Սիրիայում կրկին ջարդեր են․ քրիստոնյանների վիճակը սարսափելի է
Tue, 31 Mar 2026 06:00:00 +0400
Սիրիայի Մելքիթյան հունական կաթոլիկ եկեղեցին չեղարկել է Զատկի տոնակատարությունները, հայտնում է «Syria Justice Archive»-ը՝ վկայակոչելով պատրիարքարանի հայտարարությունը։ Որոշումն ընդունվել է Համա նահանգի Սկալբիա քաղաքում քրիստոնյաների ջարդերից հետո։
«Հաշվի առնելով ներկա անբարենպաստ հանգամանքները, այլ եկեղեցիների հետ համակարգմամբ և համաձայնությամբ մենք որոշեցինք, որ այս տարվա Զատկի տոնակատարությունը կսահմանափակվի միայն եկեղեցիների ներսում աղոթքներով», – ասվում է հայտարարության մեջ:
Ըստ իրազեկ աղբյուրների, մարտի 28-ի գիշերը իսլամիստների հանցավոր խմբավորումները հարձակվել են Սկալբիա քաղաքի վրա, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են բնակվում։
Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքների տվյալներով՝ հարձակման առիթը Սկալբիայի քրիստոնյա բնակչուհու նկատմամբ մի քանի մահմեդականների ոտնձգություններն են, ընդ որում` հանցագործները հակահարված են ստացել տեղի տղամարդկանցից և ստիպված նահանջել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել են ավելի մեծ խմբով և ջարդեր կազմակերպել քաղաքում։ Նրանք ավերել են քրիստոնյաներին պատկանող խանութները և տները, իսկ այսպես կոչված «անվտանգության ուժերը» չեն միջամտել իրավիճակին՝ աչք փակելով թալանի ու անկարգությունների վրա։
Իրազեկ աղբյուրները նշում են, որ իսլամիստների վայրագություններն ամբողջ երկրով մեկ առաջացրել են քրիստոնյաների վրդովմունքը։ Նույն գիշեր Սիրիայի քաղաքներով ցույցերի ու երթերի ալիք է բարձրացել՝ քրիստոնյա բնակչությանը հալածանքներից պաշտպանելու պահանջով։