Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

«Հրապարակ». Գազատարը հասել է գյուղեր, տներ չի մտել. նախընտրական կաշառք՝ գազի տեսքով

«Հրապարակ». Գազատարը հասել է գյուղեր, տներ չի մտել. նախընտրական կաշառք՝ գազի տեսքով

Thu, 09 Apr 2026 12:45:34 +0400


Վերջին երկու տարին Տավուշի սահմանամերձ գյուղերում խնդիր է դարձել ձմռան վառելափայտի` անտառներից թափուկի հատկացման հարցը։ Նախկին տարիներին սահմանամերձ, անտառամերձ գյուղերի ընտանիքներին անվճար կերպով թույլ էին տալիս մինչեւ 8 խորանարդ մետր թափուկ տանել անտառներից, եւ դրանով նրանք հոգում էին ձմեռվա ջեռուցման խնդիրը։ Վերջին 2 տարին այդ գյուղերի բնակիչներին թափուկ վառելափայտ պատրաստելու թույլտվություն տրամադրելիս առաջնահերթությունը տրվել է ընտանեկան նպաստ ստացող անապահով ընտանիքներին, եւ շատ ընտանիքների թափուկ պատրաստելու թույլտվություն չի տրվել, որոշ գյուղերում ընտանիքներին տրվել է միայն 4 խորանարդ մետր թափուկի թույլտվություն։ Վերջին ժամանակներում վառելափայտի թափուկը տրամադրվում է բնակավայրերից շատ հեռու, դժվարամատչելի տեղանքների անտառներում, ինչը գյուղացիների համար տրանսպորտային հավելյալ ծախսեր է առաջացնում։

Սահմանամերձ գյուղերի բնակիչները, իհարկե, շատ են ուզում ձմռանը ջեռուցման կամ սնունդ պատրաստելու համար վառելափայտին այլընտրանք ունենալ, սակայն Տավուշի սահմանամերձ որոշ գյուղեր տարիներով զրկված են բնական գազից։ 2024թ․ նոյեմբերից Իջեւանի սահմանամերձ Կիրանց եւ դրան հարակից Աճարկուտ գյուղերը գազիֆիկացված են, սակայն այդ գյուղերում գտնվող տները գազատարին միացած չեն` խողովակաշարեր անցկացված չեն։ Իսկ դա բավական թանկ գործ է, որոշ տներ մայր գազատարից բավական հեռու են գտնվում, գյուղացիները գազատարի ճյուղավորումներն անցկացնելու համար պահանջվող գումարը չունեն։
Կիրանցը զբոսաշրջության վայր սարքել փորձող, պարբերաբար այնտեղ մարդկանց խմբեր տանող Նիկոլ Փաշինյանն անցած մեկուկես տարում կարող էր անարդյունավետ աշխատող պաշտոնյաներին տրված պարգեւավճարների մի փոքրիկ մասով լուծել Կիրանցի տների գազիֆիկացման խնդիրը, սակայն չի արել։ Հիմա՝ ԱԺ ընտրությունների շեմին, որոշել են կաշառել գյուղի բնակիչներին եւ սկսել այդ գործը` պետբյուջեի հաշվին:

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը մեզ ասաց, որ սկսվել է գյուղում գազատարից խողովակաշարեր անցկացնելու աշխատանքը` դեպի այն տներ, որոնց համար առկա են գազիֆիկացման նախագծեր։ Ներկայում Կիրանցում ոչ մի բնակիչ չի օգտվում երկնագույն վառելիքից։ Կիրանցի հարեւան Աճարկուտ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանն էլ հայտնեց, որ գյուղը գազիֆիկացված է, սակայն գյուղի տները գազիֆիկացված չեն, թեեւ դրա նախագծային աշխատանքներն արված են, բայց այդ աշխատանքները ներկայում չեն իրականացվում։ Սահմանամերձ Բերքաբեր գյուղի 150 տներից մոտ 35-ը գազիֆիկացված է։ Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը մեզ հայտնեց, որ պետբյուջեի ու «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ է գյուղը գազիֆիկացվել, իսկ դեպի տներ գազի ճյուղավորումներն անցկացվում են Իջեւան համայնքի միջոցներով։

Նոյեմբերյան համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղ տարիներ առաջ է բնական գազ տարվել, սակայն մայր գազատարից ճյուղավորումներ չեն անցկացվել, բնական գազի ոչ մի բաժանորդ չկա գյուղում։ 2025թ․ սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց, Բերքաբեր, Բարեկամավան գյուղերի տներ երբ է գազ անցկացվելու, մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրի՝ դեպի անհատական բնակելի տներ գազիֆիկացումն իրականացված է»։ Սակայն իրականությունն այն է, որ Բարեկամավանի տների գազիֆիկացում չի իրականացվել, Բարեկամավանում բնական գազի բաժանորդներ չկան։ 2026թ․ մարտի 17-ին մարզպետ Ղալումյանին նոր հարցում եմ արել, թե ինչ միջոցներով եւ ով է իրականացրել Բարեկամավանի տների գազիֆիկացումը։ Մարզպետարանից հայտնել են․ «Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրի՝ դեպի անհատական բնակելի տների գազիֆիկացումն իրականացվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով»։

Բարեկամավանի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանից տեղեկացա, որ 2025-ին Վարդանյանների բարեգործությամբ Բարեկամավանի առանձնատների (որոնք ներկայում բնակեցված են) 70 տոկոսի համար գազի խողովակաշար են անցկացրել, եւ տներ գազ է հասել, գործարար Միքայել Վարդանյանն անցյալ տարվա աշնանը Տավուշի մարզպետարանում հայտնել է, որ պատրաստ է Բարեկամավանի մնացած 30 տոկոս տներին եւս գազ անցկացնելու համար պահանջվող գումարը վճարել, սակայն մինչեւ հիմա այդ տների ցանկը մարզպետարանից նրան չեն փոխանցել, որպեսզի ֆինանսավորում իրականացվի, եւ աշխատանքները սկսվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տավուշում հանրակրթական 18 դպրոց փայտով է ջեռուցվում

Տավուշում հանրակրթական 18 դպրոց փայտով է ջեռուցվում Tue, 07 Apr 2026 17:25:33 +0400 Տավուշի մարզպետի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով