«Հրապարակ»․ Սյունիքում 43 դպրոց ջեռուցվում է փայտով

«Հրապարակ»․ Սյունիքում 43 դպրոց ջեռուցվում է փայտով

Sat, 28 Mar 2026 13:45:09 +0400


«ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի» շրջանակներում ավելի շատ դպրոցներ կփակվեն Սյունիքի, Շիրակի եւ Լոռվա մարզերում: Գրավոր հարցում էինք ուղարկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․ 2026-ին ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է լուծարել 231 հանրակրթական դպրոց Հայաստանի ողջ տարածքում։ Սյունիքի մարզի որ համայնքներում քանի դպրոց կփակվի: Օպտիմալացվող դպրոցների արդյունքում քանի՞ ուսուցիչ գործազուրկ կդառնա:

Պատասխանն այսպիսին է. «Սյունիքի մարզում 2026թ. ներկա դրությամբ փակված, օպտիմալացված դպրոցներ չկան: Հարցերի վերաբերյալ պարզաբանումների համար դիմել տվյալ ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող վերադաս մարմնին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն»:

Հարցրել էինք նաեւ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում քանի՞ դպրոցի, մանկապարտեզի շենք է կառուցվել, հիմնանորոգվել, քանիսի՞ շինարարության, հիմնանորոգման աշխատանքներն են այժմ ընթացքի մեջ։ «Ներկա դրությամբ ծրագրի շրջանակներում ավարտվել է 10 դպրոցի կառուցում, հիմնանորոգում, 35-ի աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրում ընդգրկված 7 դպրոցի շինաշխատանքները դեռ չեն մեկնարկել: Ավարտվել է 17 մանկապարտեզի կառուցում/հիմնանորոգում, 18-ի աշխատանքներն ընթանում են, մեկինը դեռ չի սկսվել»:

Սյունիքի մարզում կան հանրակրթական դպրոցներ, որոնք ձմռան ամիսներին վառելափայտով կամ էլեկտրական հոսանքով են տաքացվում, քանի՞սն են դրանք։ «Սյունիքի մարզում փայտով ջեռուցվում է 43 դպրոց, հոսանքով՝ 18, փայտով եւ հոսանքով՝ 5»:

Չորս տարի Սյունիքի մարզը ղեկավարած Ռոբերտ Ղուկասյանը գիտակցաբար չի բարձրաձայնում տասնյակից ավելի դպրոցների փակվելու եւ հարյուրավոր ուսուցիչների գործազուրկ մնալու փաստի մասին: Չի բարձրաձայնում, քանի որ առջեւում ընտրություններ են: Ըստ մարզի բնակիչների՝ մարզպետը բոլ-բոլ աշխատավարձ ու պարգեւավճար է ստանում` «կյանքը` ուրախ, ապրուստը` ձրի», ինչո՞ւ պետք է Սյունիքի սահմանամերձ համայնքների հիմնախնդիրներով մտահոգվի: Ի դեպ, նա 4 տարվա ընթացքում երբեւէ սեփական կարծիքը չի հայտնել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեծ գործազրկություն և բազում թափուր հաստիքներ

Մեծ գործազրկություն և բազում թափուր հաստիքներ Thu, 26 Mar 2026 19:18:34 +0400 Տավուշի մարզպետի աշխատակազմից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով