Հայաստանի որեւէ կախումն Ադրբեջանից անընդունելի է, եւ դա պետք է ասվի հունիսի 7-ին

Հայաստանի որեւէ կախումն Ադրբեջանից անընդունելի է, եւ դա պետք է ասվի հունիսի 7-ին

Fri, 27 Mar 2026 16:15:37 +0400


Դեմոկրատիայի մասին լսել են ամենքը՝ այն դրակա՞ն երեւույթ է, թե՞ բացասական, դժվար է ասել, բայց հանրային կյանքում տոտալիտար հասարակարգերի համեմատությամբ գերադասելի է։ Դեմոկրատիայի բացասական դրսեւորումներն էլ գալիս են ոչ այնքան այդ իշխանակարգի էությունից, որքան՝ նենգափոխումից։ Հայաստանն այդ առումով աշխարհին ուղղակի masterclass-ներ է տալիս՝ Փաշինյանի՝ մարդու իրավունքների մասին հանկերգելով հոգեւորականների անկողիններ մտնելուց մինչեւ Արցախը պաշտպանելու լոզունգներով իշխանության գալուց հինգ տարի անց ՀՀ գիտաշխատողին Արցախի իրավունքներից խոսելու համար պատժելը։ Սակայն Փաշինյանի ծայրահեղ դեպքը մի կողմ թողնելով էլ, աշխարհում քիչ չեն օրինակները, երբ իշխանության եկած ուժն իր խոստումներին, հռչակած նպատակներին, ստանձնած պարտավորություններին համապատասխան չի գործում։ Սպասել, նոր ընտրությամբ նման ուժին պատժելը, իշխանությունից հեռացնելը՝ տարիներ կորցնելով, գործնական ու արդյունավետ մեթոդ չէ։ Դրա համար էլ հասարակությունները ոչ միայն ընտրում են իշխանություն, նրան օժտում գործելու հայեցողությամբ, այլեւ, երբ անհրաժեշտ է, կիրառում են իշխանություններին որոշակի քայլեր արգելելու կամ պարտադրելու ուղիղ լծակներ։

Լծակները հանրաքվեի, պլեբեսցիտի, հանրագրի եւ այլ իրավական մեխանիզմներն են, որոնցով ուղիղ եւ անմիջականորեն իրացվում է ժողովրդի իշխանությունը։ Հանրաքվեներ, պլեբիսցիտներ կազմակերպում է պետությունը՝ ի դեմս իշխանության։ Հանրագրեր նախաձեռնում եւ գործադրում է հասարակությունը՝ ոչ պետական դերակատարների եւ հասարակության ներգրավմամբ։

Ի՞նչ են արել Եվրոպայում

Եվրոպական Միությունում, օրինակ, այս տարի մի հանրագիր են բերել ասպարեզ, որով ԵՄ-ից պահանջվում է խզել գործընկերության համաձայնագիրն Իսրայելի հետ։ Հանրագիրը քաղաքացիների նախաձեռնությունն է, որին Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է անդրադառնալ, երբ ԵՄ անդամ յոթ երկրներից մեկ միլիոն ստորագրություն հավաքվի այդ հանրագրի ներքո։ Ընդամենը մեկ ամսում՝ 13.01.2026-16.02.2026, ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից արդեն շուրջ կես միլիոն՝ 457, 950 ստորագրություն էր հավաքվել։ Դա՝ այն դեպքում, երբ ԵՄ հանրագրերին ստորագրությամբ միանալու ժամկետը մեկ տարի է։ Մարդկանց գործնականությունն ու համերաշխությունն ակնհայտ են։ Ինչո՞վ են հանրագրի հեղինակները հիմնավորել Իսրայելի հետ ԵՄ գործընկերության համաձայնագրի գործողությունը կասեցնելու պահանջը։ Հիմնավորել են Իսրայելի կողմից համաձայնագրի 2-րդ հոդվածի ոտնահարումով։ Հանրագրում մասնավորապես ասված է․ «Եվրոպական Միության քաղաքացիները չեն կարող հանդուրժել ԵՄ մասնակցությամբ համաձայնագրի գոյություն, որը նպաստում է մարդկության դեմ հանցագործություններ եւ պատերազմական հանցագործություններ կատարող պետության լեգիտիմությանն ու ֆինանսավորմանը»։ Ահա այդպես։

Այժմ՝ եվրոպացիների օրինակը եւ հանրագրային նախաձեռնությունն ինչո՞վ են ուշագրավ Հայաստանում, որտեղ 2-3 ամիս հետո խորհրդարանական ընտրություններ են։ Այդ համատեքստում ընդդիմադիր գործիչներն ու ուժերն օրնիբուն թվարկում են, թե իշխանությունն ինչն է սխալ արել, ինչի չանելն է սխալ եղել՝ ամփոփելով, որ իրենք գալիս են՝ սխալներից խուսափելու կամ դրանք ուղղելու։ Հասարակության այն հատվածը, որը մասնակցելու է ընտրություններին, հնարավորություն կունենա իր քվեով անուղղակի ներկա իշխանության սխալների ուղղում կատարելու կամ չկատարելու։ Սակայն Փաշինյանի՝ 2018-ին իշխանությունը զավթելուց ի վեր ոչ մի անգամ ՀՀ ընտրողների կեսը գոնե չի մասնակցել ընտրությունների, հազիվ՝ 45-47 %-ը։ Առաջիկա ընտրություններին հնարավոր է ավելի ցածր մասնակցություն լինի։ Մինչդեռ կան արգելքներ, որ հասարակությունը հնարավորինս ամբողջական մասնակցությամբ պետք է դնի իր իշխանության առջեւ, այդ թվում՝ այն անձանց ներգրավմամբ, ովքեր հնարավոր է չմասնակցեն ընտրություններին։

Ինչո՞ւ, ինչպե՞ս եւ ի՞նչն արգելենք

Հազիվ թե որեւէ մեկը Հայաստանում, հատկապես ընտրությունը բոյկոտողների ճամբարից կարող է հանդուրժել, որ Հայաստանին ցորեն մատակարարվի Բաքվից։ Նման հեռանկարը կամ սպառնալիքը որքանո՞վ է իրական՝ տեսնել «Հրապարակ․ Պապոյանի ստախոսությունը, ՀՀ դատախազությունը, Բաքվի ցորենի տերմինալը» հոդվածում։ Այո, կարող է Հայաստան եկող ցորենի գնացքը միջանկյալ Ադրբեջանի տարածքով անցնել, բայց ֆիզիկապես Բաքվում գտնվող ցորենի պահեստարանից չի կարող ցորեն կամ ալյուր մատակարարվել Հայաստան։

Թեկուզ նրա համար, որ վաղը Փաշինյանը չկանգնի ու անմեղսունակության տարերքի մեջ հայտարարի, թե Հայաստան ցորեն ներմուծվում է Ադրբեջանից, եւ Ադրբեջանի հետ հակադրվելիս պետք է հետեւանքների մասին մտածել։ Իր վերջաբանից ահաբեկված եւ որպես փրկություն վարչապետի աթոռից կառչած Փաշինյանը չի էլ թաքցնում, որ աշխատում է Հայաստանը հնարավոր ամեն ասպարեզում կախման մեջ դնել Ադրբեջանից։ Եթե մտավոր մակարդակը հասներ 20-րդ դարի պատմություն իմանալուն, գուցե նույնիսկ ասեր, թե ինքն էլ հայ-ադրբեջանական «Ածխի եւ պողպատի համայնք» է ստեղծում, ինչպես Երկրորդ համաշխարհայինից հետո Ֆրանսիան եւ Գերմանիան արեցին՝ ծնունդ տալով եվրոպական համայնքներին, որ հետագայում վերանվանվեց Եվրոպական Միություն։

Սակայն Հայաստանը եւ Ադրբեջանը ոչնչով Ֆրանսիա եւ Գերմանիա չեն։ Հայաստանի որեւէ կախումն Ադրբեջանից անընդունելի է, ցորենի նման ռազմավարական նշանակության սննդամթերքի դեպքում՝ հատկապես։ Բաքվի պահեստարաններից Հայաստանին ցորեն մատակարարելը պետք է արգելվի՝ հիմա եւ ամբողջ ժողովրդի կողմից, որպեսզի, եթե Փաշինյանն ընտրություններից հետո ԱԺ-ում ինչ-որ ազդեցություն էլ ունենա, միեւնույն է, Հայաստանը Բաքվի ցորենից կախման մեջ դնել երբեք չկարողանա։ Ղազախական ցորենի սագային ի տես, որպես ապահովագրություն, նաեւ իմաստ ունի արգելել միջազգային լաբորատոր փորձաքննություն չանցած ցորենի ներմուծումը Հայաստան։

Սա հնարավոր է անել հանրագրով, 2-3 օրում, ողջ ժողովրդի տեղեկացվածության պայմաններում։ Լրատվամիջոցները, անշուշտ, անելիք ունեն, սակայն նախ հարկավոր է մարզային ներկայացվածությամբ կառույց։ Այդպիսիք գործնականում կուսակցություններն են։ Նրանցից մեկին էլ թերեւս ճիշտ է դիմել։ Մյուս կողմից` կուսակցությունների հետ, թե առանց նրանց, համապատասխան հարթակում տեղադրելով, որ քաղաքացիները միանան հանրագրին, որեւէ խոչընդոտ չկա։ Հանրագրային ակցիա իրականացնելն իմաստ ունի ամեն դեպքում եւ ոչ ուշ, քան ապրիլի առաջին տասնօրյակին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ ընտրությունների նախնական արդյունքները՝ 21:00-ի դրությամբ

ՔՊ ընտրությունների նախնական արդյունքները՝ 21:00-ի դրությամբ Sat, 28 Mar 2026 21:43:34 +0400 Նախորդ օրվանից սկսած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով