«Հրապարակ»․ Կառավարությունը՝ պետական բյուջեն մսխող վատ մենեջեր

«Հրապարակ»․ Կառավարությունը՝ պետական բյուջեն մսխող վատ մենեջեր

Fri, 03 Apr 2026 11:15:00 +0400


Կարդում եմ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվությունը․ «ՀՀ Տավուշի մարզում Կառավարության 2018-2024 թվականներին իրականացված ծրագրերի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է շուրջ 146 միլիոն դոլար»։ «Կառավարություն» բառը գրված է մեծատառով, ինչը ցույց է տալիս Դիլիջանի համայնքապետարանի, համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի մեծ հարգանքը` առ կառավարություն։ Եվ ինչպե՞ս չհարգի Դավիթ Սարգսյանը կառավարությանը, իշխանությանը ու հատկապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ բենզալցակայանում լիցքավորող աշխատելուց եւ անձնական գործում «սեռ» բառի դիմաց «արու» գրելուց հետո Ն․ Փաշինյանի որոշմամբ է 2021թ․ փետրվարի 26-ին նշանակվել Դիլիջան համայնքի ղեկավար։ Հետո դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՔՊ Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար։

Տարբեր պաշտոնյաներ, ՔՊ կուսակցության քարոզիչներ պարբերաբար հանրությանն աչքալուսանք են տալիս, որ տարբեր ծրագրեր իրականացնելու, ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար կառավարությունը հատկացրեց այսքան գումար, այնքան գումար` փոխանակ նշելու, որ այդ աշխատանքների ֆինանսավորումը պետական բյուջեից է կատարվել, որը գոյացել է հանրության վճարած հարկերից։ Ադրբեջանում տարբեր ծրագրերի մասին գրում են, որ նախագահ Իլհամ Ալիեւը դրանց իրականացմանը հատկացրեց այսքան մանաթ, մեր իշխանական քարոզիչները դեռ չեն իջել այդ մակարդակի, չեն գրում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկացրեց այսքան դրամ, համեստորեն նշում են, որ կառավարությունն է հատկացրել։ Հայաստանի բնակիչների զգալի մասը չի ըմբռնում, որ կառավարությունը տարբեր գործառույթներ է կատարում, համայնքներում ծրագրեր է իրականացնում հարկատուներիս մուծած հարկերից, տուրքերից, նաեւ՝ արտերկրից վերցված վարկերով ձեւավորված պետական բյուջեի միջոցներից։ Ընդ որում՝ կառավարությունը վատ մենեջեր է, սխալ է կատարում այդ ծախսերը։
Հայաստանում համայնքների ու պետական բյուջեի համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն կարգով մեծ թվով ծրագրեր են իրականացվում, որոնց իրականացման ժամկետները կապալառու կազմակերպությունների մեղքով, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով տարիներով ձգձգվում են` հետաձգվում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին երկու անգամ՝ մարտի 5-ին եւ մարտի 12-ին, տեղեկատվական հարցում եմ արել․ «2026թ․ փետրվարի 12-ին՝ կառավարության որոշմամբ, մարզպետների աշխատակազմերին թույլատրվել է 2022-2025 թվականներին հավանության արժանացած եւ համայնքապետարանների հետ կնքված ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի պայմանագրերում կատարել փոփոխություններ եւ դրանց ժամկետները երկարացնել մինչ 2027թ․ հունիսի 30-ը։ Դա վերաբերում է այն համայնքներին, որտեղ աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ 2025թ․ նոյեմբերի 15-ը։ Այդ որոշմամբ քանի՞ ծրագրի իրականացում է հետաձգվել, որքա՞ն է դրանց ֆինանսավորման ընդհանուր չափը, այդ ծրագրերի պայմանագրերից քանի՞սն են կնքվել 2022-ին, քանի՞սը՝ 2023-ին, 2024-ին եւ 2025-ին»։ Սակայն 2 անգամ էլ ՏԿԵ նախարարությունից ստացած տեղեկատվության մեջ այդ հարցի պատասխանը չի տրվել։ Կարծում եմ, որ նախարարությունը թաքցնելու շատ բան ունի՝ հետաձգված, երկարաձգված, սուբվենցիոն բազում ծրագրերի հետ կապված։ Տարիներով հետաձգվում, երկարաձգվում են ոչ միայն սուբվենցիոն, այլ նաեւ՝ պետական ծրագրերը։ Տավուշի մարզում տարիներով երկարաձգված ծրագրերից են Դիլիջանի մշակույթի պալատի հիմնանորոգումը (այժմ՝ կասեցված), Դիլիջանի Գետափնյա փողոցի եւ դրա հարակից բակերի ասֆալտապատումը, Դովեղի դպրոցի նոր շենքի շինարարությունը եւ այլն։

2025-ին պետական ծրագրով Տավուշի մարզում 1410 կով պետք է արհեստական կերպով սերմնավորվեր, սակայն այդ ծրագիրը չիրականացվեց։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը՝ որպես ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, նոր վարկեր վերցնելու դեմ շատ էր բողոքում, հիմա իր իշխանությունը կրկնապատիկ նոր վարկեր է վերցնում` համայնքներում կիսատ-պռատ որակի ասֆալտապատում անելու, այլ ծրագրեր իրականացնելու համար։ Բնակիչներն այդ ծրագրերից ուրախանում են՝ չմտածելով, որ կառավարությունն այդկերպ մեծացնում է 15 միլիարդ դոլարի հասնող Հայաստանի պետական պարտքը, իսկ այդ պարտքը մարելու համար իշխանությունն ավելի է բարձրացնելու հարկերն ու տուրքերը։ Դա նման է այն բանին, որ մեկը գյուղական խանութում համագյուղացու անունն ապառիկի՝ «նիսյայի» տետրում գրելով, մթերքների տոպրակով գնա նրանց տուն, գնվածից որոշ մթերքներ իր տուն տանելով։ Միամիտ համագյուղացին էլ իր տուն բերված մթերքների համար շնորհակալություն հայտնի բերողին՝ չմտածելով, որ հետո ինքն է գյուղի խանութում փակելու ապառիկ մթերքների պարտքը, որն անգամ ինքը չի կերել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սխալն ուղղել են 8 ամիս անց

Սխալն ուղղել են 8 ամիս անց Thu, 02 Apr 2026 22:39:36 +0400 «Առողջության իրավունք» հ/կ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով