«Հրապարակ»․ ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում

«Հրապարակ»․ ՔՊ-ում կրկին իրար փոր են թափում

Tue, 07 Apr 2026 08:45:25 +0400


Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում երեկ տեղի ունեցած քննարկումն ու ՔՊ-ականների փոխադարձ մեղադրանքները, կուսակցության «կեղտոտ սպիտակեղենն» ի տես բոլորի «փռելը» ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի ոտքի տակից հողը փախչում է, եւ ներկուսակցական սոդոմ-գոմոր է տիրում։ Բանն այն է, որ ՔՊ-ից մեկուսացած կամ «սպիսատ եղած» Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, որին վարչությունը մերժեց` չընդգրկեց ՔՊ ընտրացուցակում, կրկին օրակարգ է բերել իր բազմաչարչար, տխրահռչակ նախագիծը՝ փողով բանակից ազատվելու վերաբերյալ, որն ամիսներ առաջ Ազգային ժողովը մերժել էր, քանի որ նախագծի շուրջ բարձրացած աղմուկը կառավարությանը ստիպել էր հետողորմյա անել իրենց նախնական դրական դիրքորոշումը, եւ կոճակ սեղմող խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր այն: Մերժողների թվում էր, որքան էլ աբսուրդային հնչի, նաեւ նախագծի հեղինակը՝ Հայկ Սարգսյանը։

Թե ինչու էր նա կրկին օրակարգ բերել նախագիծը, երեկ չհայտնեց, միայն հիշեցրեց, որ նախագծին կառավարությունն ի սկզբանե դրական եզրակացություն է տվել։ Գուցե սրանով փորձում է «ատամ ցույց տալ»` իրեն լուսանցք նետելու համար: ՔՊ մեր աղբյուրները, մինչդեռ, կասկած չունեն, որ Հայկ Սարգսյանը փորձում է սրանով ապահովագրել իրեն, քաղհալածյալի կերպարի մեջ տեղավորվել, քանի որ թե՛ իր, թե՛ հոր նկատմամբ իրավապահները որոշակի «աշխատանքներ» են սկսել տանել: Զարեհ Սարգսյանը, որ ժամանակին բարձր պաշտոն է զբաղեցրել` եղել է Կենսաթոշակային հիմնադրամի նախագահը, իր կենսագրության մեջ մութ կետեր ունի, որոնց մասին հիշել է Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին շատ մոտ է եղել նրա հետ։ Բացի այդ՝ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ Հայկ Սարգսյանը խաղեր է տալիս կամ կարող է տալ՝ որոշ ընդդիմադիրների հետ, այդ պատճառով էլ փորձելու են նրան իր տեղը ցույց տալ։ Հենց այս պատճառով էլ Հայկ Սարգսյանը հավաքել է մերժված նախագծի փաստաթղթերի տրցակը ու կրկին եկել քննարկման՝ էլ ավելի բաց խաղաքարտերով: Երեկ նա, կարելի է ասել, մերկացրեց ոչ միայն թիմակիցներին, այլեւ՝ պաշտպանության համակարգն ու բանակը՝ որպես ինստիտուտ։

Հայտարարեց, որ Երեւանում զորակոչի թիվը կրիտիկական ցածր է. «Երբ մենք ասում ենք՝ հանրապետությունում 30-35% է զորակոչը, դա մարզերի հաշվին է այդքան, Երեւանում 10-16% է։ Տարի ենք ունեցել, որ 10 տոկոս է եղել, այսինքն՝ անհավասարությունը կա։ Այս օրենքի տապալմամբ ուզում են ասեն, որ, այ, չեղավ այդ անարդարությունը: Այդ անարդարությունը խորանալու է, ինչի համար ցավում եմ»։ Հայկ Սարգսյանը նշեց, որ իր առաջարկի դեպքում անձը 1 ամիս կծառայի, կմտնի պահեստազոր, ու երբ կլինեն ենթադրյալ մարտական գործողություններ կամ էսկալացիա, այդ մարդուն պետությունը կունենա իր պահեստազորում. «Այսինքն, ինքը ոչ թե կլիներ ՌԴ քաղաքացի, այլ կլիներ մի ամիս պատրաստված զինծառայող, որը կկարողանար համալրել զինված ուժերի շարքերը։ Իսկ այդ գումարով հնարավոր կլինի պրոֆեսիոնալ բանակ ստեղծել»: Նա անգամ մուննաթ էր գալիս թիմակիցների վրա։ «Բա չես ասում, որ քո բանակի աչքն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, քո զորքի թիվը 44 հազարից 14 տարում իջել է 14 հազար։ Ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք, իրար մեջ խոսում են, ասում են՝ Սարգսյան Հայկն իր PR-ի համար է անում։ Բանակի համար եմ անում, PR-ի համար անելուց լինեի, 50 տարի կլինեի էս խմբակցության պատգամավոր։ Էդ հարցերը, որ բարձրացնում եմ, դրա արդյունքում հարաբերություններ են փչանում նախարարների հետ, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ»,- հայտարարեց նա։
Ասաց նաեւ, որ բանակում չեն ուզում ծառայել, քանի որ վատ պայմաններ են, զինվորները շաբաթը մեկ են լողանում։

Ինքը բազմաթիվ բարձր դասարանցիներ գիտի, որոնցից դպրոցն ավարտելուց հետո որեւէ մեկը չի զորակոչվում բանակ: «Եթե ծանոթներ ունեք, հատկապես՝ էլիտար համարվող դպրոցներում, մի հատ կարող եք հարցումներ անել, թե, օրինակ, 2025 թվականին ձեր դպրոցից քանի տղա է ավարտել դպրոցը, քանիսն է գնացել բանակ։ Սխեման հետեւյալն է` ովքեր փող ունեն, մինչեւ 18 տարին լրանալը հրաժարվում են քաղաքացիությունից։ Այդ փողը Հայաստանում չեն ծախսում, դրսում են ծախսում՝ Եվրոպայում` շատ, Ռուսաստանում` ավելի քիչ։ Գումար է դուրս գալիս Հայաստանից դրա արդյունքում, այդ տղերքն են դուրս գալիս մեր պահեստազորից, հաշվառումից ընդհանրապես, ու մենք կորցնում ենք ե՛ւ իրենց, ե՛ւ իրենց գումարները։ Ես առաջարկել եմ՝ այս սխեման փակենք ու շուռ տանք, որ այդ գումարները ոչ թե հոսեն Հայաստանից դուրս, այլ գան հոսեն ծառայող տղաների գրպանները»։
ՔՊ մեծամասնությունն այս անգամ էլ մերժեց նրա նախագիծը: Մեր տեղեկություններով, հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո իշխանականներն այնքան են նյարդայնացել իրենց կուսակցի պահվածքից, որ քննարկել են հարցը` դիմել Փաշինյանին, նրան առաջարկել` ձգել Հայկ Սարգսյանի կապերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները

«Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները Sat, 08 Aug 2026 08:25:19…

13 րոպե ago

«Հրապարակ». Հաջորդը զինվորականներն են

«Հրապարակ». Հաջորդը զինվորականներն են Sat, 08 Aug 2026 08:20:48 +0400 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ…

17 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ

«Հրապարակ». Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ Sat, 08 Aug 2026 08:15:44 +0400 ԲՀԿ…

22 րոպե ago

«Հրապարակ». Հայկական ծիրանի մասին ռուս-ադրբեջանական սահմանին մատնել են «հայկական թերթերը»

«Հրապարակ». Հայկական ծիրանի մասին ռուս-ադրբեջանական սահմանին մատնել են «հայկական թերթերը» Sat, 08 Aug 2026 08:10:24…

28 րոպե ago

«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել

«Հրապարակ». Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել Sat, 08 Aug 2026…

32 րոպե ago

«Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել

«Հրապարակ». Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել Sat, 08 Aug 2026 08:00:07…

38 րոպե ago