Սպասեք ավելի կործանարար հարվածների․ Թեհրանը՝ Թրամփին
Thu, 02 Apr 2026 12:00:33 +0400
Ի պատասխան Դոնալդ Թրամփի՝ ազգին ուղղված ուղերձի, որում ԱՄՆ նախագահը հայտարարեց հակամարտությունը «գրեթե ավարտված» և սպառնաց Իրանին վերադարձնել քարե դար, իրանական բանակը սպառնաց ավելի լայնածավալ հարվածներ հասցնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Ձեր՝ արդեն կրած հզոր և անհավանական հարվածների շարունակության շրջանակներում, մեզանից սպասեք ավելի հզոր, լայնածավալ և կործանարար գործողություններ», – նրա խոսքերն է մեջբերել «Մեհր» լրատվական գործակալությունը։
Պատերազմը կշարունակվի մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը չհանդիպեն «նվաստացման, ամոթի, երկարատև զղջման և վերջնական կապիտուլյացիայի», նշել է Զոլֆաղարին իր հայտարարության մեջ։
Իրանը նաև հերքել է Թրամփի պնդումները Իրանի զինված ուժերի լուրջ թուլացման մասին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «ոչինչ չգիտի մեր լայնածավալ և ռազմավարական կարողությունների մասին». «Կենտրոնները, որոնք դուք կարծում եք, որ թիրախավորել եք, աննշան են։ Մեր ռազմավարական ռազմական արտադրությունը տեղի է ունենում այնպիսի վայրերում, որոնց մասին դուք լիովին տեղյակ չեք և որոնց երբեք չեք կարողանա հասնել»։