ԱՄՆ-ն սպառնում է՝ կվերանայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ
Tue, 31 Mar 2026 12:30:46 +0400

Միացյալ Նահանգների համար ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագիծը Իրանի դեմ պատերազմին աջակցելու հարցում «շատ հիասթափեցնող է», և Վաշինգտոնը կվերանայի դաշինքի հետ իր հարաբերությունները ռազմական գործողության ավարտից հետո, ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ալիքի թղթակիցը հարցրել է Ռուբիոյին, թե արդյոք նա կարծում է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի երկրները դավաճանել են Միացյալ Նահանգներին «այս վճռորոշ պահին»։
«Կարծում եմ՝ դա շատ հիասթափեցնող էր։ Եվ, կրկին, նախագահը և մեր երկիրը ստիպված կլինեն վերանայել այս ամենը գործողության ավարտից հետո։ ՆԱՏՕ-ի կողմից Միացյալ Նահանգներին օգուտ բերող պատճառներից մեկը տարբեր սցենարների համար բազաների հասանելիությունն է», – պատասխանել է Ռուբիոն։
Պետքարտուղար խոսքով, «անհրաժեշտության պահին», երբ Միացյալ Նահանգները որոշել է, որ ազգային անվտանգությանը և իր շահերին լուրջ սպառնալիք կա, Վաշինգտոնը բախվել է ՆԱՏՕ-ի անդամների, մասնավորապես Իսպանիայի հետ, որոնք հրաժարվել են թույլ տալ օգտագործել իրենց բազաները։ «Եվ կան այլ երկրներ, որոնք նույնն են արել», – հավելել է Ռուբիոն։ Եվ այդ ժամանակ, նրա խոսքով, հարց է առաջանում. «Ի՞նչ շահ ունի Միացյալ Նահանգները այստեղ»։
«Ես միշտ աջակցել եմ ՆԱՏՕ-ին, և այդ աջակցության պատճառներից մեկն այն է, որ բազաներին մուտք գործելը մեզ լծակներ և ճկունություն է տալիս ամբողջ աշխարհում ռազմական գործողություններում: Բայց եթե ՆԱՏՕ-ն միայն մեզ համար է, որ պաշտպանենք Եվրոպան հարձակման դեպքում, մինչդեռ մեզ մերժում են բազաներին մուտք գործելը, երբ դրանք մեզ անհրաժեշտ են, դա այնքան էլ լավ համաձայնագիր չէ: Այս ձևաչափում դժվար է մնալ ներգրավված և ասել, որ դա օգուտ է բերում Միացյալ Նահանգներին: Այսպիսով, այս ամենը պետք է վերանայվի», – ասել է նա։
Մարտի սկզբին Իսպանիան հրաժարվեց թույլ տալ Միացյալ Նահանգներին օգտագործել իր բազաները Իրանին հարվածելու համար։
Իսպանիան, ինչպես հաղորդել է El Pais-ը, նաև փակել է իր օդային տարածքը Իրանին ԱՄՆ-Իսրայելի հարվածներին մասնակցող ինքնաթիռների համար՝ թույլ տալով վայրէջքներ և թռիչքներ միայն արտակարգ իրավիճակներում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր