Ո՞րն է խնդիրդ՝ աթո՞ռ, թե՞ երկիր պահելը
Wed, 01 Apr 2026 14:45:35 +0400

Մարդկանց մակարդակում մտածում ենք՝ վիրավորվեց, նեղացավ․․․ Պետության մակարդակում տրամաբանությունն ուրիշ է։ Պետությունները չեն նեղանում․ զգացմունք չկա, կա շահ։ Նրանք կարող են քննադատել, դժգոհել, նույնիսկ հակասության մեջ լինել, բայց միևնույն ժամանակ շարունակել համագործակցել, եթե դա իրենց շահերից է բխում։
Երբ Վլադիմիր Պուտինը հանդիպում է Նիկոլ Փաշինյանին, չի առաջնորդվում՝ «սիրում եմ, չեմ սիրում» տրամաբանությամբ։ Նա մտածում է՝ ինչ եմ շահում այս հարաբերությունից, ինչ եմ կորցնում, եթե դադարեցնեմ։ Եթե շահ կա, անգամ վատ հարաբերությունների դեպքում շփումը շարունակվում է։ Պուտինը չի ասի՝ Նիկոլ, նեղացել եմ, քեզ հետ չեմ խոսում, ոչ էլ անհարգալից վերաբերմունք կցուցաբերի։ Նա կհիշի Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, հայտարարությունները և դրանք կօգտագործի որպես բանակցային գործիք։ Կասի՝ դու սա ասացիր կամ արեցիր, հիմա զիջում արա։ Դիվանագիտությունը հենց դրա համար է։ Ու երբ ասում ենք, որ մեր երկիրը հետնահանջ է ապրում՝ մշտական զիջումներով ու հանձնումներով, հենց այդ ցավալի բացի մասին է խոսում։ Դիվանագիտության իմաստը սա է՝ խոսել նույնիսկ այն մարդկանց հետ, ում հետ ունես խնդիր։ Այլ հարց է, թե որն է քո խնդիրը։ Աթո՞ռ, թե պետություն պահելը։ Պուտինը նախընտրական շրջանում Փաշինյանի հանդիպման առաջարկը հենց այդ համատեքստում էլ պիտի որ ընդունած լինի։ Եթե աթոռ ես ուզում պահել, մեծ են լինելու զիջումները, ցավոտ երկրի համար։
Փաշինյանը չի կարողանում ճիշտ դիվանագիտություն բանեցնել ու դրա համար ենք միակողմանի զիջումների գնում։ Նրա քայլերը պարզապես իրավիճակային արձագանք են։ Ի հակադրություն՝ Վլադիմիր Պուտինը գործում է սառը հաշվարկով՝ պահելով ազդեցությունն ու լծակները ցանկացած պայմաններում։ Նա աշխատում է Նիկոլ Փաշինյանի հետ ոչ թե վստահությունից, այլ իր երկրի շահից ելնելով։ Արդյունքում ստացվում է անհավասար դիվանագիտական դաշտ, որտեղ մեկ կողմը առաջնորդվում է պետական շահով, իսկ մյուսը փորձում է հարմարվել ընտրություններից առաջ արտաքին աջակցություն փնտրելով։ Ստացվում է՝ մեկ կողմում՝ փորձառու, բազմաշերտ և սառը հաշվարկով առաջնորդվող մեծ ղեկավար, մյուս կողմում՝ սահմանափակ մանևրային հնարավորություններով և հաճախ հակասական քայլերով առաջնորդվող փոքր երկրի ղեկավար, որի յուրաքանչյուր սխալ կամ թույլ հաշվարկ բազմապատկված հետևանքներ է ունենում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր