«Հրապարակ»․ Ընտրողը պիտի գիտակցի, որ իր ձայնը ոչ թե անձի, այլ պետության գոյության համար է

«Հրապարակ»․ Ընտրողը պիտի գիտակցի, որ իր ձայնը ոչ թե անձի, այլ պետության գոյության համար է

Wed, 08 Apr 2026 09:15:59 +0400


Մեր զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ, քաղաքագետ Տաթեւ Զորյանն է։

– Ապրիլի 6-ին ՀԱԿ-ը հայտարարեց, որ, չնայած գործադրված ջանքերին, «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չի կայացել, ուստի ընտրություններին կմասնակցեք առանձին: Ո՞րն է ՀԱԿ-ի առաջնային օրակարգը։

– Հայաստանի պետականության փրկությունը եւ սուբյեկտայնության վերականգնումը: «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի չկայանալը տեխնիկական եւ մարտավարական հարց է, որը չի փոխում մեր ռազմավարական նպատակը: ՀԱԿ-ը գնում է ընտրությունների առանձին՝ ներկայացնելու այն ռացիոնալ այլընտրանքը, որն այսօր օդուջրի պես անհրաժեշտ է մեր երկրին: Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր այն ուժերի հետ, որոնք գիտակցում են պահի լրջությունը եւ պատրաստ են հրաժարվել ամբիցիաներից՝ հանուն պետական շահի:

– Ընդդիմությունը կկարողանա՞ համախմբվել ընդդեմ ռեժիմի վերարտադրության, եւ ի՞նչ դեր կունենա այդտեղ ՀԱԿ-ը։

– Կոնգրեսը միշտ, այդ թվում՝ 2021-ին, եղել է կոնսոլիդացիայի կողմնակից, բայց ոչ թե «նախկին-ներկա» արհեստածին օրակարգի շրջանակում կամ առաջնորդվելով իշխանություն վերցնելու շարժառիթով, այլ` հանուն ճգնաժամային կառավարման եւ երկրի փրկության։ Միավորման գլխավոր նախադրյալը պետք է լինի ընդհանուր հայկական օրակարգը՝ կանխել Հայաստանի վերջնական կազմալուծումը: ՀԱԿ-ի դերն այս գործընթացում առանցքային է, քանի որ մենք տիրապետում ենք այն պետականաստեղծ փորձին եւ դիվանագիտական զինանոցին, որը թույլ կտա երկիրը դուրս բերել ցուցադրական եւ դատարկ «խաղաղության դարաշրջանի» թակարդից:

– Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում ասաց, որ իրենք ընտրություններին չեն մասնակցի, բայց ամեն ինչ կանեն, որ քաղաքացիները ձայն տան ընդդիմադիր ուժերին։ Ինչպիսի՞ն է ՀԱԿ-ի արձագանքն այս առաջարկությանը, համագործակցության եզր տեսնո՞ւմ եք։

– Ընտրություններին ՀՀԿ-ի չմասնակցելու որոշումը կարող է որոշակի սեգմենտներ ազատել քաղաքական դաշտում։ Սակայն ՀԱԿ-ի համար համագործակցության եզրերը որոշվում են ոչ թե անձերով, այլ՝ ռազմավարական նպատակներով: Եթե կան առաջարկներ, որոնք նպաստում են ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը եւ ռեժիմի հեռացմանը, դրանք պետք է քննարկվեն քաղաքական հարթության մեջ: Մեր սկզբունքը պարզ է՝ պետական շահը վեր է ցանկացած կուսակցական կամ անձնական հակասությունից։

– Իշխանությունը կրկին գործի է դրել «պատերազմից վախի քաղաքականությունը»։ Շանտաժով փորձում են վերարտադրվել՝ գուժելով վերահաս պատերազմ: Վրաստանում, օրինակ, այդ հնարքը 2024 թ․ հոկտեմբերին օգնեց գործող վարչակազմին։ Մենք ի՞նչ սպասենք։

– Պատերազմի շանտաժը սեփական անճարակությունն ու ապազգային քաղաքականությունը քողարկելու գործիք է: Վրացական օրինակի հետ զուգահեռները խիստ վտանգավոր են։ Եթե Վրաստանում վերոնշյալ տեխնոլոգիան ծառայեց պետության ներքին կայունությանը, ապա Հայաստանում տեսնում ենք հակառակ պատկերը. Փաշինյանը պատերազմի վախն օգտագործում է որպես հոգեբանական մահակ, դամոկլյան սուր` սպասվելիք նոր զիջումները լեգիտիմացնելու համար: Սա վտանգավոր խաղ է, քանի որ վախեցած եւ պատերազմի արհավիրքի միջով անցած հասարակությունը, հնարավոր է, չկարողանա դիմադրել: Մեր խնդիրն է՝ ցույց տալ, որ պատերազմի այլընտրանքը ոչ թե կապիտուլյացիան է, այլ՝ գրագետ դիվանագիտությունն ու պետական կառավարումը։

– «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» նախընտրական մեթոդը նորություն չէ․ գրեթե բոլոր իշխանությունների օրոք ընդդիմությունը թիրախավորվել է՝ իբր պատերազմ բերող ուժ։ Ե՞րբ է կտրվելու այս արատավոր շղթան, թե՞ դա մեր երկրի անվտանգային առանձնահատկությամբ ու աշխարհագրական դիրքով է պայմանավորված։

– Նախ, պետք է հստակ եւ մեկընդմիշտ տարբերենք 2 մոտեցում. Տեր-Պետրոսյանի առաջարկած խաղաղությունը հիմնված էր փոխզիջումների եւ միջազգային երաշխիքների վրա՝ հաղթանակած պետության դիրքերից։ Դա իրատեսական հնարավորություն էր՝ կանխելու մերօրյա աղետը եւ կառուցելու կայուն ապագա։ Նիկոլ Փաշինյանի «խաղաղությունը» պարտվածի նահանջ՝ է` առանց որեւէ երաշխիքի։ Սա ոչ թե կանխում է պատերազմը, այլ լեգիտիմացնում է թշնամու հաջորդ հարձակումը։ Այս շղթան արատավոր դարձավ այն ժամանակ, երբ պատերազմի եւ խաղաղության հարցը քաղաքական ուժերի կողմից օգտագործվեց որպես պարզունակ քաղաքական կամ նախընտրական մանիպուլյացիա, այլ ոչ թե պետական ռազմավարություն կամ ազգային անվտանգության հարց։ ՀԱԿ-ի դիրքորոշումը հստակ է եւ անփոփոխ. խաղաղությունը ոչ թե բարի ցանկություն է, սրտիկ-փուչիկ, այլ՝ քաղաքական հաշվարկի եւ ռազմավարական մտածողության արդյունք։

– ՀՀ առաջին նախագահը պարբերաբար քննադատում է գործող իշխանություններին եւ Փաշինյանին (ազգակործան պատուհաս)։ Կհաջողվի՞ այս ընտրություններով հեռացնել ապազգային իշխանություններին՝ հաշվի առնելով ընդդիմադիր դաշտի հակասությունները։

– Նախագահ Տեր-Պետրոսյանի բնորոշումը ժամանակի ընթացքում, ցավոք, միայն հաստատվում է: Այո՛, ընդդիմադիր դաշտում կան հակասություններ, բայց այսօր խնդիրը ոչ թե «իշխանություն վերցնելն է», այլ` պետության փրկությունը: Եթե ընտրողը գիտակցի, որ իր ձայնը ոչ թե անձի, այլ պետության գոյության համար է, այս ապազգային ռեժիմի հեռացումը կդառնա անխուսափելի իրողություն: ՀԱԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի այդ գիտակցումը դառնա տիրապետող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գոհար Ղումաշյանի նորածին փոքրիկին դատարան բերեցին, որ մայրը կերակրի

Գոհար Ղումաշյանի նորածին փոքրիկին դատարան բերեցին, որ մայրը կերակրի Wed, 15 Apr 2026 03:07:41 +0400…

3 ժամ ago

Կամ վախենում են, կամ վախ են ներշնչում

Կամ վախենում են, կամ վախ են ներշնչում Wed, 15 Apr 2026 01:26:44 +0400 Բարդ չէ…

4 ժամ ago

Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների

Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների Wed, 15 Apr 2026 00:23:16…

6 ժամ ago

Աշոտյանը փնտրել է ու չի գտել

Աշոտյանը փնտրել է ու չի գտել Wed, 15 Apr 2026 00:20:37 +0400 Լուր տարածվեց, որ…

6 ժամ ago

Ինչպես են Նիկոլ Փաշինյանի աղջիկները զվարճանում

Ինչպես են Նիկոլ Փաշինյանի աղջիկները զվարճանում Tue, 14 Apr 2026 23:56:13 +0400 Latest news from…

6 ժամ ago

Եռաբլուրի «հիմնանորոգված» մուտքը, կոռուպցիոն սխեմայի բացահայտու՞մ

Եռաբլուրի «հիմնանորոգված» մուտքը, կոռուպցիոն սխեմայի բացահայտու՞մ Tue, 14 Apr 2026 23:52:34 +0400 Ապրիլի 14֊ին բլոգեր…

6 ժամ ago