«Հրապարակ»․ Իշխանությունն իր վախերն այլեւս չի կարողանում թաքցնել

«Հրապարակ»․ Իշխանությունն իր վախերն այլեւս չի կարողանում թաքցնել

Wed, 08 Apr 2026 08:45:36 +0400


Հունիսի 7-ի համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնության հավակնող եւ այդ քվեներն արդեն իր գրպանում երեւակայող իշխող ուժը երեկ բացահայտեց, որ իրականում բոլորովին այդպես չէ, եւ իրենք ամեն գնով փորձում են փակել ընդդիմադիրների ճանապարհը: Երեկ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանական ծանր մարտերից հետո ՔՊ-ին մի կերպ հաջողվեց հաղթանակ տանել եւ Ընտրական օրենսգրքում փոփոխություն իրականացնել, որ ընդդիմադիր ուժը` «Ուժեղ Հայաստանը», չկարողանա ընտրություններին մասնակցել Սամվել Կարապետյանի անվան տակ։ Մի քանի ձախողված փորձից հետո թեժ պայքարում անցկացրին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որով ասվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։

Պարզ է, որ այս նախաձեռ­նությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ: Իշխանությունները, որ անցած տարվանից կատաղի պայքար են սկսել Կարապետյանի դեմ՝ է՛լ ունեցվածքն են խլում, է՛լ ապօրինի քրեական հետապնդման ենթարկում, մինչեւ անգամ նրա լուսանկարների դեմ պայքարում, ոչ մի կերպ չեն հանգստանում` պարտության վախը հզոր է։ Մի կողմից, իշխանական ողջ ռեսուրսն ուղղել են Կարապետյանի դեմ, արգելել են նրան հրապարակային հանդես գալ, ծաղրում են, թե արհեստական բանականության միջոցով է հանդես գալիս ու չունի ժողովրդի վստահությունը, մյուս կողմից էլ կռիվ են տալիս անգամ նրա անվան ու ստվերի դեմ՝ մատնելով իրերի իրական վիճակը: ՔՊ-ն տագնապած է եւ փորձում է անգամ փրփուրներից կախվել` իշխանությունը պահելու համար։

Հիմա ներկայացնենք այս օրենսդրական նախաձեռնության պատմությունը. ընդամենը երկու տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերին, ՔՊ-ն Ընտրական օրենսգրքից հեռացրել էր այն դրույթը, որով արգելվում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն օրերս հիշեցրել էր, որ 2025 թվականից առաջ Ընտրական օրենսգիրքն արգելում էր նման հնարավորությունը, սակայն 2024 թ. դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ, առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու, այդ արգելքը հանվել է։

«Ինձ ահագին զարմացնում է իշխանություններից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել Ընտրական օրենսգիրքը, բայց հետո այդ փոփոխության պատճառով գլուխները պատով են տալիս»,- նշել էր Իոաննիսյանը։ Թե որն է այս դրույթը հանել-դնելու պատճառը, ինչու է այն հանվել օրենսգրքից, ապա վերականգնվել, եւ հիմա նորից են փորձում վերականգնել, ՔՊ-ից երեկ այդպես էլ հստակ պատասխաններ չհնչեցին: Միակ բացատրությունն այն էր, թե իբր տեխնիկական վրիպակ է եղել, չեն նկատել, երբ նկատել են՝ այսինքն հիմա, որոշել են կրկին չեղարկել, քանի որ ամբողջովին համամասնական ընտրակարգի դեպքում իբր անթույլատրելի է անձանց անունով քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Փաստորեն, մի քանի տարվա ընթացքում տասնյակ անգամներ Ընտրական օրենսգիրք փոխած իշխող ուժում չի գտնվել գեթ մեկ կոճակ սեղմող, որ սեղմելուց առաջ իրեն նեղություն տար եւ կարդար օրենքի նախագիծը, մինչդեռ միլիոնավոր դրամների պարգեւավճար են ստանում՝ իբր լավ աշխատանքի համար։

Եթե անգամ ընդունենք, որ այդ փոփոխության բովանդակային մասով, իսկապես, չկան առարկություններ, սակայն ընտրություններից երկու ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովն արգելել է խաղի կանոնների փոփոխություն կատարել եւ ԸՕ հիմնական դրույթներ փոխել։ Երեկ, ընդդիմադիրների այս նկատառումներին ի պատասխան, ՔՊ-ականները թութակի պես պնդում էին, որ ընդամենը տեխնիկական վրիպակ են շտկում։ Եվ այդ համառ ու անհիմն պնդումներով էլ ցույց էին տալիս, որ նոր փոփոխությունն արվում է բացառապես ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ բացահայտելով իշխող ուժի սարսափն ընդդիմադիր թիվ մեկ դաշինքից։ Անգամ պրոիշխանական Դանիել Իոաննիսյանը, որ երեկ խորհրդարան էր եկել այլ գործերով, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այդ կարգավորումը, արգելքը պետք է, բայց այդ արգելքն ընտրություններից երկու ամիս առաջ բերելը խնդրահարույց է։ «Եթե այս փոփոխությունը լիներ գոնե մի քանի ամիս առաջ, մենք դա կողջունեիք։ Ակնհայտորեն, որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձեւավորել կամ ձեւավորում, եւ հիմա նրանք որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու»,- ասաց նա։

ՔՊ խմբակցությունը նախագիծն ընդունելու համար երեկ ստիպված եղավ երկու անգամ ԱԺ արտահերթ նիստն ընդմիջել, չէին կարողանում օրենքի ընդունման համար պահանջվող սահմանադրական մեծամասնությունն ապահովել դահլիճում` 69 հոգանոց ֆրակցիայում մոտ մեկ ժամ հետո միայն կարողացան 65 ՔՊ-ական պատգամավորի ներկայություն ապահովել. Հայկ Սարգսյանն ի սկզբանե դահլիճում չէր, նախորդ օրվա միջադեպից հետո երեւի բոյկոտել էր նիստը, փոխարենը՝ Գեղամ Նազարյանը ՔՊ-ականներին միացավ եւ կողմ քվեարկեց, քվեարկությունից առաջ Արթուր Հովհաննիսյանը մոտեցել էր նրան` հավանաբար նման ցուցում տվեց, եւ օրենքի փոփոխությունն իրականացվեց։

ՀՀ խելացի քաղաքացին, տեսնելով, թե ինչ ստրկական վիճակ է տիրում ՔՊ-ում, եւ ինչպես են ցանկացած օրենք` կոճակ սեղմելով ընդունում, պետք է մի որոշում կայացնի` ամեն ինչ անել, որ հաջորդ խորհրդարանում նման կոճակ սեղմողներ չհայտնվեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալեքսանյանները տժժում են «Փարվանայում»

Ալեքսանյանները տժժում են «Փարվանայում» Sat, 02 May 2026 00:21:02 +0400 Ինչպես երեկ գրել էինք, բոլոր…

7 ժամ ago

Պատմելու եմ դրանց մասին. շատ վատ բաներ եմ տեսնում

Պատմելու եմ դրանց մասին. շատ վատ բաներ եմ տեսնում Fri, 01 May 2026 23:45:28 +0400…

7 ժամ ago

Գալիս է մի տարիք, երբ երկու մոմ պետք է փչես

Գալիս է մի տարիք, երբ երկու մոմ պետք է փչես Fri, 01 May 2026 23:30:22…

8 ժամ ago

2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ Կարապետյան

2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ Կարապետյան Fri, 01 May…

8 ժամ ago

Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է

Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Fri, 01…

8 ժամ ago

Որ ըմպելիքն է համարվում «ծերացման գլխավոր թշնամին»

Որ ըմպելիքն է համարվում «ծերացման գլխավոր թշնամին» Fri, 01 May 2026 23:00:59 +0400 Դիետոլոգ Վել…

8 ժամ ago