Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Թրամփի վարկանիշը շարունակում է անկում ապրել

Թրամփի վարկանիշը շարունակում է անկում ապրել

Tue, 07 Apr 2026 14:45:39 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը վերջին շաբաթներին դարձյալ զգալի անկում է արձանագրել՝ մոտենալով նախագահության ներկայիս երկրորդ ժամկետի ամենացածր ցուցանիշին։ Ամերիկացիները, ներառյալ նաեւ պահպանողական ընտրողները, որոնց վրա հիմնականում հենվում է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը, ավելի ու ավելի շատ են տագնապած այն բանից, որ Իրանում պատերազմը կարող է ձգձգվել եւ ավելի բարդացնել տնտեսական վիճակը Միացյալ Նահանգների ներսում։

YouGov-ի եւ The Economist-ի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն, Թրամփի ներկայիս վարկանիշը վերջին շաբաթներին նվազել է 4 տոկոսով՝ 39 տոկոսից հասնելով 35-ի։ Reuters/Ipsos-ի համաձայն, Թրամփի վարկանիշը նվազել է 4 տոկոսով՝ 40-ից հասնելով 36 տոկոսի։ Ընդ որում, այս դեպքում հարցվածների 60 տոկոսը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը։ Միայն 35 տոկոսն է կարծում, որ Իրանի դեմ հարվածները ճիշտ են։ Ամերիկացիների 2/3-ը, ընդ որում, կարծում է, որ Թրամփը որքան հնարավոր է շուտ պետք է հասնի հրադադարի եւ իրանական ներկայիս հակամարտությունից դուրս բերի Միացյալ Նահանգները։ Թրամփի կողմնակիցների 40 տոկոսը կարծում է, որ հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները չեն հասել իրենց նպատակներին։ Հակապատերազմական տրամադրություններն ԱՄՆ-ում պատահական չեն։ Առաջին անգամ՝ վերջին երեք տարում, մեկ գալոն բենզինի գինը հատեց 4 դոլարը։ Գնաճը կազմեց ավելի քան 1 դոլար։ CNN/SSRS-ի մարտյան սոցհարցումն էլ ցույց է տալիս, որ ամերիկացիների միայն 31 տոկոսն է համաձայն Թրամփի տնտեսական քաղաքականությանը, 27 տոկոսն է աջակցում ինֆլյացիայի հարցում Թրամփի իրականացրած գործողություններին։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 44 տոկոս։ Այս ամենը նշանակում է, որ հանրապետականները եւս հիասթափվում են Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունից։

Առջեւում ԱՄՆ նախագահի միջանկյալ ընտրություններն են, իսկ 2028-ին նախագահական ընտրություններ են կայանալու։ Հանրապետականներն արդեն այժմվանից նախապատրաստվում են դրանց։ Հասկանալի է, որ այս սոցհարցումները նաեւ մտահոգում են նրանց։ Ու հատկապես նրանք անհանգստացած են նախագահական ընտրությունների ելքով։ Առայժմ դեռ քննարկվում է, թե այդ ընտրություններում ով է հանրապետականներին ներկայացնելու։ Հիմնական թեկնածուներն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն են։ Վենսը, որպեսզի կարողանա լիովին իրեն ռեալիզացնել, գոնե մի փոքր պետք է դուրս գա Թրամփի ստվերից։ Ռուբիոն կարծես թե ավելի ակտիվ է։ Ու թերեւս այդ ակտիվության շնորհիվ է, որ նրա հեղինակությունը պահպանողականների շրջանում սկսել է բարձրանալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անուն զեղչելով ո՞ւր եք հասնելու

Անուն զեղչելով ո՞ւր եք հասնելու Tue, 07 Apr 2026 16:45:48 +0400 Հարցնում եք՝ ինչո՞ւ են …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով