Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել

Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել

Tue, 07 Apr 2026 19:15:35 +0400


Երեկ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձ է կատարել ուղևորների տրանսպորտի ուղեվարձը չվճարելու խնդրին։ Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ է։ Ըստ Ավինյանի, տրանսպորտի հսկիչների ներգրավումը եւ տուգանքներ սահմանելն էլ օգուտ չի տվել և պետք է դիմել խիստ միջոցների, որպեսզի ուղեվարձի հավաքագրման ցուցանիշները բարելավվեն։ Տիգրան Ավինյանը կարծում է, որ վճարումներին պետք է մասնակից դառնան նաեւ ավտոբուսների վարորդները` նրանք պետք է հսկեն, որ անվճար որեւէ մեկը չօգտվի հանրային տրանսպորտից: Վարորդներին հանձնարարվել է լինել հետևողական և անհրաժեշտության դեպքում կանխել չվճարող անձանց երթևեկությունը, քանի որ իրենք նաեւ հավելավճարներ են ստանում հավաքվող ուղեվարձերից:

Երեկ Ավինյանի արած հայտարարությունից հետո այսօր առավոտյան արդեն «իրավիճակ էր փոխվել»` ավտոբուսների վարորդները սկսել էին հետեւել ուղեվարձի վճարումներին եւ ուղևորների նկատմամբ հսկողություն իրականացնել։ Նախ, ուղեւորներին արգելում էին հետեւի դռներից նստել, ստիպում էին, որ առջեւից նստեն եւ անմիջապես վճարեն ուղեվարձը, ինչի հետեւանքով հանրային տրանսպորտում այսօր բազմաթիվ կոնֆլիկտներ են ծագել: Մարդիկ դժգոհում էին վարորդների միջամտությունից: Անգամ մի ուղեւորի վարորդը իջեցրել էր ավտոբուսից: Որոշ վարորդներ նույնպես դժգոհ են, ասում են, որ իրենք չեն կարող հետեւել ուղեվարձի վճարումներին եւ չեն կարող պարտադրել ուղեւորներին վճարել: Ուղեւորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ինչպես կարող է վարորդը հետևել երթևեկությանը` մեզ ապահով տեղ հասցնել` առանց պատահարի, եւ միաժամանակ նայել, թե` ով է վճարում, ով` չէ»։ Մի կնոջ խոսքով էլ` իր տղան վարորդ է աշխատել, բայց այս խնդիրների պատճառով «թքել` դուրս է եկել աշխատանքից»։ Հասարակության շրջանում հաստատ այս գործընթացը շուտով կառաջացնի տարաբնույթ տեսակետներ։ Վարորդների և ուղևորների միջև առաջիկայում կոնֆլիկտներն անխուսափելի են լինելու։ Թեեւ վարորդներից մեկը ուղեւորներին այսօր ասաց, որ «թերհավաքագրումների պատճառով 30 ավտոբուս կանգնած է` չեն քշում»:

Մեզ նաեւ ասացին, որ առաջիկայում վարորդների աշխատավարձից եւ հավեվալվճարներից են պահումներ անելու: Քաղաապետարանում կարծում են, որ` «քանի դեռ իրենց գրպանին չէին կպնում, լուռ էին, հիմա գրպանին կկպնենք` ուղեվարձի վճարման ցուցանիշները կբարելավվեն»։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղ՝ հակառակորդի կանոններով

Խաղ՝ հակառակորդի կանոններով Mon, 06 Apr 2026 17:45:04 +0400 Իշխանությունն ասում է՝ մեր անվտանգության երաշխավորը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով