Սրանց ժամանակն այլեւս սպառված պետք է համարել
Tue, 31 Mar 2026 19:15:42 +0400

«Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո՛ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք»
Ավետիք Իսահակյան
Ժողովուրդների հիշողությունը նրանց ժառանգության կարեւոր բաղադրիչն է։ Պատմական, մշակութային կամ աշխարհագրական հիշողությունների վրա են խարսխվում նրանց աշխարհընկալումներն ու հասարակական եւ ընկերային տարբեր ուղությունները։ Ժողովուրդներն իրենց ապագան ուրվագծում եւ ըստ այնմ առաջ են շարժվում, հիմք ունենալով իրենց անցյալի հիշողություններն ու նախնիներից ժառանգած արժեքները։ Առանց պատմական հավաքական հիշողությունների ժողովուրդ չկա։ Եթե երբեւէ այդպիսիք պատահեն, դրանք կարող են լինել ժամանակավրեպ եւ բռնազբոսիկ գաղափարախոսությունների կամ այլ նպատակներ հետապնդող բռնակալների վարած քաղաքականության արդյունքում։ Այդպիսի քաղաքականության լավագույն օրինակներից մեկը Սովետական Միությունն էր, որ ամբողջ 70 տարի փորձեց բռնությամբ մաքրել կամ մոռացության տալ կայսրությանը բռնակցված ժողովուրդների ազգային կրոնական եւ պատմական հիշողությունները։ Իրենց ասելով՝ նրանք փորձում էին կերտել սովետական քաղաքացու կերպար։
Ֆրանսիայի նախագահ Դը Գոլը, Սովետական Միություն այցի ժամանակ արտասանած իր ճառում երբ ասաց՝ «ողջույն սովետական ժողովուրդներին», անմիջապես հանդիպեց օրվա ղեկավարության բողոքին, որ իբր Սովետական Միության մեջ չկան ժողովուրդներ, այլ կան միայն սովետական քաղաքացիներ․․․ Հայաստանում կազմվել էր տխրահռչակ «պրոլետարական ճարտարապետներ»-ի մի խմբակ, որոնք խոչնդոտում եւ լուրջ բարդություններ էին առաջացնում Ալեքսանդր Թամանյանի շնորհիվ ազգային մոտիվներով ու շնչով նախագծվող եւ իրականացվող հայկական ճարտարապետության գործում։ Ըստ նրանց, պետք էր քանդել եւ հիշողություններից ջնջել անցյալի ժառանգությունը, որպեսզի հնարավոր լինի ստեղծել «նոր»-ը՝ սովետական ճարտարապետությունը։ Հայ ժողովրդի ջարդարարներին ապաստան տալով, տասնամյակներ շարունակ նրանք փորձեցին արգելել Հայոց Ցեղասպանության մասին հիշողությունն ու պատմական անհերքելի իրողությունը։ Իհարկե չհաջողեցին։ Ի վերջո, ժողովրդի միահամուռ պահանջի դիմաց, 50 տարվա ուշացումով հանդերձ, ստիպված եղան տեղի տալ։
Նույնանման անհաջող փորձեր են անում մերօրյա, այսպես կոչված, իշխանությունները։ Էժանագին ամբոխավարությամբ ու երբեմն էլ ուղղակի զավեշտալի արարքներով փորձում են համոզել ժողովրդին, թե իբր իրենք մտահոգված են Հայաստանի ժողովրդի ներկայի ու ապագայի զարգացման հարցերով միայն՝ երկիրը հեռու պահելով, իրենց կարծիքով, ավելորդ քաշքշուկներից։ Նրանց ցանկությունն է, որ ժողովրդին մոռացնել տան եւ նրա հիշողությունից մաքրեն իրենց իսկ անճարակության պատճառով կրած կորուստները։ Դեռ ավելին․ իրենց կործանման մոտալուտ վտանգից սարսափած, ժողովրդին ահաբեկում են՝ ասելով, որ եթե իրենք չլինեն, պատերազմ կլինի։ Մոռանալով, որ հենց իրենց վարած երկչոտ ու անհեռատես քաղաքականության հետեւանքով էր, որ թշնամին պարարտ հող գտավ՝ մեր դեմ պատերազմ սկսելու, որով եւ մեր հերոսների արյան գնով վաստակածը նվաստացուցիչ կերպով թշնամուն հանձնելով, մեզ դարձրին գլխիկոր ու պարտված մի ժողովուրդ։ Նրանք իրենց վարած քաղաքականությամբ ուզում են ժողովրդին դարձնել անգլուխ եւ անդեմ զանգված, որն օրվա հացը վաստակելուց բացի կյանքում այլ ձգտում կամ տեսլական չունենա։ Ճիշտ այնպես, ինչպես իրենց աջակիցներն են, որոնց թվաքանակը, բարեբախտաբար, օրեցօր նվազում է։
Հետպատերազմյան առաջին ընտրության ժամանակ, ժողովրդի հոգեբանական փշրված պայմաններում ցուցաբերված կրավորական պահվածքի պատճառով, նրանց հաջողվեց վերընտրվել ու շարունակել իրենց անհեռանկար քաղաքականությունը։ Այսօր, սակայն, շատ բան է փոխվել։ Ժողովուրդն այլեւս թոթափել է մոտ անցյալի կործանարար կրավորականությունը եւ ամենայն վճռակամությամբ եւ ներգործոն ներկայությամբ իր վճռական խոսքն ասելու է սրանց։
Սրանց ժամանակն այլեւս սպառված պետք է համարել։
Վահան Դարբինյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր