Գետերն իրենց համար են հոսում, նախարարությունը՝ իր համար
Thu, 09 Apr 2026 15:15:00 +0400
Դեբեդի մասին մեր առաջին հոդվածը («Այդ փողը եթե Դեբեդի մեջ լցնեին…») տպագրվեց մարտի 4-ին։ Խոսել էինք կոնկրետ խնդիրների մասին՝ ջրի աղտոտում, կոյուղու փլուզված համակարգեր, ոռոգման ցանցերի անգործություն, սելավների վտանգ։ Այսինքն՝ տարիներով կուտակված խնդիրների մասին, որոնք չեն լուծվում եւ նոր հեղեղումների պատճառ կարող են դառնալ։ Հոդվածն ուղարկեցինք շրջակա միջավայրի նախարարություն՝ նախարար Համբարձում Մաթեւոսյանին՝ ակնկալելով պարզ պատասխաններ՝ ի՞նչ է արվել, ի՞նչ է արվելու, ո՞վ է պատասխանատու։ Սկզբում պատասխանը եկավ նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի ստորագրությամբ։ Դժվար է այդ գրությունը պատասխան կոչել` ընդհանուր ձեւակերպումներ, «տեղյակ ենք», «աշխատանքներ են կատարվում», «պլան է մշակվում»։ Մի խոսքով՝ «նոր են ցրցամ տալիս, թե որ կարեն»: Ոչ մի թիվ, ոչ մի ժամկետ, ոչ մի պատասխանատու։ Ամենակարեւորը՝ ոչ մի խոսք՝ հոդվածում բարձրացված խնդիրները ճի՞շտ են, թե՞ ոչ։ Գրեցինք երկրորդ հոդվածը՝ մատնացույց անելով պատասխան չստացած, պատասխանի կարոտ հարցերը: Այդ հրապարակումն ուղարկեցինք նախարարություն՝ ոչ թե որպես նոր հարցում, այլ որպես ի տեղեկություն եւ ի գիտություն: Մտածեցինք՝ գուցե կարդան, գուցե այս անգամ հասկանան, որ խնդիրը լուրջ է, գուցե փորձեն կոնկրետ պատասխան տալ։
Բայց ստացանք մի պատասխան, որը, անկեղծ ասած, արդեն նույնիսկ զարմանք չի առաջացնում, այլ՝ տարակուսանք։ Երկու մեծամիտ տող․ «Տեղեկացնում եմ, որ բարձրացված հարցերին առնչվող տեղեկությունն արդեն իսկ տրամադրվել է Ձեզ»։ Ստորագրել է «պարտականությունները կատարող» Արկադի Խաչատրյանը։ Ոչ մի բառ ավել։ Այսինքն՝ ըստ նախարարության, հարցը փակված է։ Թեման սպառված է։ Դեբեդի խնդիրները՝ նույնպես։ Սա արդեն պարզապես անտարբերություն չէ, սա խնդրի ու նաեւ մամուլի հանդեպ վերաբերմունք է։ Երկու նամակ գրենք, երկու անգամ էլ ստանանք նույն ձեւական պատասխանը։ Իսկ Դեբեդը՝ անհանգիստ, վտանգավոր, երբ պետք է՝ կործանարար։ Բայց նախարարության կյանքը՝ խաղաղ, հանգիստ, անշտապ։ Ընկերներ, Դուք ո՞նց եք հանգիստ աշխատավարձ ստանում, այն էլ՝ բարձր աշխատավարձ, վերջում էլ՝ պարգեւավճարներ, երբ գետը մարդկանց այգիներն է քշում, տներն է ավերում։ Ժողովուրդը ձեզ ինչի՞ համար է վարձել, որ նստեք կաբինետներում ու գրեք, թե «պատասխանե՞լ ենք»։
Հասկացա մի պարզ բան․ մեր գետերն իրենց համար են հոսում, նախարարության անհոգ կյանքը՝ իր համար։ Այնտեղ, կարծես, ո՛չ շտապելու խնդիր կա, ո՛չ պատասխան տալու անհրաժեշտություն, ո՛չ էլ՝ պատասխանատվության զգացում։ Տպավորություն է, որ այս մարդիկ մեր երկրի կոնկրետ խնդիրների, դրանց հետեւանքների հետ որեւէ իրական կապ չունեն։ Նույնիսկ այն «ցրցամ տալն» էլ չի երեւում։ Եվ ամենակարեւոր հարցը մնում է օդում կախված․ այս ամենի մասին նախարար Համբարձում Մաթեւոսյանը տեղյա՞կ է։ Գիտի՞, թե իր անունից ուղարկված նամակներին ինչ պատասխաններ են գրում իր աշխատողները։ Եթե տեղյակ է, ուրեմն սա այս նախարարության ավանդական աշխատաո՞ճն է:
Նման աշխատաոճի արդյունքում էր, որ երկու տարի առաջ Դեբեդ գետը հերթական անգամ «գժվեց» ու հունից դուրս գալով՝ իր ճանապարհին սրբեց ամեն ինչ՝ Ալավերդուց մինչեւ Բագրատաշեն։ Քշեց-տարավ այգիներ, վնասեց ու ավերեց տներ, օժանդակ կառույցներ։ Մարդիկ մեծ կորուստներ ունեցան, կրած վնասներն ամբողջությամբ չփոխհատուցվեին, եւ կառավարությունն էլ դեռ ամբողջովին չի վերացրել աղետի հետեւանքները:
ՀԳ. Նախընտրական շրջան է։ Բոլորը փորձում են իրենց կատարած աշխատանքը ցույց տալ, ներկայացնել, մարդկանց վստահությունը շահել: Շրջակա միջավայրի նախարարությունը չի՞ ուզում ներկայացնել, թե ինչ է արել Դեբեդի համար։ Թե՞ ցույց տալու բան չկա։ Մենք պատրաստ էինք գրել նաեւ դրականի մասին։ Բայց դրա համար պետք է իրական աշխատանք լինի, եւ պետք է բարեհաճեն պատշաճ պատասխանել լրագրողների հարցերին: Երբ գետը դուրս է գալիս հունից, չի հարցնում՝ նախարարությունում պլա՞ն են մշակում, արդեն պատասխանե՞լ են, թե՞ ուղղակի պետական բյուջեից փող են ստանում` ոչինչ չանելու դիմաց։