«Հրապարակ»․ Զորքը փոքրանում է, իսկ ՊՆ-ում զբաղված են շքերթով

«Հրապարակ»․ Զորքը փոքրանում է, իսկ ՊՆ-ում զբաղված են շքերթով

Wed, 08 Apr 2026 10:15:29 +0400


Երեկ ԱԺ-ում Հայկ Սարգսյանը, երբ քննարկվում էր նրա՝ գումարի դիմաց ավելի քիչ ծառայելու վերաբերյալ արդեն երկրորդ անգամ մերժված օրինագիծը, սենսացիոն բացահայտում արեց. «Զորակոչը կրիտիկական վատ վիճակում է: Զորքի թիվը 44 հազարից 14 տարում իջել է 14 հազար»: Խոսեց նաեւ այն մասին, որ բանակում շաբաթը մեկ են լոգանք ընդունում, հրապարակեց քաղաքացիությունից հրաժարվելու վիճակագրություն, ըստ որի՝ 2025-ին իգական սեռի մոտ 60 անձ է հրաժարվել քաղաքացիությունից, իսկ արական սեռի` 2․811 հոգի, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 44 տոկոսով ավելի է:

Հիշեցնենք, որ երբ ընդունվում էր բանակում ծառայությունը մեկուկես տարի դարձնելու վերաբերյալ օրինագիծը, հայտարարում էին, որ այն կկրճատի բանակից խուսափողների թիվը, բայց բանակի թիվը չի կրճատվի: Որոշ փորձագետներ, ինչպես, օրինակ, Կարեն Հովհաննիսյանը, առաջարկում էին էլ ավելի իջեցնել զինվորական ծառայության շեմը՝ այն հասցնելով 1 տարվա, որպեսզի ծառայողները շատանան: Փաստորեն, ճիշտ հակառա՞կն է ստացվել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշում է. «Ծառայությունը 6 ամսով կրճատելը նշանակում է անձնակազմի 25 տոկոսով կրճատում: Իհարկե, զորքը պետք է փոքրանար: Այլ կերպ չէր կարող լինել:

Պաշտպանության ամրապնդման իմիտացիա է արվում: Քարոզչական դաշտում առավոտից երեկո դատարկախոսությամբ են զբաղված: Հիմա համեմատեք 14 հազարը Ադրբեջանի բանակի թվի հետ` 100 հազար է»:
Սուրեն Պապիկյանը հույս ուներ, որ ծառայությունը 1,5 տարի դարձնելով, զուգահեռաբար կաշխատի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, կունենանք մեծ թվով պայմանագրային զինծառայողներ:

«Սա կարող էր արդյունք տալ, եթե պայմանագրային զինծառայողները լինեին մի 15-20 հազար հոգի: Մնացածը ժամկետային լինեին, բայց այդ ծրագրի գրավչությունը ցածր է: Եթե այս տեմպերով գնանք, 10 տարի հետո նոր կարող է հասնենք ինչ-որ քանակային արդյունքի»,- ասում է ՊՆ մեր աղբյուրը: Ըստ նրա, ՊՆ կառավարումն արդյունավետ չէ, բանակի բարեփոխումը դանդաղ է իրականացվում:

«Հայաստանում կայուն թիվ է եղել բանակից փախչողների՝ մոտ 50 տոկոսը փախել է, 50 տոկոսը ծառայել է: Մարզերում՝ մի քիչ շատ, Երեւանում` ավելի քիչ: Հիմա որ մի տարի, տարիուկես խաղաղություն է, ընդհանուր զորակոչվածների թիվն ավելացել է: Զորակոչային տարիքի բանակայինների 52 տոկոսն է գնացել ծառայության»,- ասում է նա:

Հայկ Սարգսյանի ելույթը լայն քննարկումների տեղիք է տվել ոչ միայն հանրային հարթակներում, այլեւ՝ զինվորականության եւ պաշտպանության ոլորտին հարող շրջանակներում: «Հրապարակի» տեղեկություններով, այն, ինչի մասին խոսեց Հայկ Սարգսյանը, համակարգում վաղուց են իմացել, եւ դա այսբերգի միայն տեսանելի հատվածն է: «Իրականում, նա մի բան էլ քիչ է ասում: Այն, ինչ անում է նախարար Պապիկյանը, ուղղակի կատաստրոֆա է: Էսքան փողը, քաղաքական կապիտալը փոշիացնելը… Ամերիկացիների, ֆրանսիացիների, չինացիների, Հնդկաստանի հետ աշխատելու հնարավորություն ունի, որը երբեք չի եղել: Իսկ ի՞նչ է նա անում: Ոնց որ մեկին տաս մի շեն այգի, կապիտալ, փող, պարարտանյութ, հող, ու ինքն աշնանը քեզ բերք չտա»,- վրդովվում է ՊՆ-ին մոտ պաշտոնյան՝ խնդրելով իր անունը չնշել:

Իսկ ի՞նչ է անում Պապիկյանը: Մեր տեղեկություններով, այսօր նրա թիվ մեկ խնդիրը մայիսի 28-ի նախընտրական զորահանդեսի նախապատրաստական աշխատանքներն են, որոնք տեղի են ունենում մարտական պատրաստվածության հաշվին: Այն բարձիթողի վիճակում է:

«Մարտական պատրաստվածությունը դաս է, դա ոնց որ դաս լինի, դասը չեն անում, էնպես են անում, որ պառադ քայլեն»,- հայտնում է մեր աղբյուրը: Ինչպես հայտնի է, այն տեղի է ունենալու Հանրապետության տոնի օրը, նախատեսվում է ցուցադրել բանակի սպառազինությունը: Այս մասին արդեն հայտարարել է Փաշինյանը: Մեր աղբյուրները պատմում են, որ ՔՊ վերնախավում անգամ ոչ բոլորն են ողջունում այս գաղափարը` դեմ են շքերթին, քանի որ այն, որոշ ՔՊ-ականների կարծիքով, հակասում է խաղաղության մարտավարությանը: Ասում են` կստացվի, որ առավոտից երեկո խաղաղություն ենք քարոզում, իսկ իրականում` պատրաստվում ենք պատերազմի: Մեր տեղեկություններով, շքերթի գաղափարին դեմ են ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Թալանի, վատնումների ու չարաշահումների դեպքերն էլ բանակում քիչ չեն, սակայն իրավապահներն աշխատում են աղմուկ չբարձրացնել դրանց շուրջ: Օրինակ, տեղեկություն չեն տրամադրում Եղվարդի զորամասի հրամանատարի կալանավորման մասին, որը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերի վատնման համար՝ 500 մլն դրամի միջոցների: Լուրը հավաստի է, սակայն դատախազությունից դեռ չեն հաստատել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալեքսանյանները տժժում են «Փարվանայում»

Ալեքսանյանները տժժում են «Փարվանայում» Sat, 02 May 2026 00:21:02 +0400 Ինչպես երեկ գրել էինք, բոլոր…

47 րոպե ago

Պատմելու եմ դրանց մասին. շատ վատ բաներ եմ տեսնում

Պատմելու եմ դրանց մասին. շատ վատ բաներ եմ տեսնում Fri, 01 May 2026 23:45:28 +0400…

1 ժամ ago

Գալիս է մի տարիք, երբ երկու մոմ պետք է փչես

Գալիս է մի տարիք, երբ երկու մոմ պետք է փչես Fri, 01 May 2026 23:30:22…

2 ժամ ago

2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ Կարապետյան

2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ Կարապետյան Fri, 01 May…

2 ժամ ago

Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է

Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Fri, 01…

2 ժամ ago

Որ ըմպելիքն է համարվում «ծերացման գլխավոր թշնամին»

Որ ըմպելիքն է համարվում «ծերացման գլխավոր թշնամին» Fri, 01 May 2026 23:00:59 +0400 Դիետոլոգ Վել…

2 ժամ ago