Պետք է մի կողմ դնենք մեր ամբիցիաները և սատարենք առանցքային ընդդիմադիր ուժին՝ «Ուժեղ Հայաստան»-ին
Tue, 31 Mar 2026 19:50:37 +0400

«Ազգային Միացյալ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները որոշիչ հանգրվան կդառնան ժամանակակից հայոց պետականության համար: Կախված քվեարկության արդյունքներից՝ մեր ազգը կա՛մ երկրորդ շնչառություն կստանա, կա՛մ կընկնի ադրբեջանա-թուրքական տանդեմի աքցանի մեջ, կջախջախվի ու կկործանվի:
Այսօր ակնհայտ է, որ միայն 3-4 կուսակցություն ունի նախընտրական շեմը հաղթահարելու իրական հնարավորություն: Մնացած բոլոր ուժերն իրենց մասնակցությամբ միայն օգնելու են «Քաղաքացիական պայմանագրին» և անձամբ Նիկոլ Փաշինյանին:
Մեր կուսակցությունը մտադիր չէ դառնալ խաբեության մեխանիզմի մաս կամ հանցավոր իշխանության ակամա սպոյլերը (ձայներ փոշիացնողը): Հենց այդ պատճառով մենք հանում ենք մեր թեկնածությունը ընտրություններից՝ հօգուտ առավել հեռանկարային ընդդիմադիր ուժի: Մենք պետք է մի կողմ դնենք մեր ամբիցիաները և, չնայած հնարավոր տարաձայնություններին, սատարենք առանցքային ընդդիմադիր ուժին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:
Այսօր մարտավարական առումով ճիշտը բողոքական ձայները չփոշիացնելն է, այլ միավորվելն այն ընդդիմադիր ուժի շուրջ, որն ի զորու է իրական մրցակցություն հաստատել իշխող կուսակցության հետ: Իսկ դա խոշոր բարերար և ներդրող Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է:
Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում մեր ընտրողներին իրենց ձայնը տալ հայ ժողովրդի իղձերն արտահայտող ամենավառ ընդդիմադիր ուժին: Եթե դուք դեմ եք իշխող կուսակցությանը, ապա կոչ ենք անում քվեարկել «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի օգտին, ով, մենք վստահ ենք, թույլ չի տա Փաշինյանին կործանել Հայաստանը և այն հանձնել Ալիևի ու Էրդողանի հոշոտմանը:
Կոչ ենք անում բոլորին, ում անտարբեր չէ Հայաստանի ճակատագիրը, միավորվել վճռորոշ ճակատամարտից առաջ: Այսօր այդ պայքարը ճշմարտության և ստի, երկրի և այն վաճառողների միջև է: Մենք սատարում ենք Սամվել Կարապետյանին, քանի որ նա ապացուցել է ամենակարևորը. նրան բազմիցս առաջարկել են ազատություն՝ պայքարից հրաժարվելու դիմաց, սակայն նա դա չի արել: Նրա համար Հայաստանի ճակատագիրն ավելի կարևոր է, քան սեփական ազատությունը: Մարդը, ով ազատությամբ է վճարում պայքարելու իրավունքի համար, երբեք չի դավաճանի երկիրը: Մենք սատարում ենք ոչ թե պարզապես մի թեկնածուի, այլ մի մարդու, ով արդեն իսկ ապացուցել է, որ սեփական խղճի հետ գործարքի չի գնում:
«Ազգային Միացյալ Հայաստան» Նախագահ` Գևորգ Ֆրունզեի Բագրատունի
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր