Ֆիլմեր, որոնք արժե դիտել
Wed, 08 Apr 2026 00:30:05 +0400

Ամերիկյան արտադրության Powder կինոնկարն էկրան է բարձրացել 1995 թվականին։ Ռեժիսորն է Վիկտոր Սալվան։ Ստեղծվել է Hollywood Pictures-ում։ Կինովարձույթ է մտել 1995 թ. հոկտեմբերի 27-ին։ Գլխավոր դերերում են Շեյն Պատրիկ Ֆլաներին, Մերի Սթինբուրգենը, Լանս Հենրիկսենը եւ Ջեֆ Գոլդբլամը։ Կինոնկարը համադրում է գիտական ֆանտաստիկայի, սոցիալական դրամայի եւ փիլիսոփայական առակի ժանրային տարրերը՝ բարձրացնելով մարդու էությանը, իրենից տարբեր մարդու հանդեպ վերաբերմունքին առնչվող հարցեր։ Կինոնկարի բյուջեն եղել է 9,5 միլիոն դոլար։ Կարողացել է ունենալ կինովարձույթում 30,9 միլիոն դոլար։ Ֆիլմը պատմում է Ջերեմի Ռիդի մասին, մականունը՝ Powder։ Նա ունի անսովոր սպիտակ մաշկ, չունի մազածածկույթ, նման է ալբինոսի։
Համաձայն սյուժեի, Ջերեմիի մայրը մահացել է հղի ժամանակ՝ կայծակի հարվածից։ Երեխային հրաշքով են փրկել։ Ջերեմիին դաստիարակել են տատիկն ու պապիկը՝ ֆերմայում։ Նա գործնականում արտաքին աշխարհի հետ շփում չի ունեցել։ Գիտելիքների եւ ճանաչողության միակ աղբյուրը եղել են գրքերը։ Երիտասարդ Ջերեմին ունի բացառիկ ինտելեկտ։ Բարեկամների մահվանից հետո իշխանությունները երիտասարդին հայտնաբերում են ֆերմայի տան նկուղում եւ ուղարկում դեռահասների խնամքի հաստատություն։ Սակայն հասարակության հետ ադապտացիան շատ դժվար է ստացվում։ Անսովոր արտաքինի եւ տարօրինակ ունակությունների պատճառով՝ Ջերեմին հասակակիցների կողմից դառնում է ծաղրի եւ ագրեսիայի առարկա։ Աստիճանաբար պարզվում է, որ տիրապետում է անսովոր հոգեֆիզիոլոգիական կարողությունների։ Կարողանում է կարդալ մարդկանց մտքերն ու էմոցիաները, կառավարել էլեկտրաէներգիան։ Հատկապես սիմվոլիկ է կինոնկարի վերջին դրվագը, երբ Ջերեմին կայծակի հարվածից հետո անհետանում է, տեղափոխվում այլ գոյության վիճակ։ Կինոնկարի երաժշտությունը գրել է Ջերի Գոլդսմիթը, ինչը հավելյալ շուք է տվել ժապավենին։ Կինոժապավենի ստեղծումն ուղեկցվել է սկանդալով։ Ռեժիսոր Սալվան անչափահաս դերասանների նկատմամբ բռնություն գործադրելու համար երիտասարդ տարիքում դատապարտված է եղել։ Այդ պատճառով դեռ ստեղծման փուլում կոչեր են հնչել՝ բոյկոտել կինոնկարը։ Այն հետաքրքիր կինոնկար է, որը ստիպում է եւս մեկ անգամ մտորել համամարդկային արժեքների, համակեցության ու մարդկային էության մասին։
«Երիտասարդ Վիկտորյա» պատմական դրաման էկրան է բարձրացել 2009 թվականին։ Սա պատմական հետաքրքիր ֆիլմ է` նվիրված Բրիտանիայում ամենաերկարը գահակալած թագուհուն՝ Վիկտորյային։ Կինոնկարը պատմում է քաղաքական բարդ իրավիճակի, պալատական ինտրիգների, իշխանության համար պայքարի, երիտասարդ գահաժառանգ արքայադստեր սիրո եւ ապագա ամուսնու՝ արքայազն Ալբերտի հետ ծանոթության մասին։ Ռեժիսորը Ժան Մարկ Վալեն է։ Գլխավոր դերում հանդես է եկել Էմիլի Բլանթը։ Արքայազն Ալբերտի կերպարը մարմնավորել է Ռուպերտ Ֆրիենդը։ Կինոնկարի պրոդյուսերն աշխարհահռչակ Մարտին Սկորսեզեն է։ Դեպքերը ծավալվում են 19-րդ դարում։ Վիլյամ 4-րդ թագավորի մահվանից հետո երիտասարդ գահաժառանգ՝ արքայադուստր Վիկտորյան հայտնվում է բարդ քաղաքական պայքարի եւ պալատական ինտրիգների կենտրոնում։ Կինոնկարում ցույց է տրված, թե ինչպես է Վիկտորյան ազատվում մոր ու ազդեցիկ պալատականների խնամակալությունից եւ ձեռք բերում ինքնուրույնություն։ 1837 թվականին գահ բարձրանալուց հետո (ի դեպ, բրիտանական միապետներից ամենաերկարն է իշխել՝ մինչեւ 1901-ը) սկսում է ձեւավորել սեփական քաղաքական հայացքները եւ աստիճանաբար բարձրացնում է բրիտանական միապետի հեղինակությունը՝ սահմանադրական միապետության պայմաններում։ Կարեւոր գիծ են Վիկտորյայի եւ արքայազն Ալբերտի հարաբերությունները։ Նրանց ամուսնությունը ոչ միայն դինաստիական ամուսնություն էր, այլ նաեւ՝ խոր անձնական զգացմունքների արդյունք։ Ալբերտը կինոնկարում պատկերված է որպես սկզբունքային եւ կրթված մարդ, որը ստանձնում է թագուհի կնոջ գլխավոր հենարանի եւ խորհրդականի դերը։ 1840-ին նրանք ամուսնանում են եւ Եվրոպայի պատմության մեջ համարվում են ամենից հայտնի զույգը։ Իրականում էլ արքայազն Ալբերտը Վիկտորյա թագուհու կառավարման շրջանում բրիտանական հասարակական եւ մշակութային կյանքում մեծ ազդեցություն է ունեցել, որը կոչվում է նաեւ Վիկտորիանական դարաշրջան։ Կինոնկարն աչքի է ընկնում պատմական միջավայրի, ժամանակի եւ մթնոլորտի դետալային մանրակրկիտ վերակերտմամբ։ Դրա համար էլ այն արժանացել է կինոդիզայնի համար լավագույն մրցանակի՝ 82-րդ Academy Awards-ի ժամանակ։ Ֆիլմը հետաքրքիր կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր սիրում են պատմական դրամաներ եւ հատկապես՝ բրիտանական կինոն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր