Ինչ է Ռուսաստանը զգուշացնում Հայաստանին. ինչ տվել եմ, կարող եմ վերցնել
Fri, 03 Apr 2026 18:15:42 +0400
Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան աշխատանքային այցից առաջ ռուսական տարբեր լրատվամիջոցներ հրապարակեցին հոդվածներ` «Ինչ է արել Ռուսաստանը Հայաստանի համար» ընդհանուր վերնագրով: Դրանցում մանրամասն տեղեկություններ էին, թե անցած 200 տարվա ընթացքում ինչ ներդրում են ունեցել Ռուսական կայսրությունը եւ Խորհրդային Միությունը հայ ժողովրդի եւ Հայաստանի պետականության վերականգնման եւ զարգացման հարցում: Դատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հրապարակված որոշ տեղեկություններից՝ խոսակցությունը եւս ընթացել է այդ ուղղությամբ. Պուտինը Փաշինյանին հասկացրել է, որ այն, ինչ հիմա Փաշինյանը տնօրինում է, իր հորից կամ պապուց ժառանգություն չի ստացել, որ դա ստեղծվել է Ռուսաստանի աջակցությամբ, եւ Ռուսաստանը չի պատրաստվում որպես դիտորդ հետեւել, թե Փաշինյանն ինչպես է փորձում Հայաստանը հանձնել ԵՄ-ին, Թուրքիային, Ադրբեջանին` ամեն մեկին իր ախորժակի չափով: Ռուսաստանի իշխանությունները դրանով ուղերձ են հղում Հայաստանի իշխանությանը, նաեւ՝ հայ ժողովրդին, որ առանց Ռուսաստանի հովանավորության եւ աջակցության, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ հայ ժողովուրդը, որպես հավաքական պետականաստեղծ ազգ, այս տարածքում կարող էին եւ գոյություն չունենալ: Ռուսական կողմն այդ տեղեկությունները հրապարակում է մանրակրկիտ պատրաստված գծապատկերների, գրաֆիկների, քարտեզների միջոցով, ինչը ցույց է տալիս, որ դրան նախապատրաստվել են բավականին երկար: Դրանցում ներկայացված որոշ տեղեկություններին արժե, որ ծանոթանան նաեւ մեր ընթերցողները, մանավանդ որ որոշ փաստեր ոչ միայն քարոզչական, այլ նաեւ տեղեկատվական նշանակություն ունեն:
Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը սկսվում է 1828 թվականից, երբ Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Արեւելյան Հայաստանը` Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները միացվեցին Ռուսաստանին: Դրանից հետո Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերը հնարավորություն ունեցան տեղափոխվել Ռուսաստանի կայսրության վերահսկողության տակ անցած տարածք: Նշվում է, որ մի քանի տարվա ընթացքում 100 հազար հայ տեղափոխվեց Ռուսաստան: Ռուսական կայսրության պաշտպանության տակ անցած հայերի թիվը 60 տարում ավելացավ 4,5 անգամ` եթե 1830-ականների կեսերին 111 հազար 382 հայ էր ապրում, ապա 1897-ին՝ արդեն 516 հազար 806, իսկ 1990-ին` 3,5 միլիոնից ավելի: 1922 թվականին ձեւավորվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որը 1922-ին մտավ Անդրկովկասյան ՍՍՀ կազմի մեջ, որը 1936 թվականին լուծարվեց, եւ ՀԽՍՀ-ն դարձավ ինքնուրույն միավոր: Խորհրդային Միության գոյության տարիներին են ստեղծվել Հայաստանի 27 քաղաքներից 21-ը․ 1828 թ.՝ Վանաձորը, 1837թ.՝ Գյումրին, 1850թ.՝ Գավառը, 1870թ.՝ Գորիսը, 1923թ.՝ Ստեփանավանը, 1938թ.՝ Ալավերդին, 1938թ.՝ Կապանը, 1939թ.՝ Արարատը, 1945թ.՝ Արթիկը, 1947թ.՝ Արմավիրը, 1947թ.՝ Չարենցավանը, 1950թ.՝ Մասիսը, 1951թ.՝ Դիլիջանը, 1959թ.՝ Հրազդանը, 1960թ.՝ Սպիտակը, 1961թ.՝ Սեւանը, 1961թ.՝ Իջեւանը, 1962 թ.՝ Արտաշատը, 1963թ.՝ Աշտարակը, 1963թ.՝ Աբովյանը, 1964թ.՝ Սիսիանը: Միայն Խորհրդային Հայաստանի գոյության շրջանում Երեւանի վարչական տարածքն ընդլայնվել է 5 անգամ, իսկ 1981-ին կառուցվել է Երեւանի մետրոպոլիտենը:
Նշվում է, որ Խորհրդային Միությունը բազմամիլիարդանոց ներդրումներ է արել Հայաստանի տնտեսության մեջ, կառուցվել է 362 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն: Համեմատում են, որ եթե 1986 թվականին Խորհրդային Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է մոտ 623 դոլար, ապա 2021-ին` ընդամենը 388 դոլար: Ասվում է, որ ԽՍՀՄ տարիներին են կառուցվել Հայաստանի 20 խոշոր եւ միջին հզորության էլեկտրակայանները, Մեծամորի ատոմակայանը, ջերմակայաններ եւ հիդրոէլեկտրակայաններ, որոնք այսօր էլ ապահովում են Հայաստանի էներգետիկ պահանջները: Համեմատության համար ասվում է, որ ԽՍՀ-ում ավելի շատ էլեկտրաէներգիա էր արտադրվում, քան Իտալիայում, իսկ մեկ շնչին ընկնող էլեկտրաէներգիայի քանակով Հայաստանը 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա էր արտադրում, քան Թուրքիան, եւ 13 անգամ ավելի շատ, քան Իրանը: ԽՍՀՄ տարիներին են կառուցվել «Զվարթնոց» եւ Գյումրու միջազգային օդանավակայանները:
1897 թվականի տվյալներով, Հայաստանում գրագետ էր բնակչության 9,2 տոկոսը, իսկ 1980-ականներին` 99,9 տոկոսը: 1917 թվականի Հայաստանում գործել է միայն մեկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն` 131 ուսանողով, իսկ ԽՍՀՄ տարիներին հիմնվել է 95 պրոֆտեխուսումնարան` 30,6 հազար սովորողով, 65 միջին մասնագիտական ուսհաստատություն` 47,1 հազար, 13 բուհ` 57,9 հազար սովորողով: 1943-ին հիմնվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան, 1988-89 թվականներին գործել է 1371 դպրոց` 592 հազար դպրոցականներով: Մինչեւ 1990 թվականը կառուցվել եւ գործել է 1400 հանրային գրադարան:
Համեմատություն է անցկացվում ՀԽՍՀ եւ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության միջեւ՝ ցույց տալու, որ հայերն անհամեմատ ավելի բարեկեցիկ կյանքով են ապրել, քան ռուսաստանցիները: Մեկ մարդուն ընկնող միջին խնայողությունը Ռուսաստանում կազմել է 1354 ռուբլի, Հայաստանում` 1868 ռուբլի, Ռուսաստանում բնակարանի միջին մակերեսը եղել է 53,1 քմ, Հայաստանում` 85,1 քմ, Ռուսաստանում 10 հազար մարդու հաշվով գործել է հանրային սննդի 12 օբյեկտ, Հայաստանում` 17, 100 ընտանիքի հաշվով Ռուսաստանում եղել է 16 անձնական օգտագործման ավտոմեքենա, Հայաստանում` 33: Կյանքի միջին տեւողությունը Ռուսաստանում 1979-80 թթ․ եղել է 67,5 տարի, Հայաստանում` 72,8 տարի, բնակչության աճը Ռուսաստանում 1000 մարդու հաշվով կազմել է 5,9, Հայաստանում՝ 17,7: Համեմատություն է անցկացվում մեկ շնչին ընկնող արտադրության եւ սպառման ծավալների միջեւ: Եթե Ռուսաստանում մեկ մարդուն ընկնող արտադրությունը կազմել է համադրելի թվերով` 17,5 հազար դոլար, սպառումը` 11,8 հազար դոլար, 5,7 հազար դոլար բացասական բալանսով, Հայաստանում մեկ շնչին ընկնող արտադրությունը կազմել է 9,5 հազար դոլար, սպառումը` 29,5 հազար դոլար` 20 հազար դոլար դրական բալանսով: Ներկայացվում են տեղեկություններ նաեւ Հայաստանի անկախացման շրջանում միջպետական հարաբերություններից: Նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսությանում ամենաշատ ներդրումներ կատարած երկիրն է` 2,2 միլիարդ դոլար ծավալով, որը կազմում է բոլոր օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը, Ռուսաստանն արտոնյալ գներով Հայաստան է մատակարարում էներգակիրներ եւ հումք:
Հարցն այն չէ, թե որքանով է այս ամենը ճիշտ կամ մեղադրանքն արդարացի, հարցն այն է, թե ինչու է Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունը Փաշինյանի ժամանակ տարածում այս տեղեկությունը: Թերեւս միայն մի նպատակով` հասկացնելու, որ այն, ինչ ստեղծվել է մեր օգնությամբ, երբեմն՝ մեր զոհողությունների հաշվին, մենք չենք կարող թույլ տալ, որ դուք հանձնեք ուրիշին: Եթե դուք չգիտեք դրա արժեքը, մենք հաստատ գիտենք:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր