Ինչու՞ է նիկոլականությունը հակասության մեջ քրիստոնեության հետ․ տեսակետ
Sat, 28 Mar 2026 18:56:38 +0400

Ֆեյսբուքյան օգտատեր, Գյումրու Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Վարդան Ղուկասյանն իր սոցկայքի էջում գրում է․
«Ինչու՞ է նիկոլականությունը հակասության մեջ քրիստոնեության հետ. քաղաքական փիլիսոփայության ասելիքը
Քրիստոնեական դոկտրինը թերևս անհնար է պատկերացնել առանց մի բաղադրիչի. քո նպատակները, ձգտումներն ու բարոյականը պետք է բևեռացված լինեն քո էությունից դուրս և վեր՝ այն է՝ Աստված և հավիտենական կյանք։ Առանց թաթախվելու բարոյագիտական մետաֆիզիկայի մեջ, եկեք հայացք նետենք այս դոկտրինի գաղափարական կողմին։
Քրիստոս մեզ հրավիրում է օտարանալ աշխարհից՝ ապրելով աշխարհի մեջ։ Անկասկած, դժվար ու շարունակական մի ճանապարհ է սա, և ենթադրաբար այդ դժվարությունն է, որ շատերին, այդ թվում՝ Մարքսին, ստիպում է մերժել «օտարացումը», պնդելով, որ «այստեղ և հիմա» գտնվելն ու զգալը լավագույն տարբերակն է այս կյանքն ապրելու, իսկ տնտեսական իմաստով՝ բարեկեցիկ կյանքի համար։ Լիբերալ դեմեկրատիան, այնուամենայնիվ, չի պարտադրում անձին այն անաստվածությունը, որն առկա է պատմական մարքսիստների ու կոմունիստների մոտ։
Կրկին, զերծ մնալով և՛ քրիստոնեական «օտարացման», և՛ մարքսիստական «զուտ տնտեսական» դոկտրինների պրագմատիկ արժեքները համեմատելուց, մի շատ պարզ եզրահանգման գոնե կարելի է հասնել և այն կապել Հայաստանում ծավալվող արդի քաղաքական բանավեճի հետ՝ հիմնվելով այն պնդման վրա, որ կրոնական ու բարոյական փիլիսոփայությունը սահմանում է որևէ քաղաքական գծի որդեգրում։ Վերլուծելով քաղաքական թևերի խոսույթն ու որդեգրած մոտեցումը հայկական ինքնությանը, ցեղասպանության ճանաչման պահանջին, Արցախի և Արևմտյան Հայաստանի հանդեպ մեր իրավունքներին՝ կարելի է նկատել, որ իշխանությունները «այստեղ և հիմա»- ի մարքսիստական դրոշն են թափահարում, իսկ ազգային ընդդիմությունը քիչ թե շատ կողմ է նպատակները, ձգտումներն ու բարոյականը էությունից դուրս և վեր ազգային ինքնության բևեռում կենտրոնացնելուն։
Երկու հայեցակարգերն էլ առաջին հայացքից հնարավոր են թվում, ճիշտ այնպես, ինչպես աշխարհում կողք-կողքի ապրում են և՛ աշխարհականներ, և՛ հոգեպես օտարացածներ։ Հենց այս երկընտրանքի առաջ է այսօր կանգնած ողջ հայ ժողովուրդը՝ մեր ձգտումները բևեռել դեպի Մասիսի անապական գագաթը, աղոթել Շուշիում ու Մուշում երբևէ ապրելու համար, թե՞ բավարարվել մեզ բաժին հասած անարդար ճակատագրով ու կիսատության զգացումով, որ Մարքսի կարծիքով միակ ճիշտ տարբերակը կլիներ։
Ինչ էլ ասենք, երկու բան հաստատ է. առաջինը՝ մեր այսօրվա իշխանությունները քաղաքական փիլիսոփայութամբ մարքսիստական գծի կրող են, և հետևաբար կա՛մ կեղծում են իրենց քրիստոնյա լինելը, կա՛մ քրիստոնեությունը ընկալում են ինչ-որ բողոքական աղանդի դիրքերից։ «Ազգային օտարացում»-ը այդքան ագրեսիվ կերպով մերժելու իրենց ջանքերը նրանց թույլ չի տալիս համարվել նաև լիբերալ դեմոկրատներ, ինչպիսին փորձում են անընդհատ ներկայանալ։
Երկրորդ՝ հավետ Մասիսի գագաթին կարոտյալ ապրելով, հայ ազգը ամենաքիչը հավասար չափով կարող է բարեկեցիկ ապրել, ինչ նիկոլական որևէ հասարակություն, և ավելին՝ ի զորու լինել ստեղծել այնպիսի քաղաքական ու տնտեսական հրաշքներ, որպիսին կատարում էին աշխարհից օտարացած սրբերը այլ ոլորտներում, բայց ոչ երբեք տնտեսապես բարեկեցիկ կյանքը աստվածացնող մարքսիստները»
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր