Արա՜, դե կերաք էլի ներվերս, թող Ավինյանը գա՝ քշի
Thu, 09 Apr 2026 16:45:59 +0400
Այսօր առավոտյան, երբ ավտոբուսում ուղևորներից մեկը քարտը չէր գտնում, վարորդը քիչ էր մնում ինքը մտնի պայուսակի մեջ, ոնց որ թալիսման էր կորել։ Մի ամբողջ բանակ սպասում էր, թե երբ է ուղևորը քարտը գտնելու, որ դրամակղի դեմն ազատի։ Ուղևոր մի ասի, մի կրակ ասի։ Ամբողջ մարմնով դրամարկղը փակել, ու հերթի կանգնածները չէին կարողանում օգտվել։ Վարորդն էլ չէր ասում՝ «այ կնիկ, դեն քաշվիր, թող էս մարդիկ օգտվեն»։ Ընդհակառակը, ուղևորի հետ մարտի էր բռնվել․
– Տնից դուրս գալուց մի հատ ստուգիր էլի պայուսակդ։ Չկա, իջի՛ր։ Քեզ ասում եմ՝ իջի՛ր․․․ Ուղևորուհին դիմադրում էր և քարտին էր ման գալիս․
-Սպասիր, մի հատ շունչ քաշեմ էլի,- գոռում էր,- դեռ մի կարգին ման չեկած՝ իջեցնում ես։
Հերթում կանգնածներն առաջ եկան ու սկսեցին հերթով ծնգծնգացնել՝ ինչպես մանկական լեգո խաղալիս։ Մարդիկ, որ պիտի դռնից իջնեին, դուռը չէր բացվում, սկսեցին խփել դռանը՝ բաց դուռը, քեզ ասում եմ, բաց։ Վարորդը ուշադրություն չէր դարձնում, քարտ չունեցող ուղևորին էր ուզում իջեցնել՝ «իջի՛ր, քեզ ասում եմ՝ իջի՛ր»։ Հերիք է, ներվերս ուտես։
Քարտ չգտնողը վարորդին դրամ առաջարկեց՝ վերցրու, ձենդ կտրիր։ Մեկ էլ՝ դրամն ուղիղ ճակատին․
-Ինձ բռնել ես հա՞ ուզում տալ, գոռում էր վարորդը։ Ինձ բռնել տվողը դեռ չի ծնվել։
Մեկ էլ որտեղից որտեղ կռվին անտեղյակ մի մարդ ներս մտավ ու հանգիստ կանգնեց։ Վարորդը կնոջը թողած, նրա վրա քշեց՝ ախպեր, մուծվիր։ Էդ մարդն էլ՝ բանից անտեղյակ, ասաց՝ «եղբայր, հո պաժառ չի կմուծեմ էլի», ու հանգիստ քարտը գրպանից հանեց։ Մեկ էլ էդ կինը, որին ավտոբուսից դուրս էին հանում, լուսավորվեց՝ վա՜յ իմ քարտն էլ է գրպանումս, ո՜նց էի մոռացել․․․
Վարորդը էլ չդիմացավ, պոռթկաց․
-Արա՜, դե կերաք էլի ներվերս։ Ես իջնեմ, թող Ավինյանը գա՝ քշի․․․ Ի՞նչ եք ուզում ինձանից․․․
Ժողովուրդ, սա է ավինյանական նորամուծությունը․ ավտոբուսը ոչ թե տրանսպորտ է, այլ իրական թատրոն, որտեղ ցանկացած քարտի կորուստ կարող է վերածվել մինի դրամայի։ Չեմ պատկերացնում, թե վարորդը ի՜նչ ներվեր պիտի ունենա, որ կարողանա ուղևորներին տեղ հասցնի, առանց ներկայացում կազմակերպելու։ Ավտոբուսը դարձել է ուղևորների և վարորդի միջեւ «զինադաշտ», ու յուրաքանչյուր քարտի կորստի դեպքում ավելանում է սթրեսի և անհանդուրժողականության հավասարակշռությունը։ Այնպես որ՝ ուղևորներ, հիշեք՝ ձեր քարտերը ձեր փոքրիկ «փրկիչն են», իսկ վարորդը՝ մեր ժամանակների իրական քաջորդին։