Մարդկանց հիմնականում հուզում է երկու խնդիր` անվտանգության և տնտեսական
Tue, 07 Apr 2026 21:45:24 +0400

Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը:
Ներկայացվել են արդի հիմնախնդիրների, քաղաքական իրավիճակի, կուսակցությունների վարկանիշների, Իրան – Իսրայել/ԱՄՆ հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ «Բազառ-Բլոտ» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է ապրիլի 1-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում:
Օրինակ հարցին՝ Ձեր կարծիքով, որոնք են մեր երկրի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները, հարցվածները պատասխանել են հետևյալ կերպ՝ ամենակարևոր խնդիրը երկրի անվտանգությունն է` 45 տոկոս, իսկ երկրորդ ամենակարևոր հարցը` Իրան-ԱՄՆ պատերազմն է` ի դեպ հայ հանրության 57.9 տոկոսն աջակցում է Իրանին, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները օրնիբուն հայտարարում են, որ ԱՄՆ-ն է Հայաստանի անվանգության երաշխավորը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ խոսելով վերոնշյալ հարցերի մասին, ասում է. «Մեծամասնությունը, բնականաբար, մտահոգ է անվտանգության հարցերով, ի վերջո պատերազմներ են եղել և այլն: Ինչ վերաբերվում է Իրանի պատերազմին, մարդիկ կարծում են, որ այն կարող է Հայաստան տեղափոխվել և բնական է, որ հայ հասարակությունը, հատկապես այն զանգվածը, որը մտահոգված է անվտանգությամբ, մտահոգ է նաև Իրանում կատարվող պրոցեսներով: Առհասարակ, վերոնշյալ երկու հարցերն էլ մեծ հաշվով հենց անվտանգությանն են վերաբերվում:
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ենթարկում է շանտաժի, ասում է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ և Հայաստանում պատերազմ չի լինի` իր իշխանավարման շրջանում, այս առումով նա իր տեսակետից ճիշտ կետին է խփում և շանտաժի միջոցով փորձում է քվեներ ստանալ: Ես սոցիոլոգ չեմ և չեմ կարող հստակ թվերի մասին խոսել, սակայն ինձ թվում է, որ այդ շանտաժը որոշ առումով կարող է աշխատել: Այս ամենը չեզոքացնելու ուղղությամբ պետք է աշխատեն ընդդիմադիր քաղաքական ուժերը:
Ինչ վերաբերում է նրան, որ հայ հասարակությունն աջակցում է Իրանին, այլ ոչ թե Ամերիկային, ապա Իրանի պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի կարող անվտանգություն երաշխավորել անգամ այն դեպքում, երբ ունի ռազմական բազաներ: Ծոցի արաբական երկրներն իրենց հույսը դրել էին ԱՄՆ-ի վրա: Ինչպես տեսանք Իրանը կարողացավ ռմբակոծել ծոցի երկրներին, իսկ ԱՄՆ-ն որևէ կերպ չկարողացավ կանխել դա: Հայաստանում բազաներ ընդհանրապես գոյություն չունեն, ուստի ԱՄՆ-ն որևէ կերպ չի կարող այստեղ անվտանգություն երաշխավորել: Մարդիկ սա, կարծես, հասկանում են»:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ, մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասաց. «Հետպատերազմյան հասարակությունները սովորաբար պատերազմի նկատմամբ ֆոբիա են ունենում: Մեր հասարակության համար առաջնային է այն հարցը, որ նոր պատերազմի նախադրյալ չստեղծվի: Անվտանգության հարցի տակ ամեն մեկս կարող ենք մի բան հասկանալ` պատերազմի վտանգ, Իրանի պատերազի տարածման վտանգ` դեպի մեր ռեգիոն, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամ: Ցանկացած հարցվող ունի իր մտահոգությունը: Սովորաբար հասարակություններին հիմնականում հուզում է երկու խնդիր` անվտանգության և տնտեսական»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր