Ուկրաինայի հետքերո՞վ. ինչ է սպասվում Փաշինյանին եւ Հայաստանին
Tue, 07 Apr 2026 15:15:50 +0400

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին ապրիլմեկյան հանդիպումը շարունակում է թեժ քննարկումների առարկա մնալ ոչ միայն հայաստանյան շրջանակներում, այլեւ՝ Ռուսաստանում, հատկապես՝ պրոկրեմլյան գործիչների շրջանում։ Թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում ծավալվող դիսկուրսի հիմնական մեխն այն է, որ Պուտինը նախընտրական խանդավառությամբ եւ, ինչու չէ՝ քաղաքական «դաբրո» կամ «ըմբռնում» ստանալու ակնկալիքով Մոսկվա ժամանած Փաշինյանին իջեցրեց իրական հողի վրա, մատնանշեց Հայաստանի հետ հարաբերություններում Կրեմլի «կարմիր գծերը» եւ «քաղաքավարի ու դիվանագիտորեն» հասկացրեց, թե կոնկրետ ինչ է ակնկալում Ռուսաստանը դաշնակից Հայաստանից եւ Փաշինյանից՝ հատկապես։ Նա հայ գործընկերոջը հիշեցրեց ՀՀ-ի համար ռուսական գազի գների եւ ԵՄ սակագների միջեւ եղած էական տարբերության մասին, ընդգծեց նաեւ՝ միաժամանակ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում գտնվելն «անհնար է»:
ԼՂ հարցի վերաբերյալ էլ ՌԴ նախագահը շեշտեց, որ ՀԱՊԿ-ի կողմից «բացարձակապես սխալ» կլիներ միջամտել վիճելի տարածաշրջանի շուրջ գործընթացներին, քանի որ 2022 թվականին Երեւանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Եվ մեկ կարեւոր նյուանս․ Պուտինը հույս հայտնեց, որ ռուսամետ քաղաքական գործիչները, այդ թվում՝ նրանք, ովքեր ներկայում ձերբակալված են, չնայած ռուսական անձնագիր ունենալուն (Սամվել Կարապետյանի մասին է խոսքը՝ խմբ․), կկարողանան մասնակցել ՀՀ առաջիկա ընտրություններին: Փաշինյանը, չնայած այս կտրուկ գնահատականներին, Երեւան վերադառնալուց հետո ռուս գործընկերոջ հետ բանակցություններն արդյունավետ անվանեց, թեեւ այն ակնհայտորեն իր քաղաքական «նվաստացման» հերթական խայտառակ ակտերից էր։ Էլ չասենք՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հետգրությամբ արված ջղաձիգ մեկնաբանությունները՝ ալենսիմոնյանական հուսահատ մեսիջներով, թե բա՝ «Պուտինի դաբրոն այլեւս չի անցնում Հայաստանում» կամ՝ կարող ենք դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից։ Ռուսաստանի նախագահը «նրբորեն եւ քաղաքավարի ձեւով» Փաշինյանին փոխանցել է, որ Մոսկվան մնում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը, մեր տնտեսության միակ այլընտրանքը, НСН-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։ Նրա կարծիքով, Փաշինյանի «բախտը բերել» է, որ իրեն հյուրընկալել է Պուտինը, այլ ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հակառակ դեպքում «դա կհիշեցներ Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը, որը բոլորի ուշադրությունը բորբոքեց»։ Զատուլինը նաեւ նշել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի «հումորի զգացումը»՝ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը պլանավորելով «ստի օրը՝ ապրիլի 1-ին»։
Հիշեցնենք, որ 2025 թ․ փետրվարին Թրամփի վարչակազմի եւ ուկրաինական պատվիրակության միջեւ բանակցությունների ժամանակ Զելենսկու, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Թրամփի միջեւ տեսախցիկների առջեւ բանավոր վեճ է սկսվել։ Արդյունքում, ուկրաինացիները վաղաժամ լքեցին Սպիտակ տունը՝ առանց Վաշինգտոնի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ պայմանագիր ստորագրելու, որը պետք է լիներ նրանց այցի արդյունքը: Միջադեպը լայնորեն քննարկվեց լրատվամիջոցներում, իսկ Զելենսկին հետագայում գրավոր ներողություն խնդրեց Թրամփից։
Կրեմլյան թղթակից եւ «Կոմերսանտի» սյունակագիր Անդրեյ Կոլեսնիկովը Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպման մասին իր սյունակում նշել է Պուտինի ձեւակերպումների «ակնառու նմանությունը» Փաշինյանի եւ Եվրամայդանից կարճ ժամանակ առաջ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ զրույցների միջեւ․ «Ուկրաինան մտադիր էր ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ: Եվ այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը ձեւակերպեց իր դիրքորոշումն այս գաղափարի վերաբերյալ: Դե, Վիկտոր Յանուկովիչն ականջալուր եղավ, եւ մի՞թե դա այն պահը չէր, երբ նրան սկսեց տանել ժողովրդական զայրույթի ալիքը»։ Պուտինի՝ Փաշինյանի հետ զրույցը Կոլեսնիկովն անվանել է «ուշագրավ»՝ ենթադրելով, որ այն կարող է լինել «վերջի սկիզբը մասնակիցներից մեկի համար»։ Բայց ուշագրավ է նաեւ Մոսկվայի «վերջնագիրը»․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը մոտենում է այն կետին, որից հետո Մոսկվան «պետք է վերակառուցի իր տնտեսական հարաբերությունները» հանրապետության հետ։ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանին «արհեստավարժորեն գայթակղում» են ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ համագործակցությամբ, եւ «մինչ այժմ դա աշխատում է»։ Սակայն հանրապետության իշխանությունների կողմից կայացվող «թվացյալ տպավորիչ» որոշումները կտրված են իրականությունից եւ երկարաժամկետ հեռանկարում «ակնհայտ նյութական վնաս կպատճառեն» երկրին։
Փաշինյանը պնդում է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում «սպառնալիքի տակ չէ», բայց փաստերը «հակառակի մասին են խոսում»՝ նշել է ռուս պաշտոնյան․ «Հայաստանը, որոշելով դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, բախվել է նոր, շատ լուրջ սպառնալիքների, որոնց նախկինում չէր բախվել»։ Իր հերթին, Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի հետազոտական տնօրեն Դմիտրի Ժուրավլյովը նշել է․ «Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի եւ այլնի վերաբերյալ բավականին կոշտ հայտարարություններին, կարծում եմ, սա բարձրացնում է խաղադրույքները. հիմա նա ասում է. «Դուք, ռուսներ, համոզեք ինձ, թե ինչու վիճակն իրականում այդքան էլ վատ չէ»։ Մոսկվան պետք է մտածի, թե արդյո՞ք իրեն անհրաժեշտ է այս այցը, ոչ թե այն պատճառով որ ուզում է վիճել Հայաստանի հետ, այլ «կթու կովի» գաղափարը, որ ԱՊՀ երկրները պետք է անպայման ինչ-որ բան ստանան մեզնից, անարդյունավետ է»։
Ընդհանուր տպավորությունն այն է, որ իր վերարտադրման համար նպաստավոր պայմաններ փնտրող Փաշինյանի հերթական քաղաքական շոուն տապալվեց առնվազն Մոսկվայում, այն էլ՝ Պուտինի ուղերձներով ու շեշտադրումներով։ Մյուս բեմադրությունը, ամենայն հավանականությամբ, կտեսնենք մայիսին, երբ Երեւանում կկայանան Եվրոպական քաղաքական համայնքի, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովները։ Թե ինչ է սպասվում Հայաստանին եւ փաշինյանական իշխանախմբին Պուտինի «դատավճռից» հետո, եւ ով կհաղթի ԵՄ-ՌԴ աշխարհաքաղաքական դուելում, ժամանակի հարց է՝ երկու ամսվա հարց․․․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր