«Հրապարակ». Հ1-ը սխալվում է` առաջ վատ էր, հիմա շատ ավելի վատ է
Tue, 07 Apr 2026 11:15:33 +0400

Իշխանությունների քարոզչությամբ զբաղվող Հանրային հեռուստաընկերությունն օրերս մի ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ խոսվում էր այն մասին, թե նախկին իշխանությունների օրոք ինչքան ծանր պայմաններում են աշխատել լրագրողներն ու լրատվամիջոցները, քանի-քանի անգամ են դաժան ծեծի եւ բռնության ենթարկվել եւ այլն: Փորձել էին հիմնավորել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ եթե ինքը չլինի, 4 ժամ էլ չենք աշխատի, որ գործազուրկ կդառնանք ու ֆայլաբազարում կկանգնենք: Ռեպորտաժում, որպես օրինակ, նշված են քաղաքագետ, նախկին լրագրող Արմեն Բաղդասարյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին ծեծի ենթարկելու դեպքերը: Բայց, որքան էլ զարմանալի է, ռեպորտաժում ո՛չ Արմեն Բաղդասարյանի կարծիքն է հնչում, ո՛չ էլ Արամ Աբրահամյանի: Նրանց փոխարեն խոսում են Փաշինյանի թիմակից, «Հայկական ժամանակ» օրաթերթի երկարամյա լրագրող Հայկ Գեւորգյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, որն իշխանական քարոզչությամբ է զբաղվում:
Եվ ոչ մի խոսք այն մասին, որ 2018-ից ի վեր լրագրողների եւ խմբագիրների դեմ ոչ պակաս ճնշումներ են գործադրվել` աննախադեպ դատական հայցեր, ընդդիմադիր լրատվամիջոցների խմբագրություններ ներխուժել եւ համակարգիչներ առգրավել, լրագրողների ու խմբագիրների թիրախավորում, խոսքի համար կալանավորվածներ, հավատարմագրումից զրկվածներ, բռնության դեպքեր էլ են եղել, օրինակ` լրագրող Անի Գեւորգյանին քաշքշելու կադրերը:
Արմեն Բաղդասարյանին հարցրինք` առա՞ջ էր ավելի դժվար ազատ խոսք արտահայտելը, թե՞ հիմա: Նա ասաց. «Հայաստանում խոսքի ազատությունը միշտ է եղել բարձր մակարդակի` առաջ էլ, հիմա էլ: Այլ հարց է, թե իշխանություններն ինչ մեթոդներով են փորձում ճնշել խոսքի ազատությունը: Բոլոր իշխանություններն էլ, այո, փորձել են ճնշել խոսքի ազատությունը, բայց հիմա շատ ավելի վատ է վիճակը, դիմում են ավելի կրեատիվ եւ ինստիտուցիոնալ մեթոդների եւ հենց այդ եղանակներով են փորձում լռեցնել ազատ խոսքը: Օրվա իշխանությունները զարգացրել են խոսքի ազատության ճնշման ձեւերը: Ինչ վերաբերում է նախկին արատավոր բարքերին, որ ինձ ծեծի էին ենթարկել եւ այլն, դա նորություն չէ, սակայն խնդիրն այն է, որ հիմա իրավիճակն ավելի վատ է: Այն, որ Հ1-ն իմ մասին ռեպորտաժ է պատրաստում եւ իմ կարծիքը չի ցանկանում լսել, դա ինձ համար նորմալ է, քանի որ եթե ինձ հարց ուղղեին, ես էլ հարցին հարցով էի պատասխանելու, թե ինչու Նիկոլ Փաշինյանին չեն հարցնում այն մասին, թե ինքը, որպես լրագրող, որքան հարձակումների է ենթարկվել, սակայն այսօր, երբ ինքը վարչապետ է, իր հերթին փորձում է լռեցնել ազատ խոսքը: Այդ ռեպորտաժի եւ իշխանությունների նպատակը խոսքի ազատությունը չէ, իրենց նպատակն ու մտահոգությունն այն է, որ ցույց տան հետեւյալը` առաջ վատ էր, հիմա լավ է: Եթե նրանց մտահոգությունն իսկապես լիներ խոսքի ազատությունը, ապա Հայաստանում այս վիճակը չէր լինի, հակառակը` կփորձեին հասկանալ, թե ինչու ենք հանգել այս կետին: Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ամեն ինչի հիմքում ինքն է, անգամ` Հայաստանի պետականության: Նախընտրական իրավիճակ է, նրա խնդիրը լավը երեւալն է: Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելուց բացի այլ նպատակ այս փուլում չունի: Առաջ էլ վատ էր իրավիճակը, բայց առաջ վատ էր, հիմա շատ ավելի վատ է: Այն ժամանակ, երբ լրագրողների նկատմամբ հարձակումներ էին իրականացվում, ամբողջ աշխարհում աղմուկ էր բարձրանում: Իմ դեպքը` վառ օրինակ: Ինձ անդրադարձել էր միջազգային մամուլը՝ BBC-ից սկսած, տարբեր ամերիկյան լրատվամիջոցներով վերջացրած: Այժմ նման բան չկա: Ասում են` իշխանությունը լավ է անում, քանի որ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում եւ այլն: Խոսքի ազատության համար պայքարող ՀԿ-ները եւ քաղհասարակությունն առհասարակ քարի պես լուռ են, իշխանությունները կարողացել են ստեղծել մի իրավիճակ, երբ կարողանում են թե՛ լռեցնել ազատ խոսքը, թե՛ այն ներկայացնել որպես Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված քայլ: Նրանք իրավիճակը կեղծում են ինստիտուցիոնալ»:
Արամ Աբրահամյանն էլ, խոսելով թեմայի մասին, ասաց. «Իմ դեմ ուղղված այդ դեպքը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերի 19-ին: 32 տարի է անցել այդ դեպքից: Այդ ժամանակ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, դեպքն այդպես էլ այն ժամանակ չբացահայտվեց: Ինչ վերաբերում է նրան, որ առաջ վատ էր, հիմա լավ է, ապա դա այդպես չէ: Չէի ասի, թե առաջ դրախտ էր, իսկապես՝ լինում էին բռնություններ` լրագրողների դեմ, սակայն չեմ կարող ասել, որ հիմա ավելի լավ է: Ստալինի ժամանակ էլ մարդկանց գուլագ էին ուղարկում` դե, եկեք այս տրամաբանությամբ այսօր շնորհակալ լինենք, որ մեզ էլ գուլագ չեն ուղարկում: Ես այդ համեմատությունները լավ չեմ հասկանում: Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց ձեռքերը ոլորած՝ ԱԱԾ-ականները դիմակով բռնության են ենթարկում` ինչ-որ մի բառի համար, կամ ինչ-որ մի լայքի համար այսօր մարդկանց են աշխատանքից ազատում կամ ցանկացած մեկի դեմ հայտնի ՊՈԱԿ-ի միջոցով կարող են բուլինգի կոմպանիա ստեղծել: Ասել, որ հիմա ավելի լավ պայմաններ են, չեմ կարող, առաջ էլ էր վատ, բայց հիմա էլ է վատ: ԱԺ-ում կան մի շարք նախկին լրագրողներ, ինչպես նաեւ վարչապետը եւս նախկին լրագրող է, ես ակնկալում էի, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը, բայց այդպես չեղավ: Առաջ շմայսներն ու թոխմախներն էին հարձակվում լրագրողների վրա, հիմա էլ ՔՊ-ի օլիգարխներն են նույն կոպտությամբ հարձակվում այն լրագրողների վրա, ովքեր անհարմար հարցեր են հնչեցնում»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր