«Հրապարակ». Աստված տա, որ կարողանանք սրան ռադ անել
Thu, 26 Mar 2026 09:15:54 +0400

Երեկ, Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորեց անկախ պատգամավոր, նախկինում իրենց թիմակից Հակոբ Ասլանյանին: «Մենք Ձեզ ռադ արինք»,- դիմելով իր ելույթը լսող Ասլանյանին՝ ասել է նա: Ասլանյանը տեղից անընդհատ փորձել է արձագանքել, խոսակցությանը միջամտել է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: «Պարոն Ասլանյան, տեղից մի արձագանքեք, թե չէ՝ դահլիճից էլ ռադ կանենք Ձեզ»,- ասել է «բարեկրթությամբ» հատկապես աչքի ընկնող փոխխոսնակը: Հետեւելով ԱԺ նախագահի եւ փոխնախագահի բառապաշարին՝ տպավորություն ենք ստանում, որ այս մարդիկ տարրական դաստիարակություն չեն ստացել, նրանց ծնողները չեն սովորեցրել, որ փողոցային բառամթերքով չի կարելի հաղորդակցվել, այն էլ՝ տարեց մարդկանց հետ, հրապարակային վայրերում: Ցավոք, հայաստանյան Ազգային ժողովն այս տարիների ընթացքում քաղաքակրթությանը մոտենալու փոխարեն բառացիորեն անդունդն է գլորվել, եւ այդ անկումը հատկապես նկատելի է վերջին 8 տարում, երբ համազգեստով մարդիկ նաեւ մտան դահլիճ ու սկսեցին քաշքշելով՝ պատգամավորներին դուրս հանել: «Հրապարակը» զրուցել է անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ:
– Քանի որ ՔՊ-ականները Ձեզ խոսքի իրավունք չտվեցին՝ չկարողացաք հակադարձել նրանց տգեղ արտահայտություններին, հիմա խոսեք այն բառապաշարի մասին, որը կիրառեցին Ձեզ հետ խոսելիս: Կարելի՞ է երկրի թիվ մեկ ամբիոնից նման ձեւով արտահայտվել:
– Իմ նախորդ օրվա հայտարարությունները` անհետ կորածների ծնողների մոտ, շատ է ցավեցրել իրենց: Նրանք չկարողացան այդ ցավը տանել տղամարդու պես: Ես ասել եմ այնպիսի ճշմարտություն, որը, բնականաբար, խաթարում է իրենց պատկերացումները: Ես բոլորովին էլ չեմ նեղանում նրանցից, ովքեր ինձ համար այլեւս գոյություն չունեն: Եթե նրանք մի փոքր կարողանային գոնե պահպանել էթիկայի կանոնները, եթե մի փոքր հասկանային էսթետիկայից, կհասկանային նախ, թե ովքեր են իրենք, ինչ ճանապարհ են անցել կամ որքանով են առհասարակ կյանքում կայացել, ապա այդպես չէին խոսի մի մարդու հետ, որն արդեն 55-56 տարի աշխատել է երկրի ու հայրենիքի համար եւ աշխատել է ազնվորեն՝ ոչ մի կոպեկ չգողանալով իր երկրից: Ես իմ հայրենիքն ինձնից շատ եմ սիրում: Ինձ հետ նման կերպ խոսողները պետք է իրենց հարց տան` ի՞նչ բարոյական եւ իրավական իրավունք ունեն՝ իմ մասին խոսք ասելու: Իմ արածները, իմ նվիրվածությունը՝ առ հայրենիք, իրենք անգամ իրենց երազներում չեն կարող տեսնել:
– Ռուբեն Ռուբինյանը հաճախ է նման հայտարարություններով հանդես գալիս, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, օրինակ։ Սակայն նրա հայրը` Կարապետ Ռուբինյանը, առաջին նախագահի թիմակիցն էր եւ հենց նրա իշխանության տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Եթե առաջին նախագահն ընտրակեղծարար է, թալանչի է, վատն է եւ այլն, ապա իր հայրը նույնպես այդպիսին է:
– Այո, միանշանակ: Բայց գիտեք, ես կարծում եմ, որ ընդդիմությունն ու իշխանությունն իրար լրացնում են: Այս իշխանությունը գոյություն ունի միայն այն բանի համար, որ այդպիսի ընդդիմություն կա: Երկու կողմն էլ խոցելի են: Իրականում` այդ երկուսն էլ նույն գծի վրա են, մեկը` նախկին, մյուսը` ներկա, դրա համար իրար լավ էլ հանդուրժում են: Տեսեք, հիմա մի օրինակ բերեմ․ ես ինչ-որ բան եմ ասում, նրանք, բացի անձնական վիրավորանքներից, ինձ այլ բան չեն կարողանում ասել, միայն անցնում են անձնական դաշտ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ իմ կենսագրությունը մաքուր է, ես հպարտանում եմ նրանով, որ ինձ վրա ոչ մի ձեւով չեն կարողանում մի կեղտ գտնել, որովհետեւ չկա, հասկանո՞ւմ եք, իսկ դա իրենց կատաղեցնում է: Ես ի՞նչ էի ասել, ընդամենը ասել էի, որ երկու ամիս անց պետք է ռադ անենք սրանց, գուցե մի քիչ կոպիտ եմ ասել, բայց ճիշտ եմ ասել: Ի՞նչ մեծ հայհոյանք կա այդտեղ: Նրանք պետք է հեռանան, լավ, կոպիտ եմ գուցե ասել, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում: Չի կարելի Ազգային ժողովի թիվ մեկ ամբիոնն այդքան նսեմացնել ինչ-որ մի խոսքի համար, որն իրենց դուր չի եկել, ուղղակի մեղք են:
– Փաշինյանն ասում է, որ եթե ինքը չունենա բացարձակ մեծամասնություն, ապա սեպտեմբերին պատերազմ տեղի կունենա:
– Նա շանտաժ է անում: Այս հայտարարությունը ժողովրդի նկատմամբ մեծ շանտաժ է: Նա հայ ժողովրդին ենթարկելով շանտաժի՝ փորձում է պահել իշխանությունը: Այս հայտարարությունից կարելի է անել հետեւություն, որ այսօրվա խաղաղ վիճակը նախապես Ալիեւի հետ պայմանավորված է, համաձայնեցված, որպեսզի այս փուլում կրակոցներ, բախումներ չլինեն, որպեսզի ինքը վերարտադրվի, իսկ հետո Ալիեւը, առանց որեւէ մարդկային զոհի, առանց որեւէ ուրիշ տեսակի կորուստների, այդ բոլորը ստանա հենց այնպես՝ ձրի, էլ ինչո՞ւ ադրբեջանական բանակը, ադրբեջանցի զինվորների կյանքը վտանգել, ինչո՞ւ իզուր նյութական կորուստներ տալ, եթե կա Նիկոլ Փաշինյանը: Ալիեւը մտածում է, որ կօգնի Նիկոլին ընտրվել, եւ այդքանով ամեն ինչ կավարտվի, ինչ ցանկանա, Նիկոլը հեշտությամբ` առանց մի կրակոցի կտա:
– Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավների ժամանակ քաղաքացիների հետ վեճի մեջ է մտնում, մարդկանց վիրավորում է ու պիտակավորում:
– Ես գտնում եմ, որ նա մեծ շոու է կազմակերպում: Իսկ շոուի նպատակն այն է, որ, նախ, նա վիրավորում է մի երիտասարդ կնոջ` փոքրիկի ներկայությամբ, եւ հետո ամբողջ աշխարհի առաջ ներողություն է խնդրում, այն էլ` մի քանի անգամ: Նա փորձում է զոմբիացած մասսային հիացնել, որ ասեն` տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի վարչապետ ունենք, սխալվեց, հետո՝ տեսեք, թե ոնց է իր սխալներն ընդունում, բա ինչի՞ Ռոբերտն ու Սերժն այդպես իրենց սխալները չէին ընդունում:
– Իսկ ընտրությունների հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
– Մենք անպայման մասնակցելու ենք ընտրություններին, մասնակցելու ենք` Աստված տա, որ կարողանանք սրան ռադ անել: Կոպիտ է հնչում, բայց դա եմ ցանկանում: Զարմանում եմ, որ մարդիկ ինձ երեսով են տալիս, ասելով` մոռացա՞ր, որ մի քանի տարի առաջ գովում էիր, դոշով պաշտպանում էիր սրանց: Ես ուզում եմ նրանց միանգամից այս հարցազրույցի միջոցով պատասխանել․ հարգելիներս, սիրելիներս, այս կյանքում կգտնվի՞ մեկը, ով իր ամբողջ կյանքում չի սխալվել: Կա՞ այնպիսի մեկը, ով իր կյանքում իր շրջապատի անդամներից մի քանիսից առնվազն չի հեռացել: Անգամ ամուսիններն են բաժանվում իրարից, եթե չեն հասկանում իրար, հազար տարվա ընկերներն են իրարից հեռանում, ի՞նչ ողբերգություն կա այդտեղ: Ես ՔՊ-ին շնորհակալ եմ, որ Ասլանյանին վերադարձրեց Ասլանյանին: Հասկացողը կհասկանա, թե ինչ եմ ասում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր