«Հրապարակ»․ Խաբողներ միշտ են եղել եւ էլի են լինելու, մենք չպետք է խաբվենք
Sat, 28 Mar 2026 10:45:24 +0400

«Հրապարակի» զրուցակիցը ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանն է:
– Տեւական ժամանակ է՝ իշխանություններն ու ընդդիմությունը նախընտրական քարոզարշավ են սկսել, տարբեր խոստումներ են տալիս, հայտարարություններ անում, Փաշինյանը սպառնում է պատերազմով, քաղաքացիների հետ վիճում է, մատ թափ տալիս նրանց վրա…. 2018-ին սեր ու համերաշխություն խոստացող Փաշինյանն այժմ բացառապես սպառնալիք ու ատելություն է տարածում:
– Քաղաքական ֆալստարտ է սա՝ ՔՊ-ի ու ընդդիմության կողմից: Քաղաքական ուժերն այս պահին չունեն ոչինչ անելու, այսինքն` ժամանակ են անցկացնում, մինչեւ տեսնեն, թե ինչի են հասնելու: Ժամանակ են անցկացնում, որպեսզի տեսնեն, թե միջազգային իրադրությունը որ կողմի վրա է շուռ գալու: Հետաքրքիրն այն է, որ մեծ ոգեւորությամբ բոլորը ներգրավվեցին նախընտրական պրոցեսների մեջ, պարզ է, թե ինչու, որովհետեւ քարոզարշավը ենթադրում է խոսել, խոսել, խոսել ու խոսելուց բացի ուրիշ ոչ մի բան չանել: Խոսելը միշտ է եղել ամենահեշտ բանը: Բայց թե ինչ են խոսում, դա էական չէ…. Ты дурак – Сам дурак վիճակն է: Անկեղծ ասած` ես չեմ կարողանում նախընտրական այս պրոցեսներին լուրջ վերաբերվել եւ այդ մասին լուրջ խոսել: Ես առաջ ընկնեմ նրանցից եւ ասեմ, որ պետք է անելիքներին անցնել: Քարոզարշավի մեջ մի դրական բան եմ տեսնում` ինչ-որ նոր խմբեր են ստեղծվում եւ փորձեր են անում ինքնուրույն հանդես գալու: Ինքնուրույն հանդես գալը դարձել է նորաձեւ, իսկ դա լավ է:
– Օրինակ` ո՞ր ուժերն են փորձում ինքնուրույն երեւալ:
– Տարբեր կուսակցություններ են ստեղծվում, ու որքան էլ աներեւույթ կապերով նրանք կապված են միմյանց հետ, սնվում են միեւնույն ֆինանսական աղբյուրներից, ունեն նույն կախվածությունները, այնուամենայնիվ, հավանականություն կա, որ այդ ամենի արդյունքում կարող է մի նոր բան ի հայտ գալ: Ես ապագա ընտրողին մի խորհուրդ կարող եմ տալ․ երբ լսում եք որեւէ ուժի ներկայացուցչի, որը վստահ է խոսում ինչ-որ մի բանի մասին եւ պնդում է, որ հենց այդպես է լինելու մի քանի ամիս անց, ապա շատ հստակ ասում եմ` նման ուժի հավատալ պետք չէ, որովհետեւ այսօր աշխարհում ամեն բան փոխվում է շատ արագ:
– Օրինակ` Փաշինյանը վստահ է, որ եթե ինքը բացարձակ մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին պատերազմ կսկսվի:
– Փաշինյանն արդեն իսկ ընկավ իմ նշած բանաձեւի տակ, նրան պետք չէ հավատալ, պատերազմի հավանականությունն արդեն քանի տարի է՝ մեզանում զրո չէ, եւ զրո չի էլ դառնա, մինչեւ աշխարհաքաղաքական վիճակը չգնա դեպի կայունացում, իսկ եթե ավելի սկզբունքային ձեւակերպում անենք, ապա աշխարհի վերաձեւման, վերաբաժանման այս փուլը մեզ հետ երկրորդ անգամ է առճակատվում: 90-ականներից սկսած, այդ իրավիճակն է: Մինչեւ աշխարհի մակարդակով իրավիճակ չփոխվի, պատերազմի վտանգը չի չեզոքանա: Այնուամենայնիվ, թե որքան է դրա հավանականությունն այս պարագայում, բարդ է ասելը: Այն մի շարք այլ հանգամանքներից էլ է կախված: Մեր միակ անելիքը հիմա ազգային ռեսուրսների կենտրոնացումը պետք է լիներ, պետք է ազգային նպատակների ուղղությամբ փորձեինք շարժվել, ուղղություն եմ ասում, որովհետեւ մենք ազգային շահերից արդեն շատ ենք հեռացել:
– Նշում եք, որ ոչ մի գործնական քայլ չի արվում, բայց Փաշինյանը, որպես ընտրակաշառք, թոշակներն է բարձրացնում, առողջապահական որոշ ծառայություններ դարձնում է անվճար: Գուցե որոշ շրջանակներ տրվե՞ն այդ գայթակղությանը եւ 8 տարի վնասից բացի ոչ մի լավ բան չարած ՔՊ-ին քվե տան:
– Մարդկային գայթակղությունն ու չափավորությունը եւ, առհասարակ, մարդկային ցանկացած դրսեւորում միշտ էլ կա, իսկ հատկապես մեր իրականության մեջ դրանք բազմազան են, պարզապես վատն այն է, որ ընտրությունները բնական հունով չեն ընթանում, դրանք հիմնականում ինչ-որ կեղծ արժեքների վրա են լինում հիմնված: Բոլորն էլ խոսում են, բայց ես նոր բան նրանց խոսքում չեմ տեսնում: Թե ով ում կխաբի ու ինչպես կխաբվի, երեսուն արծաթով ով ինչ կանի, այդ առումով ես կարող եմ մի խորհուրդ տալ մարդկանց` խաբողներ միշտ են եղել եւ էլի լինելու են: Համախմբվելու բարձրագույն աստիճանը պետություն ունենալն է, եթե մենք չունենք այնպիսի պետություն, որը կարողանում է խաբողների ձեռքը բռնել կամ առնվազն զսպել նրանց ախորժակը, որպեսզի այնպես լինի, որ մեզ էլ չխաբեն, ապա անիմաստ է մեծ հույսեր կապելը: Մենք պետք է կարողանանք այնպես ապրել, որ մեզ չկարողանան խաբել: Թող իրենք հա խաբեն, բայց մենք, որպես հասարակություն, չպետք է խաբվենք: Դիփ խաբում ու խաբում են՝ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր