«Հրապարակ». 5-ից ոչ մեկի միջնորդությունն ամբողջությամբ չի բավարարվել
Thu, 02 Apr 2026 10:45:50 +0400
Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր, որ ընտրակաշառքի դեպք է բացահայտել, 5 մարդ ձերբակալվել է: Ապա 4-ին բաց թողեցին, 1 անձ կալանավորվեց՝ բավականին տարօրինակ բացատրությամբ։ Ըստ իրավապահների՝ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրողների ձայները գնելու համար կաշառք բաժանել Արմավիրի մարզում եւ այդ նպատակով Մեծամորում բացել են «Մեր ձեւով» հասարակական կազմակերպության գրասենյակ, ապա մարդկանց «ձեւական գրանցել»՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր հունիսի 7-ին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «խոստացված ընտրակաշառքը ձեւակերպվել է որպես աշխատավարձ՝ բացահայտումը նվազագույնի հասցնելու համար»։ Հաղորդագրությանը զուգահեռ հրապարակվել են ձայնագրություններ, որոնցից, սակայն, հստակ չէ՝ ում միջեւ է զրույցը, եւ որն է զրույցի մեջ կրիմինալը, նաեւ՝ թե ինչ հանգամանքներում է այն ձայնագրվել։
«Ուժեղ Հայաստանից» հերքել են իրենց հասցեին մեղադրանքները, պնդել, որ հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է, իսկ կուսակցությունը գործում է Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում: «Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը եւ մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»,- հայտարարել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ հավելելով. «Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսներ տեւող կալանքն է»։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ հիմքով են հարուցել ընտրակաշառքի մեղադրանքը եւ մեկ քաղաքացու տարել կալանքի, իսկ մյուս չորսին ազատ արձակել` ի՞նչ խափանման միջոց է ընտրվել այդ 4 անձի նկատմամբ: Փաստաբանն ասաց. «Ասեմ, որ նրանցից ոչ մեկի միջնորդությունն ամբողջությամբ չի բավարարվել, մեկինը մասնակի բավարարվել է, նա կալանավորվել է 1 ամսով, մեկինը` այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել, իսկ մյուս երկուսինը մերժվել է: Մեղադրանքները վերաբերում են ընտրակաշառքին, մի մասինը կաշառք տալու հետ է կապված, մի մասինը` կաշառք վերցնելու»: