Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակումից. Օվերչուկ
Thu, 02 Apr 2026 12:38:51 +0400
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային ճանապարհն արդեն կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակման գործընթացից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու նոր երկաթգծի (որը Թուրքիայով տանում է դեպի Նախիջևան, ապա՝ Ադրբեջան «Թրամփի ուղիով») կառուցման մասին հայտարարության պատճառներից մեկը հայկական երկաթուղու նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունն է։
Ինչպես նշել է Օվերչուկը, թեմային ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցությունը Անկարայի և Բաքվի համար ինքնուրույն արժեք է։
Նրա խոսքով` այս նախագծի գաղափարը մշակվել է Հայաստանի ապաշրջափակման և Երևանի, Բաքվի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման թեմայի քննարկման մեկնարկից դեռ շատ առաջ։
«Ադրբեջանը Նախիջևանի արևմտյան ծայրում Թուրքիայի հետ շատ կարճ սահման ունի։ Թեև դրա երկարությունը մոտ 17 կմ է, բայց բավարար է երկաթուղու կառուցման և Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ կապ ապահովելու համար։ Դրա համար անհրաժեշտ է այս սահմանից մինչև թուրքական Կարս քաղաք 224 կմ երկարությամբ նոր երկաթուղի կառուցել», – ասել է Օվերչուկը։