«Հրապարակ»․ Փնտրում են համարձակ մարդուն
Tue, 07 Apr 2026 08:10:17 +0400
Ինչպես տեսանք, շաբաթ օրը ՔՊ էլիտան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեց զատկական պատարագին՝ փորձելով ցույց տալ, թե իբր հավատացյալ են, իրենց կռիվը ոչ թե Եկեղեցու, հոգեւոր արժեքների դեմ է, այլ՝ առանձին հոգեւորականների։
Մեր աղբյուրներն ասում են՝ եթե տարին չլիներ նախընտրական, ապա Փաշինյանը, նախորդ տարիների նման, այս տարի էլ կմերժեր զատկական պատարագը։ Այդ օրը նաեւ միջադեպ գրանցվեց, որը թեպետ աննկատ անցավ, բայց, մեր տեղեկություններով, իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է՝ հայտնաբերելու այն քաղաքացուն, որը պատարագ մատուցող Անուշավան Դանիելյանի հասցեին եկեղեցու բակում գոռաց․ «Ամոթ, տիրադավ»։ Նա այն 10 եպիսկոպոսներից է, որն անցել էր Փաշինյանի կողմը` ընդդեմ կաթողիկոսի։
Բանն այն է, որ ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ էլ Փաշինյանին լուսաբանող օպերատորները չեն ֆիքսել խիզախ քաղաքացու դեմքը, եւ հիմա, մեր տեղեկություններով, արդեն քանի օր է՝ իրավապահները փորձում են տարբեր խմբագրություններից պարզել՝ նկարե՞լ են այդ համարձակ մարդուն եւ կտրամադրե՞ն իրենց կադրեր։