Մեր ժամանակի նահապետը

Մեր ժամանակի նահապետը

Thu, 02 Apr 2026 19:15:57 +0400


Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանի նոր աշխատությունը կոչվում է «Ծանրամարտ. օլիմպիադայից օլիմպիադա. Տոկիո-Փարիզ»։ Ծավալուն, հարուստ փաստական նյութով եւ բարձրորակ տպագրությամբ այս աշխատությունը հեղինակի 45-րդ գիրքն է։ Այն նվիրված է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակին եւ հայկական ծանրամարտի 100-ամյակին։ Գրքում ներկայացված են աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի արդյունքները, հայ ծանրորդների մասնակցությունն ու ձեռքբերումները, ռեկորդները։ Բայց, ինչպես հեղինակի նախորդ աշխատություններում, այստեղ էլ խոսքը միայն մարզական վիճակագրության մասին չէ։ Վանդոս Ղարագյոզյանի գրքերը ծանրամարտի պատմության յուրատեսակ տարեգրություն են, շատ մասնագետներ դրանք իրավամբ համարում են հանրագիտարանային արժեք ունեցող աշխատություններ։

Նրա մասին խոսելիս միայն գրքեր հիշելը քիչ է։ Ղարագյոզյանի կյանքն ու գործունեությունը վաղուց դուրս են եկել մեկ բնագավառի սահմաններից։ Ղարագյոզյանները Լոռու հայտնի տոհմերից են` ապուպապերով էրզրումցի, հետո արդեն Ղարաքիլիսայի՝ այսօրվա Վանաձորի բնակիչ։ Այդ տոհմի արժանի զավակներից մեկն էլ Վանդոս Ղարագյոզյանն է, որի կենսագրության գրեթե յուրաքանչյուր էջ կապված է իր ծննդավայր Վանաձորի հետ։ Նրա գործունեությունը բազմաճյուղ է ՝ արտադրական, պետական, հասարակական, մարզական, գիտամանկավարժական։ Երիտասարդ տարիքից ղեկավարել է համամիութենական նշանակության մորթու-մուշտակի ֆաբրիկան․ 15 տարի անընդմեջ կոլեկտիվը համամիութենական մրցույթի փոխանցիկ կարմիր դրոշ է ստացել։ Բայց մարդիկ հիշում են ոչ միայն այդ հաջողությունները, այլեւ՝ ղեկավարին, որը գիտեր իր աշխատողների հոգսերն ու կարիքները, գնահատում էր աշխատանքը, արժեւորում մարդուն։ 1989 թ. պատգամավորները նրան ընտրեցին Վանաձոր քաղաքի ղեկավար։ Ծանր ժամանակաշրջան էր՝ երկրաշարժից հետո վերականգնման կարիք ունեցող քաղաք, տնտեսական եւ քաղաքական մեծ փոփոխություններ։ Այդ տարիներին կառուցվեցին բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, երկաթուղային կայարանում` լրացուցիչ գծեր, նոր թաղամասեր՝ «Տարոն»-ները։

Եվ դրա կողքին շարունակվում էր նաեւ նրա կապը մարզաշխարհի հետ։ Ծանրամարտի հանդեպ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում վերածվեց լուրջ հետազոտական աշխատանքի։ Նա սկսեց հավաքել տարբեր մրցումների տվյալներ, փաստեր, արդյունքներ, եւ ծնվեց առաջին մեծածավալ աշխատությունը՝ «Ծանրամարտ. օլիմպիական խաղեր, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ»։ Երբ գիրքը ներկայացվեց ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում, ֆեդերացիայի նախագահ Գոտֆրիդ Շրյոդերը հոտնկայս ծափահարեց՝ բարձր գնահատելով կատարված աշխատանքի ծավալն ու արժեքը։ Գիրքն ընդունվեց ոչ միայն որպես հաջողված աշխատություն, այլեւ որպես ծանրամարտի պատմության կարեւոր աղբյուր։ Հետագայում լույս տեսան նոր հատորներ։ Այսօր Վ. Ղարագյոզյանը հեղինակ է մենագրությունների, բուհական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք օգտագործում են մարզիչները, ուսանողները, հետազոտողները։

Նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվում մարզական թեմաներով։ Վերջերս հրատարակեց «Ղարագյոզյան տոհմի պատմությունը» մեծածավալ գիրքը, որտեղ հավաքված են սերունդների հիշողությունները, ընտանեկան պատմություններ, քաղաքի կյանքի դրվագներ։ Դա նույնպես յուրատեսակ փաստագրություն է՝ ոչ միայն մեկ ընտանիքի, այլեւ ամբողջ ժամանակաշրջանի մասին։ Վ. Ղարագյոզյանը մինչ օրս դասավանդում է Վանաձորի պետական համալսարանում։

Մարդկանց հիշողության մեջ նրա կերպարը միայն պաշտոններով ու կոչումներով չի չափվում։ Ընկերները նրան անվանել են Վանդոս Հարեհաս, որովհետեւ այն մարդկանցից է, ովքեր միշտ պատրաստ են օգնության հասնելու։ Անվանի գրող Վահագն Մուղնեցյանը դիպուկ է բնութագրել. «Նա միշտ նույն Մեծ Ախպերն է՝ նույն ծանր-ապահով ձեռքն ընկերոջ ուսին»։ Վ. Ղարագյոզյանը շարունակում է աշխատել նույն եռանդով՝ դասավանդել, ուսումնասիրել, գրել գրքեր, որոնք դարձել են մարզական գիտության կարեւոր աղբյուր, իսկ նրա անցած ճանապարհը՝ օրինակ այն բանի, թե ինչ կարող է անել մարդը, երբ աշխատանքը դառնում է կյանքի բնական շարունակությունը։

Երբ նայում ես նրա անցած ուղուն, հասկանում ես, որ այն միայն մեկ անձի կենսագրություն չէ` ամբողջ ժամանակաշրջանի պատմությունն է, որտեղ կա աշխատանք, նվիրում, գիտություն եւ քաղաքին ծառայելու զգացում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ կապ ուներ Պուտինի հայտարարությունը Վազգենի խափանման միջոցի հետ

Ինչ կապ ուներ Պուտինի հայտարարությունը Վազգենի խափանման միջոցի հետ Thu, 02 Apr 2026 21:19:23 +0400…

4 րոպե ago

Ձերբակալել են Շենգավիթի ոստիկանները

Ձերբակալել են Շենգավիթի ոստիկանները Thu, 02 Apr 2026 21:15:08 +0400 Մարտի 17-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի…

8 րոպե ago

Եղանակն՝ առաջիկա օրերին

Եղանակն՝ առաջիկա օրերին Thu, 02 Apr 2026 21:06:34 +0400 Երևան քաղաքում՝ ապրիլի 2-ին կեսօրից հետո,…

16 րոպե ago

Ով է իրականում եղել Դյումայի «Երեք հրացանակիրների» դ՛Արտանյանը

Ով է իրականում եղել Դյումայի «Երեք հրացանակիրների» դ՛Արտանյանը Thu, 02 Apr 2026 21:00:06 +0400 30…

23 րոպե ago

Հերթականն` աբսուրդի ժանրից

Հերթականն` աբսուրդի ժանրից Thu, 02 Apr 2026 20:45:08 +0400 18-ամյա Մինասյան եղբայրների նկատմամբ քեական գործի…

38 րոպե ago

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. Հայտարարվել է «1 ԲԻՍ»

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» Thu, 02 Apr 2026 20:40:36 +0400…

42 րոպե ago