Ինչպես դա արվեց, օրինակ, Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի դեպքում: Գնորդն ալյուրի, ձվի արտադրությամբ, շինանյութերի մեծածախ առեւտրով եւ բեռնափոխադրումներով զբաղվող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունն էր՝ իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը

Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը Fri, 13 Nov 2026 09:30:44 +0400…

21 րոպե ago

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է

«Հրապարակ»․ Կատաղեցնել մեկին, որը ժպիտը դեմքին խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, սխալ է Fri,…

36 րոպե ago

Սարեր` ձորեր

Սարեր` ձորեր Fri, 13 Nov 2026 09:00:08 +0400 Մեր հասարակությունն ու մեր իշխանությունն ավելի ու…

51 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել Fri, 13…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան…

2 ժամ ago