Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան

Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան

Sun, 05 Apr 2026 12:45:39 +0400


Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ։

««Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս,

չէ՛ աստ, քանզի յարեաւ»

Ղուկաս ԻԴ 5-6

Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության սքանչելախորհուրդ և հոգեզվարթ տոնի առթիվ ու ցնծությամբ ողջունում բաղձալի ավետիսով` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Քրիստոս Հարության լուսապայծառ շնորհը պարգևեց մարդկանց, Իր աստվածային անսահման սիրով ցրելով անհուսության խավարը՝ որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, աշխարհն ավերող աղետներից: Եվ մենք սիրելինե՛ր, այս սքանչելի տոնին պիտի կարողանանք արժևորել մեզ տրված կյանքը, Հարության հույսով ու սպասումով, աստվածային պատգամների գործադրմամբ ապրելով երկրային մեր ժամանակը:

Արդարև, աշխարհը ցնցող մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ Հայաստան աշխարհը ապրում է ծանրագույն ժամանակներ և դիմակայում է արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների, երբ խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, ներքին միասնությունը, համերաշխությունը և խարխլվում են մեր ինքնության հիմնասյուները՝ առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար, որ մարդկությունը գործեց Աստծուն հակառակ և միմյանց դեմ ՝ զորացնենք մեր հոգիները Սուրբ Հարության կենսառաք և հրեշտակավանդ ավետիսով:

Սիրելի՛ հավատացյալներ,

Քրիստոսի Սբ Հարության հավատքին ապավինած դարեր շարունակ հաղթահարել ենք բազմաթիվ ծանր փորձություններ, և այսօր էլ բոլոր մեր մեղքերի ու սխալների, թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ նորոգվենք գոտեպնդվենք Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին:

Գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված, որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորացնի ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, անսասան պահի Հայոց աշխարհը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում և համայն աշխարհում:

Սուրբ Հարության հոգենորոգ խորհրդով եւ կենդանարար շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:

Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»,- ասվում է Հովնան Սրբազանի ուղերձում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շուրիշկանի հրաշագործ ավետարանը ուր են տեղափոխելու

Շուրիշկանի հրաշագործ ավետարանը ուր են տեղափոխելու Thu, 09 Apr 2026 12:07:34 +0400 Շուրջ 26 տարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով