Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան

Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան

Sun, 05 Apr 2026 09:45:22 +0400


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրում բանաստեղծություն է գրել՝ Ճրագալույցի նախօրեին.

«Լույսի մի շողիկ, մի փոքրիկ լուսնիկ

Ինձ այցի եկավ:

Այնքա՜ն ջերմացնող, այնքա՜ն մտերմիկ`

Հուրհրան, ժպտուն, թրթռուն խաղով,

Իր անմեկնելի, անեզր սիրով:

Տաք զրույցի ենք նստել սիրտ առ սիրտ…

Ոչ ինքն է ուզում հեռանալ ինձնից,

Եվ ոչ էլ ես եմ ցանկանում թողնել, որ

Վերադառնա իր Արեգակին:

Շշնջում է ինձ, թե շառավիղն է Լույս Գերեզմանիդ,

Որ այսպես հուշիկ այցի է գալիս յուրաքանչյուրին,

Քո լույս Հարության համբույրի սիրով,

Զնգուն ծիծաղով առավել կյանքի:

Խուցս դարձրած մի նոր Էմմավուս.

Ինձ ճանապարհորդ հրաշք հանդիպման,

Պատմում էր անհագ սիրո հեղեղով,

Առավել ներկա, քան նույնիսկ ներկան,

Անցքերի մասին անցյալ չդարձած,

Սրտիս քարայրում քնքուշ պեղելով,

Մի անկյուն գողտրիկ կյանքի խորհրդի

Լույս Գերեզմանիդ:

Արցունքի նման կաթկթող լույսով,

Իմ լույս շողիկը

Խաչիդ ճամփան է փռում իմ առջև…

Հառնում է կրկին հայացքդ թախծոտ,

Հանդարտ ու վսեմ,

Տարածուն` դեպի հորիզոնները հավիտյանների:

Ժպիտ կա դեմքիդ` լուսավոր ծորուն,

Թևերդ բացված լայն ու ընդարձակ`

Հրավիրելով Սիրո Հանդեսի:

Ինչպես ասել է մի մեծ իմաստուն`

Քո իսկ խոսքերից հյութեղեն քամված.

-Ով մահ է փնտրում, նա է կյանք գտնում…

Փշե պսակիդ արյան շիթերի

Ամեն կաթիլը մի պատմություն է

Խտացած կարմիր,

Դժնի մատնության, ուրացման, ստի,

«Սիրո համբույրի» դավաճանական,

Կաշառված հոգու, ծախված երազի,

Շարունակ խորհուրդ երեսնարծաթյա

Առք ու վաճառքի` վաճառված կյանքի:

Լքված, միայնակ ներում ես հայցում

Ամենքի համար,

Առանց բաժանման, առանց խտրանքի…

Նույնիսկ այդ պահին, երբ հառաչեցիր.

«Արդ կատարեալ է»,

Երբ քացախային դառնահամ լեղին,

Հոգով ըմպեցիր մինչև ցմրուր,

Գամերիդ ցավից առավել ծաղկեց

Սերդ Սիրողիդ…

Ախորժելի է, պատիվ է Քեզ հետ,

Քեզ համար լինել խաչիդ խաչակից,

Տառապանք կրել, զրկանք ու կապանք,

Քան թե

Քո փառքին և արքայության լինել փառակից:

Ձեռքիցս բռնած լույսիկն իմ շողիկ,

Ինձ այցի բերեց Լույս Գերեզմանիդ…

Գերեզման, որից կյանք է ճառագում.

Վերստին ծնունդ, ոչ մահվան խորհուրդ,

Բաբախուն մի սիրտ ողջերից էլ ողջ,

Մերժած թե’ մահը, թե’ մեռելություն:

Յուղաբեր կանանց նման երկյուղած,

Ուզում եմ լսել ձայնը, թե «Յարեա՜ւ»,

Ուզում եմ ապրել կյանքը, որ «Յարեա՜ւ»:

Խուցս վերածած նոր Էմմավուսի,

Հրաժեշտ տվեց իմ լույս շողիկը`

Քաղցր համբույրը դաջելով սրտիս…

-Ա՜յ լույսիկ, լուսնիկ, քաղց լույս շողիկ

Հարազատ դարձած,

Ընկեր բարեկամ, հուրհրան կյանքի,

Արփի անվախճան ու անդավաճան:

Իմ համբույրն էլ տուր ողջ տիեզերքին,

Լույսդ ու ձայնդ հասնի ամենքին,

Երկնքին, երկրին, մեծին ու փոքրին:

Այն ուրախությամբ, որ տվել ես ինձ

Աշխարհս Հայոց լեզվի խնդությամբ,

Սիրո բերկրանքով, հույսի ցնծությամբ,

Հավատքիդ կանչով, ձայնով հաշտության,

Վախի, կեղծիքի, ստի ու մահվան

Անարգ պարտությամբ

Ամենուր խայտա կյանքը Հարության

Լույսի Հաղթության»։

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

04.04.2026

Ճրագալոյց Սբ Յարութեան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կոբախիձեն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Կոբախիձեն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը Tue, 22 Sep 2026…

17 րոպե ago

Փաշինյանը բռնապետ է՝ արտաքին սցենարով

Փաշինյանը բռնապետ է՝ արտաքին սցենարով Tue, 22 Sep 2026 16:15:55 +0400 Գրում են, որ Նիկոլ…

31 րոպե ago

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Tue, 22 Sep…

34 րոպե ago

Շարունակում է զառանցագին մեղադրանքները հայերի հասցեին

Շարունակում է զառանցագին մեղադրանքները հայերի հասցեին Tue, 22 Sep 2026 16:00:06 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ…

47 րոպե ago

Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյանը հեգնում է

Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյանը հեգնում է Tue, 22 Sep 2026 15:58:32 +0400 «Արևմտյան…

48 րոպե ago

Երեւանի հանրակրթության վարչությունը նոր պետ ունի

Երեւանի հանրակրթության վարչությունը նոր պետ ունի Tue, 22 Sep 2026 15:52:21 +0400 Մենք դեռ օգոստոսի…

54 րոպե ago