Երկիրը դարձրիք խաղադաշտ․ դարպասապահ էլ չունենք
Mon, 06 Apr 2026 10:15:21 +0400
«Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը կալանավայրից․
«Դուք էս ի՞նչ արեցիք, տղե՛րք, էս ի՞նչ արեցիք։
Մի քանի օր առաջ գրեցի տեսակի մասին, բայց այսօր հիշեցի մի բան, որի մասին մոռացել էի գրել և կարծում եմ սա ձեզ կօգնի հասկանալու ձեր տեսակը։
Ջորիները երամակ չեն կազմում, երամակ կազմում են միայն ազնվացեղ ձիերը։ Ջորիների երակներում կիսով չափ ավանակի արյուն կա։ Իսկ ավանակները միմյանց հարգել և հանդուրժել չգիտեն, երամակ չեն կազմում։ Տղե՛րք, հասկացեք վերջապես, էդ դուք եք ջորի, իսկ ժողովուրդը ջորի չէ։ Մեր ժողովուրդն արիական արյուն է կրում իր մեջ, ժողովուրդը վաղուց հասկացել է՝ ով եք դուք։
Ես ի՞նչու սա հիշեցի, որովհետև դուք մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ։ Ոչ միայն խաղադաշտ դարձրեցիք, այլ նաև խաղը տեղափոխեցիք մեր կիսադաշտ։ Հիմա թուրքը գոլ ա խփում, ազերը գոլ ա խփում, ամերիկացին գոլ ա խփում, դուք ինքներդ մեզ գոլ եք խփում ու դարպասապահ էլ չունենք։ Ձեր մարզիչն էլ թուրք ա։
Տղե՛րք, դուք ե՞րբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն։ Դուք ամբողջ ազգի գլխին ուզում եք փաթաթել պարտվողական քաղաքականություն ու ազգին դարձնել ստրկամիտ, անարի, թույլ, անողնաշար, կամազուրկ։ Հաղթանակի և պարտության նեյրոքիմիան ձեր տեսակին պարզաբանում է հետևյալ կերպ․ «Բարձր սերոտոնինը և ցածր օկտոպամինը բնութագրում է հաղթողին, իսկ բարձր օկտոպամինը և ցածր սերոտոնինը՝ պարտվողին»։ Ձեր տեսակի մեջ գոյություն չունի սերոտոնին, դուք ամբողջությամբ կազմված եք օկտոպամինից։
Դուք այս ի՞նչ արեցիք, տղե՛րք, այս ի՞նչ արեցիք։
Ռոբերտ Գրինը ժամանակին գրել է․ «Քաղցկեղը սկսվում է մեկ բջջից, ժամանակին այն հեռացնելով՝ կարող ես փրկել հիվանդին»։ Տղե՛րք, հեռացրեք ձեր քաղցկեղածին բջիջները և ազատեք բոլորիս մարմինը և հոգին այդ և նմանատիպ հիվանդություններից։ Մեր մարմինը դա պետությունն է, և մենք պարտավոր ենք այն պահել առողջ, անաղարտ ու մաքուր։ Ութ տարի չխնամելով մեր մարմինը՝ թույլ տվեցինք, որ մեզ անդամահատեն, վերքոտեն, վարակներ տարածեն, խոցեր առաջացնեն ու տկարացնեն։ Բայց հիշեք, տղե՛րք, մեր ուղեղն առողջ է ու մնում է նիրհից արթնացնենք ու կառավարենք մեր մարմինը։
Հարյուրավոր տարիներ առաջ մի մոլեռանդ թուրք մոլլայի հարցնում են․
– Ի՞նչ է մահմեդականությունը։
Նա պատասխանում է․
– Ես դա չգիտեմ, բայց գիտեմ, որ քրիստոնյաները մեր թշնամիներն են և մենք պետք է նրանց ատենք, այդ ատելություն էլ իմ կրոնն է։
Դուք այս ի՞նչ արեցիք, տղե՛րք, ի՞նչ արեցիք․․․»։