«Հրապարակ»․ Փաշինյանի ինքնիշխանության «խորհրդանիշը» մերժում են անգամ ՔՊ-ականները
Thu, 26 Mar 2026 08:45:34 +0400

Երեկ Ազգային ժողովի նիստը, որի ժամանակ պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանն էր ընթանում, տեռորիստական խմբակի հավաք էր հիշեցնում։ Քանի որ ընդդիմությունը բոյկոտել էր հարցուպատասխանը, դա իշխող խմբակին եւ նրա ղեկավարին ամբողջովին սանձարձակ էր դարձրել։ Նրանք նախապես գրված հարցերով, պայմանավորված հարցուպատասխաններով, պասերով օրենսդիր մարմնի ամբիոնն օգտագործեցին՝ հերթական անգամ փորձելով շանտաժ անել սեփական ժողովրդին։ Հատկապես կրկնելով «եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի» հիմար, մտացածին եւ ստոր թեզը։
ՔՊ-ական ուսապարկերը, իրար հերթ չտալով, պատերազմի խորհրդանիշ ազգակործան պատուհասին մղում էին, որ նա տարբեր վերսիաներով հնչեցնի նույն միտքը։ Հավանաբար, մոնիտորինգ են արել եւ համոզվել, որ այդ թեզն ազդում է ՀՀ ընտրողի գիտակցության վրա, եւ որոշել են այս հոգեբանական տեռորը շարունակել մինչեւ ընտրությունների օրը։ Նույն հարցը՝ տարբեր ձեւակերպումներով, տալիս էին, իրենց անհավասարակշիռ առաջնորդն էլ տեղ-տեղ ափերից դուրս էր գալիս, գոռգոռում, արցախցիներին կրկին փախածներ ու դավաճաններ անվանում՝ ցույց տալով, որ ինքն արդեն իսկ պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին եւ պատրաստ է ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր իրեն չեն վերարտադրի այդ պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց, որ ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը: «Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում»,- ինքն իր ձեւակերպումից շատ գոհ՝ նշում էր Փաշինյանը եւ ասում, որ հունիսի 7-ին հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ շարունակե՞լ ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ: «Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է՝ «որոշել ենք, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում»: Մյուս բոլոր ուժերն ասում են, որ իրենք շարունակելու են ղարաբաղյան շարժումը, եւ ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որովհետեւ ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն ղարաբաղյան շարժումը չենք շարունակում՝ շատ պարզ ընտրություն է»,- հայտնագործություն արածի նման ասում էր նա։
«Կոնկրետ՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան ուժերը. մեկն ասում է՝ վերաբանակցենք, մեկն ասում է՝ ուժով պարտադրենք։ Ընդհանուր տրամաբանությունը դա է։ Իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որ կա, պետք է խնամել, տեր կանգնել: Իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցենք, դա բացում է էսկալացիայի ճանապարհը»,- չէր հանգստանում Արցախը հանձնած «գերագույն հրամանատարը»։ Ոչ միայն ղարաբաղյան շարժումը շարունակելը, այլեւ Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագիրը, ըստ Փաշինյանի, կոնֆլիկտ է հրահրում, քանի որ Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին: Բաքուն սա որակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ, ուստի այն պետք է հեռացվի մայր օրենքից՝ ասում էր արցախատյացը։
Մեկ այլ ուսապարկ ՝ Ջուլիետա Ազարյանն էլ շեֆին հնարավորություն տվեց էմոցիաները պարպել եւ դասեր տալ այն քաղաքացիներին, ովքեր մերժում են քարոզարշավի ժամանակ Փաշինյանի բաժանած կրծքանշանները՝ Հայաստանի պլաստիկե քարտեզը՝ առանց Արցախի։ Փաշինյանը նախ ստեց, թե 4-5 դեպք է հիշում, երբ մարդիկ հրաժարվել են վերցնել ՀՀ դրոշով կրծքանշանը, ապա շարունակեց․ «Սա Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշն է։ Սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է: Երբ ժխտել ենք դա, մենք անուղղակի ասել ենք, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածք չունի»։
Սակայն հարց տվողը, որ շատ անհանգիստ էր այդ կրծքանշանի ճակատագրով, ի տարբերություն Փաշինյանի եւ մի խումբ իշխանականների, իր կրծքին չէր կրում Հայաստանի ինքնիշխանության «խորհրդանիշը», այն դեպքում, երբ, մեր տեղեկություններով, մեկ կենտրոնից հրահանգ է իջեցվել, որ բոլորն այսուհետ կրեն պլաստիկե կրծքանշանը։ Մենք ստույգ տեղեկություն ունենք, որ Փաշինյանի կերտած ինքնիշխանության կեղծ խորհրդանիշն ընդունելի չէ ՔՊ ֆրակցիայի մեծամասնության կողմից, եւ հատուկենտ ՔՊ-ականներ են այն կրում, այդ թվում ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն Աղդամը ժամանակին համարում էր իր հայրենիքը․ հավանաբար, նրա եւ իշխանատենչ այլ ՔՊ-ականների հայրենիքը խիստ փոփոխական է ու շարժական։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր