Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

«Պատերազմ եւ խաղաղություն»` Բոնդարչուկից մինչեւ BBC

«Պատերազմ եւ խաղաղություն»` Բոնդարչուկից մինչեւ BBC

Wed, 11 Mar 2026 21:00:59 +0400


Ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպը համաշխարհային գրականության ամենանշանակալի գործերից է։ Դա մեծակտավ պատմափիլիսոփայական գեղարվեստական ստեղծագործություն է, որը մշտապես եղել է կինոգործիչների ուշադրության կենտրոնում եւ շատ է էկրանավորվել: Նրա հերոսների, նրանց ճակատագրերի եւ ժամանակի պատմական իրադարձությունների միջոցով հեղինակը փորձել է ներկայացնել պատերազմի, խաղաղության եւ սիրո փիլիսոփայությունը։ Վեպի առաջին էկրանավորումներից մեկը 1956 թվականինն է։ Խոսքը Քինգ Վիդորի «Պատերազմ եւ խաղաղություն» ամերիկյան կինոնկարի մասին է, որտեղ Օդրի Հեփբյորնը Նատաշա Ռոստովայի դերն է կատարել, Հենրի Ֆոնդը` Պյեր Բեզուխովի։ Դա մեծածավալ հոլիվուդյան նախագիծ է, աչքի է ընկնում ճոխ կոստյումներով եւ դեկորացիաներով։ Սակայն վեպի սյուժեն կինոնկարում զգալիորեն կրճատվել է, եւ հիմնական շեշտը դրվել է սիրային գծի ու հերոսների ճակատագրերի վրա։

Ստեղծագործության ոգուն ամենահարազատն ու ամենամասշտաբայինը, ըստ մասնագետների, խորհրդային ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի նկարահանած «Պատերազմ եւ խաղաղությունն» է։ Այն վիթխարի նախագիծ է, որը նկարահանել է «Մոսֆիլմը»` 1966-67 թթ․՝ 4 սերիայից բաղկացած։ Բոնդարչուկի էկրանավորումն աչքի է ընկնում աննախադեպ ծավալայնությամբ։ Միայն ճակատամարտերի տեսարաններում ներգրավված է եղել խորհրդային բանակի հազար զինվոր։ Կիրառվել են բարդ օպերատորական հնարքներ, շատ տեսարաններ նկարահանվել են իրական պատմական վայրերում։ Բոնդարչուկը՝ ինքը, խաղացել է Պյեր Բեզուխովի դերը։ Նատաշա Ռոստովայի կերպարը մարմնավորել է Լյուդմիլա Սավելեւան, իշխան Անդրեյ Բոլկոնսկու կերպարում հանդես է եկել Վյաչեսլավ Տիխոնովը։ Կինոնկարը ձեռք բերեց համաշխարհային հռչակ, արժանացավ «Օսկարի»՝ 1969 թվականին։ Այն մինչ այժմ համարվում է Տոլստոյի վեպի էտալոնային էկրանավորումը։

21-րդ դարում «Պատերազմ եւ խաղաղություն»-ը նորից գրավում է կինոգործիչների ուշադրությունը։ 2007-ին ստեղծվել է վեպի եվրոպական սերիալային տարբերակը, որտեղ փորձել են ավելի մանրամասն ներկայացնել գրքի սյուժետային կառուցվածքը։ Հատկապես ուշագրավ է վեպի բրիտանական ադապտացված էկրանավորումը՝ BBC-ի կողմից։ Սցենարը գրել է բրիտանացի դրամատուրգ Էնդրյու Դեւիսը, հանդես են եկել Լիլի Ջեյմսը, Պոլ Դանոն, Ջեյմս Նորթոնը։ Բազմասերիանոց ֆորմատը թույլ է տալիս ավելի մանրակրկիտ ներկայացնել կերպարներին ու ցույց տալ վեպի բազմաթիվ սյուժետային գծերը։

Այս ամենով հանդերձ, «Պատերազմ եւ խաղաղություն»-ն ունի էկրանավորման մի շատ կարեւոր դժվարություն՝ վեպի մեծածավալ լինելը, ավելի քան 500 վիպական պերսոնաժներին կինոնկարում արտացոլելը, պատմական ընդարձակ ժամանակաշրջանը՝ նապոլեոնյան պատերազմների շրջանը, ինչպես նաեւ՝ 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմը։ Որեւէ ռեժիսոր, որը պետք է էկրանավորի այն, այս ամենը պետք է հաշվի առնի։ Ի դեպ, Բոնդարչուկի էկրանավորումը սովետական կինոյի ամենաթանկ նախագիծն է եղել, որը, ըստ նախահաշվային սմետայի, արժեցել է 18 միլիոն ռուբլի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եթե խաղաղություն է, ինչո՞ւ եք պաշտպանիչ մեծ պատ սարքել

«Հրապարակ»․ Եթե խաղաղություն է, ինչո՞ւ եք պաշտպանիչ մեծ պատ սարքել Tue, 09 Jun 2026 11:15:30 …