«Հրապարակ»․ Եթե գազն անգամ 250 դոլար դառնա, մեր տնտեսությունն ամբողջությամբ կքանդվի
Wed, 08 Apr 2026 09:45:11 +0400
«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է:
– Ռուսաստան կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է Ռուսաստանի նախագահին պատասխանել Իլհամ Ալիեւի եւ Ալեն Սիմոնյանի շուրթերով: Ալիեւը նոտա հղեց Պուտինին, թե չխոսեք Արցախի մասին, Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ եթե Հայաստանում գազի սակագինը բարձրանա, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից: Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանքներ կունենա այս ամենը:
– Սկսենք նրանից, թե ինչու կայացավ այդ այցը: Նիկոլն ինքն է խնդրել, որ այդ հանդիպումը կայանա: Նա, հավանաբար, հույս ուներ, որ այս անգամ էլ կասի` Վլադիմիր Վլադիմիրովիչ, մեզ մոտ ամեն ինչ լավ է, Պուտինն էլ կպատասխանի` լավ է, որ ամեն ինչ լավ է, եւ Փաշինյանը ցույց կտա, որ իրեն նաեւ Ռուսաստանն է հանդուրժում, քանի որ ինքն ամենաուժեղ ղեկավարն է, որն իրավունք ունի նման քաղաքականություն վարելու: Մի տեղ հակառուսականություն տարածելու եւ հետո էլ ցույց տա, որ, տեսեք, ես կարողանում եմ Ռուսաստանի հետ լեզու գտնել: Այս անգամ նրա մոտ դա չստացվեց: Չստացվեց, որովհետեւ դիվանագիտական տեսանկյունից աննախադեպ բան տեղի ունեցավ: Նման այցերի ժամանակ փակ նիստերի ժամանակ են խոսում խնդրահարույց հարցերի մասին եւ, առհասարակ, դժգոհություններ հայտնում միմյանց, բայց այս անգամ բանը հասավ նրան, որ այդ մասին խոսվեց հրապարակավ, իսկ դա նշանակում է, որ, ինչպես ժողովուրդն է ասում` դանակը հասել էր ոսկորին: Թե որքանով էր անհրաժեշտ այս փուլում, դա այլ հարց է: Դաշնակից երկրների փոխհարաբերությունները պետք է պարզաբանվեն, սակայն սա այլ թեմա է: Ինչ վերաբերում է այս մարդկանց կեցվածքին, ապա ինձ մոտ տպավորություն է, որ կարկատաններով քայլող մարդիկ են հայտնվել իշխանության գլխին, մինչդեռ նման մարդիկ առաջներում հասկանում էին, որ իրենք ինչ-որ մի բանում չեն հաջողել: Հասարակությունը եւ պետությունը առաջներում կարեկցում էին նման մարդկանց, իսկ այժմ այդ տեսակի մարդիկ, ցավոք, իշխանության մաս են դարձել, եւ իրենց թվում է, որ հավերժ են իրենք: Այն, ինչ անում են այսօրվա իշխանությունները, լկտի քաղաքականության նշան է: Եթե դու անդադար քծնում ես Ալիեւին, Էրդողանին, որոնք ոչ մի աղերս չունեն հայկական շահի հետ, իսկ հետո մեր կենսունակությունն ապահովող Ռուսաստանին, որտեղից միլիոնավոր տրանսֆերտներ են գալիս Հայաստան, ի դեպ` սխալ թվեր են ասում, պնդում են, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն տրանսֆերտի մասին է, սակայն իրականում միլիարդների է այն հասնում: Ահռելի գումար է մտնում ՌԴ-ից Հայաստան, բազմաթիվ ընտանիքներ իրենց գոյությունն ապահովում են այդ փողերով: Ինչ վերաբերում է քաղաքականության էությանը, ապա ինձ համար, մեր կուսակցության համար միանշանակ է, որ այս ամենը ծրագրված է: Ամեն բան անելու են, որ Հայաստանի Հանրապետությունից միայն անունը մնա, իսկ էությունը չլինի: Սա հետեւողական աշխատանք է, որն անում է այս տղան, որն իրեն դեռ խմբագիր է կարծում: Նա չի հաշտվում այն մտքի հետ, որ Հայաստանը կարող է հնարավոր զարգացում եւ հաջողություններ ունենալ: Նա անում է այն, ինչ ցուցադրական է, սակայն խորքային քաղաքականության տեսանկյունից ավերում է մեր պետությունը, պառակտում է մեր ազգը…. ինձ համար այս ամենը հասկանալի է, հուսանք, որ ուղիղ 2 ամսից կգա այս ամենի վերջը, իսկ եթե անգամ 2 ամսից չգա, ապա այն անպայման լինելու է: Ժողովուրդը չի հարմարվելու այս խայտառակության հետ: Ռուսաստանի կողմից այժմ իրողություն է ֆիքսվում, այստեղ չկա սպառնալիք: Եթե Հայաստանն այլ ճանապարհով գնա, ապա իրավիճակը, բնականաբար, կփոխվի: Այս մարդը Պուտինի աչքերի մեջ նայելով ասում է` երբ հարկ կհամարենք, այդ ժամանակ էլ կորոշենք, թե որ ուղղությամբ ենք շարժվում: Պատկերացրեք մի իրավիճակ. ձեր մտերիմ ընկերը կանգնի ասի` ավելի շահավետ ընկեր եմ փնտրում, եթե գտա, գնալու եմ նրա հետ, քեզ մենակ թողնելով: Պարզ չէ՞, որ նման պարագայում ցանկացած ադեկվատ մարդ իր գործողությունների ընթացքը կփոխի, կփոխի իր վերաբերմունքն ու անելիքները:
– Հնարավո՞ր է այս ամենի ֆոնին գազի գինը Հայաստանում շեշտակի թանկանա:
– Ամեն ինչ հնարավոր է: 177,5 դոլարը ցածր գին է այսօրվա դրությամբ: Հայաստանի համար անգամ 250-ը մեծ թիվ կարող է լինել: Այն ամբողջապես մեր տնտեսությունը կքանդի: Եթե հույսները դրել են, որ Ադրբեջանը կփոխարինի Ռուսաստանին, ապա եկեք չմոռանանք, որ թշնամի պետությունը երբեք չի կարող Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ լինել: Ի դեպ, Ադրբեջանը սկզբում կարող է էժան գին առաջարկել, հետո այն մի քանի անգամ թանկացնել: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանի օգտագործած խողովակում կա ղազախական եւ ռուսական գազ: Այդ պարագայում ես չեմ կարծում, թե մյուս գործընկերները կարող են թույլ տալ, որ էժան գներով Հայաստանին գազ վաճառվի: Այնպես որ, սրանք այնպիսի խնդիրներ են, որոնք այս լոպպազներին հասանելի չեն: Չգիտեմ, թե սրանց լոպպազությունը որտեղից է գալիս: Լկտի են ու լոպպազ, քուչի տղերքի վարքագիծ է, որոնք կարող են միայն տեռորի ենթարկման խմբակ ստեղծել, ուրիշ ոչինչ, իսկ այդ ամենը կանխարգելելը շատ հեշտ է: