«Հրապարակ». Թաթոյան-Չալաբյան համագործակցությունը գլուխ չի գալիս
Wed, 01 Apr 2026 08:45:13 +0400

Ավետիք Չալաբյանի ղեկավարած «Հայաքվեի» ու Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» կուսակցության միջեւ քաղաքական համագործակցությունը հնարավոր է ավարտին չհասնի, եւ այս ուժերը համատեղ չմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Դեռեւս մեկ ամիս առաջ այս երկու քաղաքական նախաձեռնությունները հայտարարեցին երկարատեւ քաղաքական համագործակցություն հաստատելու մասին, հուշագիր ստորագրեցին։ «Պատրաստակամ ենք՝ մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետեւաբար` միավորում ենք մեր ջանքերը եւ հայտարարում «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատեւ քաղաքական համագործակցություն հաստատելու եւ միասնաբար հանդես գալու մասին»,- հայտարարել էր «Հայաքվե» նախաձեռնությունը։
Ենթադրվում էր, որ մեկ-երկու ամսվա համագործակցությունը շարունակություն կունենա եւ կավարտվի նախընտրական դաշինքով, կամ առնվազն, ինչպես նշել էին, մեկ ճակատով ընտրություններին մասնակցելու հայտարարությամբ հանդես կգան, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ խոր տարաձայնություններ են ծագել այս ընթացքում երկու թիմերի եւ հատկապես նրանց ղեկավարների միջեւ` ինչպես մասնակցության ձեւաչափի, ռազմավարության, այնպես էլ ցուցակի ձեւավորման հարցերում, եւ հնարավոր է առաջիկայում հայտարարություն անեն համագործակցության ավարտի մասին։
Գուցե տարաձայնությունների պատճառը նաեւ այն է, որ, մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից առաջարկ է եղել Արման Թաթոյանին՝ միանալ իրենց թիմին: Մանավանդ, որ Թաթոյանի նախաձեռնության գաղափարական հիմքը համահունչ է Կարապետյանի առաջնորդած ուժի սկզբունքներին։ Սակայն, որքանով մեզ հայտնի է, Արման Թաթոյանն այս առաջարկությանը դեռ չի պատասխանել, եւ հստակություն չկա, թե ինչ կլինի` դեռ բանակցությունների փուլը չի ավարտվել: Բայց կան տեղեկություններ, որ Թաթոյանը չնայած տատանվում է, սակայն հնարավոր է` մի կողմ դնի ամբիցիաները եւ հանուն մեծ նպատակի՝ իշխանափոխության, միանա «Ուժեղ Հայաստանին»։
«Հայաքվե» նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սարգսյանը երեկ մեզ վստահեցրեց, որ երկու թիմերի միջեւ ոչ թե տարաձայնություններ են առաջացել, այլ «նախընտրական դաշինքների կազմավորման սկզբունքների շուրջ քննարկումներ են ընթանում, որոնք դեռեւս շարունակվում են»։ «Դեռեւս նոր բան չունենք ասելու մասնակցության ձեւաչափի մասին, առաջիկա օրերին կհստակեցնենք ու հայտարարություն կտարածենք»,- ասաց նա։ Մեկ ճակատով ընտրություններին մասնակցելու հուշագրի ստորագրումից մեկ ամիս անց ի՞նչ հարցերի շուրջ է, որ չեն կարողանում համաձայնության գալ։ «Հարցեր կան, որոնք ավելի երկար քննարկում են պահանջում, այս պահին դեռ նորություն չունենք»,- չհստակեցրեց մեր զրուցակիցը։
Սամվել Կարապետյանի հետ Արման Թաթոյանի հնարավոր համագործակցության մասին էլ ասաց, որ տեղյակ չէ․ «Մեր նպատակն էր՝ խոշոր դաշինքով գնալ, բայց հարցեր կան, որ երկար քննարկում են պահանջում, ես կարծում եմ՝ առաջիկա օրերին հստակություն կլինի»։ Եթե Թաթոյանի հետ համագործակցությունը ձախողվի, «Հայաքվեի» խորհուրդը կորոշի մասնակցել համապետական ընտրություններին եւ ի՞նչ ֆորմատով։
Առհասարակ, ընդդիմադիր դաշտն արդեն բյուրեղանում է` առաջիկա ընտրությունների մասնակիցների սպեկտորն արդեն գծագրվում է: Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր ստորագրեցին «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ, փաստաբան Հարություն Հարությունյանը եւ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։ Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարեցին, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի եւ նախընտրական ծրագրի շուրջ եւ գործելու են պետականության ամրապնդման, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության, արդյունավետ եւ հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական եւ սոցիալական արդարության ու համերաշխության ապահովման սկզբունքների վրա։ Նշվում է, որ ձեւավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի առաջ քաշած ազգային-պետական եւ արժեքային մոտեցումներին, եւ կողմերը պատրաստակամություն են հայտնում՝ համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։ Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։
Հանրությանն անհայտ այս ուժերից «Նոր դարաշրջան» կուսակցության ղեկավար Հարություն Հարությունյանը մասնագիտությամբ իրավաբան է, Փաստաբանների պալատի անդամ, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ էր: Նա այս կուսակցության նախագահ է ընտրվել բառացիորեն մի քանի օր առաջ: «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանը տնտեսագետ-իրավաբան է: «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինք կազմած այս կուսակցության ղեկավարը Ռուբեն Ավագյանն է: Նաիրի Սարգսյանը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարն է։ Ի դեպ, «Միավորված հայեր» կուսակցությունը դեռեւս 2016-ին ակտիվորեն համագործակցում էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր