«Ոչ մի բան մի արեք, թող մնա տեղում»
Sun, 29 Mar 2026 20:15:20 +0400

Հիշում եք, չէ՞, որ հունվարի առաջին օրերի «ուղտաերթի» ընթացքում ոմանց սրտի վարչապետն ինչ ոգևորությամբ էր Սուրբ Աննա եկեղեցին փորձում օկուպացնել: Դե, նպատակը պարզ էր. դա Բագրատ Սրբազանի ղեկավարած «Սրբազան» շարժման հենակետ անկոչ հյուր գնալու պես մի բան էր:
Ինչն իրեն այդ ժամանակ հաջողվեց: Ավելի քան երկու ամիս անց որոշել էր բախտը կրկին փորձել, բայց ոտքը դեմ առավ քարին: Ասա, ով էր քեզ բրթում, որ Վեհափառի և ընդհանրապես մեր ազգային եկեղեցու դեմ նախաձեռնածդ պատերազմի պարտությունից հետո կրկին փորձես վայելել «պապի՝ գաթա ուտելու» հաճույքը:
Բայց ինչպես երևում է՝ երբեմնի «փրկիչ» ու «դուխով» անձն ամբողջովին կորցրել է իրականության զգացումը: Ինչը հետևանք է հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիներին ընտրատեղամասերում պարտվելու՝ վերջինիս անսահման վախից:
«Ոչ մի բան մի արեք, թող մնա տեղում»՝ այսօր եկեղում ասում էր այդ անձը, երբ մի երիտասարդ փորձում էր սատանայի հետ գործարքի մեջ մտած անձին դուրս վռնդել այդտեղից: Եթե ոչ այդպիսի, ապա՝ ինչպիսի բնութագրի է արժանի մեկը, ով ազգային եկեղեցու դեմ պատերազմ է նախաձեռնում: Ու ինձ թվաց, թե նա ինչ-որ չափով խելոքացել է, չի ցանկանում խնդիր ունենալ ԱԺ ընտրության շեմին: Բայց չէ, ինչպե՞ս կարող էր մնալ տեղում նրա «խաթրին կպնողը»: Նրա դուրս գալուց հետո պետք է, բնականաբար, բերման ենթարկվեր: Ու չնայած տեսանյութում լսվում են բողոքող կանանց ձայներ, երևում են մի քանի երիտասարդի՝ այդ թվում հոգևորական, երիտասարդին ոստիկանների ձեռքից ազատելու թույլ փորձեր, բայց լուրջ քայլեր դեռևս չարվեցին: Ի տարբերություն, ասենք, Ուկրաինայի քաղաքներում տեղի ունեցողի:
Բայց այնտեղ էլ «զեմոբիլիզացիա» անվանված գործընթացի սկզբում մարդիկ վախեցած էին: Չիմացողների համար ասեմ, որ այդ եզրույթը գոյացել է Ուկրաինայի նախագահի ազգանվան (Զելենսկի) առաջին երկու տառի և «մոբիլիզացիա» բառի միացումից: Գործընթացն ուներ այսպիսի տեսք. զինկոմիսարիատների աշխատակիցները տղամարդ էին առևանգում փողոցներից և հասարակական շինություններից: Բայց հետո անցան բազմաբնակարան շենքեր ու մասնավոր առանձնատներ այցելելուն:
Ինչևէ, աստիճանաբար վախն անցավ, և սկզբում կանայք սկսեցին փողոցներում կռիվ տալ համազգեստավորների դեմ՝ փորձելով պաշտպանել առևանգվող տղամարդկանց: Այնուհետև դրան միացան նաև տղամարդիկ, ընդ որում, խոսքը ոչ թե առևանգվողի հարազատների, այլ օտար մարդկանց մասին է: Եվ վերջում՝ արդեն մեր օրերում, առևանգվողները սկսեցին պաշտպանվել՝ սկզբում բռունքներով, այնուհետև սառը զենքով և վերջում ոչ միայն սառը զենքով:
Հայաստանում, իհարկե, պատերազմ չկա, և բողոքավորներին առևանգում են ոչ թե զինկոմիսարիատների աշխատակիցները, այլ քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ ու ոստիկանները: Ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում: Եվ մարդիկ դեռևս վախենում են պաշտպանել առևանգվող անձանց: Բայց կարծում եմ, որ որքան մոտենա քվեարկության օրը, այնքան շատ կլինեն բողոքավորները: Ու այդ հանգամանքով պայմանավորված՝ կսկսի անցնել մարդկանց վախը: Վարչապետի աթոռից կառչած անձն էլ ստիպված կլինի թիկնապահներին ասել, որ «Ոչ մի բան մի արեք, թող մնան տեղում»: Ու նրանք էլ ստիպված կենթարկվեն այդ հրահանգին: Ինչը կնշանակի, որ 69 օր անց վերընտրվելու իր հավանականությունը կմոտենա զրոյին: Իսկ եթե երբեմնի «սիրելի» ժողովուրդն այդ ընթացքում մնա վախեցած, ապա վախենամ, որ վերջինիս վերընտրվելու հավանականությունը շատ ավելի բարձր լինի զրոյից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր