ԱՄՆ-ՆԱՏՕ «ապահարզան». Հայաստանը մտածելու բան ունի

ԱՄՆ-ՆԱՏՕ «ապահարզան». Հայաստանը մտածելու բան ունի

Thu, 02 Apr 2026 20:15:30 +0400


Վերջին օրերին ավելի ու ավելի է խորանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դնում դաշինքի արդյունավետությունն Իրանի դեմ պատերազմում եւ նույնիսկ սպառնում է, որ կլքի Հյուսիսատլանտյան դաշինքը։ Հարցը նրանով է ուշագրավ, որ խոսքը համաշխարհային ռազմական ամենամեծ, ամենաազդեցիկ, ամենազորեղ կոալիցիայի եւ դրա համահիմնադիրի, եթե ոչ՝ կերտողի, գլխավոր դերակատարի միջեւ «քաղաքական ապահարզանի» մասին է։ Բայց սա երկու բեւեռների միջեւ պարզունակ առճակատում չէ․ տարբեր հարցերում, այդ թվում՝ Ուկրաինային օգնության հարցում, Եվրոպային ու եվրոպական առաջնորդներին պարբերաբար «հաթաթա» տվող Թրամփի քաղաքականությունն ու, ընդհանրապես, նրա եսակենտրոն վարքագիծը ճաքեր են տալիս։ Եվ բացառված չէ, որ Հին մայրցամաքը հին «նեղացածությունները» փորձում է նոր իրողության՝ Իրանի դեմ պատերազմի պատեհությամբ օգտագործել` «գոտկատեղից ներքեւ հարված» հասցնելով ամերիկացի առաջնորդին։

Իրանն այս ամենից կարծես ավելի շատ է շահում․ նախ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ի դեպ, Թուրքիան՝ եւս, առերեւույթ դեմ են Իսլամական Հանրապետության դեմ պատերազմին, երկրորդ՝ մերժում են իրենց տարածքը տրամադրել հարձակումների համար, երրորդ՝ անուղղակիորեն համերաշխություն են հայտնում պաշտոնական Թեհրանին եւ ակամայից համախմբվում Իրանի շուրջ։ Իսկ ի՞նչ է ասում Թրամփը․ նախօրեին նա հայտարարեց, որ քննարկում է Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս բերելու հարցը՝ դաշինքն անվանելով «թղթե վագր» եւ դժգոհություն հայտնելով դաշնակիցներից՝ Իրանի հետ հակամարտության կապակցությամբ։ «Ես լրջորեն քննարկում եմ այդ տարբերակը, որոշումը դուրս է վերանայման սահմաններից։ ՆԱՏՕ-ն երբեք համոզիչ չի թվացել ինձ։ Ես միշտ գիտեի, որ նրանք թղթե վագր են»,- նշել է նա։

Թրամփն իր դիրքորոշումը կապել է դաշնակիցների կողմից Իրանի եւ Հորմուզի նեղուցի հետ կապված գործողություններին անբավարար աջակցության հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռոբիոն էլ նշել է, թե Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո Միացյալ Նահանգները կանդրադառնա ՆԱՏՕ-ին․ «Մենք պետք է վերագնահատենք ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով, դա նախագահի որոշումն է։ Պետք է վերագնահատենք, թե արդյո՞ք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, ծառայում է այդ նպատակին, թե՞ դարձել է միակողմանի փողոց, որտեղ Ամերիկան դիրքավորվում է որպես Եվրոպայի պաշտպան, եւ երբ մենք նրանց օգնության կարիքն ունենք, նրանք մերժում են մեզ բազաներ եւ թռիչքներ կատարել երկրի վրայով»։
Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք առաջատար երկրներ՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, մերժել են Վաշինգտոնին՝ թույլ չտալով օգտագործել իրենց երկրի օդային տարածքներն ու ռազմաբազաները՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունների համար։ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան էլ կտրականապես դեմ են Իրանի դեմ պատերազմին։ Իսպանիան «ինքնիշխան երկիր է, որը չի ցանկանում մասնակցել անօրինական պատերազմներին»,- հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը․ «Նախեւառաջ, ինչպես գիտեք, մենք մերժեցինք Միացյալ Նահանգների կողմից Ռոտա եւ Մորոն բազաների օգտագործումն այս անօրինական պատերազմի համար։ Իրանի դեմ գործողության հետ կապված բոլոր թռիչքների ծրագրերը մերժվեցին՝ առանց բացառության»։

Փարիզի որոշման հետ կապված էլ Թրամփը զերծ չմնաց «հիշաչարությունից»․ պնդեց, որ «Ֆրանսիան չի թույլատրել, որ իր երկնքով անցնեն ռազմամթերքով բեռնված ինքնաթիռները, որոնք մեկնում էին Իսրայել։ Նրանք շատ անօգտակար են եղել Իրանի դեմ գործողությունների ընթացքում։ ԱՄՆ-ն այդ ամենը լավ կհիշի»։ Սպիտակ տան ղեկավարը մեկ այլ գրառման մեջ քննադատել է նաեւ Մեծ Բրիտանիային՝ դարձյալ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում չօգնելու համար։ «Մենք չենք աջակցում Իրանի դեմ պատերազմին, ոչ ոք մեր կարծիքը չի հարցրել»։ Այս մասին էլ օրերս շեշտեց Իտալիայի ՊՆ ղեկավար Գվիդո Կրոզետոն։ Բացի այդ, Իտալիան մերժել է ԱՄՆ-ին՝ օգտագործել Սիցիլիայի Սիգոնելլա ռազմաբազան՝ Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար,- հաղորդում է Corriere della Sera թերթը։ Ըստ թերթի՝ արգելքը եղել է Իտալիայի պաշտպանության նախարարության կողմից։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դիրքորոշումն էլ հստակ է․ «Չկա որեւէ պատճառ, որ Բեռլինը քննարկի Հորմուզի նեղուցով անցնող նավերին ռազմական պաշտպանություն տրամադրելու հարցը։ Գերմանիան այս պատերազմի մաս չէ, եւ մենք չենք ցանկանում մաս կազմել դրան»։

Մինչ Թրամփը «տաքացած» «սառը ցնցուղ է պահում» ՆԱՏՕ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների վրա, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարում է՝ ՆԱՏՕ-ն երբեք այսքան ուժեղ չի եղել։ Նա նաեւ նշել է, որ դաշինքը զգալիորեն ավելացրել է սպառազինության արտադրության ծավալները։ Այսքանը՝ դիվանագիտորեն, իսկ մյուսները գուցե համահավաք կարծիք արտահայտելու լիազորություն են ստացել՝ Փարիզի, Մադրիդի, Լոնդոնի, Հռոմի, Բեռլինի եւ այլոց «շուրթերով»։ Փաստորեն, Թրամփի վարած պատերազմի գլոբալ քաղաքականությունը նրան դրել է անհարմար իրավիճակում ոչ միայն Եվրոպայում, աշխարհի մյուս հատվածներում, այլեւ բուն՝ ԱՄՆ-ում․ նրա դեմ քննադատության ալիքը վերջին օրերին միլիոնավոր ամերիկացիների է դուրս բերել փողոց, որոնք նրան համարում են ԱՄՆ-ի համար գոյաբանական սպառնալիք, պատերազմի հանցագործ եւ ազգի թշնամի՝ ներգաղթային որոշումներից, համաամերիկյան բռնաճնշումներից մինչեւ Իրանի դեմ խելահեղ ու արյունահեղ պատերազմ։

Այս իրողության պայմաններում արժե ու անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ է, որ Հայաստանը կարողանա կարեւոր եզրակացություններ ու հաշվարկներ անել ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների զարգացման իմաստով, բայց կարեւոր նախապայման կա․ իշխանա-քաղաքական «կալկուլյատորը» պետք է վերցնել Թրամփի խաղաղասիրությամբ ու TRIPP-ով հմայված Փաշինյանի ու նրա արեւմտամետ քարոզիչ իշխանախմբի ձեռքից եւ տալ նորը, որն իրապես հաշվի կառնի մեր պետության շահերն ու հաշվետու կլինի ժողովրդին՝ իհարկե, տարածաշրջանի, գլոբալ Արեւմուտքի եւ Միացյալ Եվրոպայի հետ փոխշահավետ համակեցության հաշվենկատությամբ։ Հատկապես որ ՆԱՏՕ-ն խոստովանում է՝ մտադիր է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ Հարավային Կովկասը կարեւոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն նոր հզոր հարված է պատրաստում Իրանի դեմ

ԱՄՆ-ն նոր հզոր հարված է պատրաստում Իրանի դեմ Thu, 30 Apr 2026 02:30:19 +0400 Axios-ին…

3 ժամ ago

Թրամփի գոլֆ ակումբում տեղադրվել է Թրամփի բրոնզե արձանը

Թրամփի գոլֆ ակումբում տեղադրվել է Թրամփի բրոնզե արձանը Thu, 30 Apr 2026 01:30:22 +0400 ԱՄՆ…

4 ժամ ago

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը

Ինչ վտանգներ է պարունակում ցավազրկողների չափից դուրս շատ ընդունումը Thu, 30 Apr 2026 00:00:35 +0400…

5 ժամ ago

ԱՄՆ արդեն 25 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի վրա

ԱՄՆ արդեն 25 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ պատերազմի վրա Wed, 29 Apr 2026…

6 ժամ ago

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք

Ոչ ամուսնացեք, ոչ բաժանվեք, ոչ նշանվեք, ոչինչ մի կերեք և հնարավորինս քիչ խոսեք Wed, 29…

6 ժամ ago

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է

Եվրոպական ավիաընկերությունները կարող են սնանկանալ․ պատճառն Իրան դեմ պատերազմն է Wed, 29 Apr 2026 23:00:53…

6 ժամ ago