«Հրապարակ». Փաշինյանն ուսանող չէ, պիլոտային ծրագրի ունկնդիր է
Fri, 10 Apr 2026 09:15:24 +0400

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվորեն լուսաբանում է Կառավարման ակադեմիայում իր ուսանելը, տեսանյութեր հրապարակում իր ժամանումից մինչեւ դասապրոցեսի ընթացքը, անգամ կիսվում մինչ դասապրոցեսը կերած շաուրմայի մասին պատմող տեսանյութով։ «Հրապարակ»-ը զրուցել է Կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի հետ։
– Որքա՞ն ժամանակ է, որ ակադեմիան զբաղվում է պաշտոնյաների վերապատրաստմամբ։ Նախկին իշխանությունների օրոք այս պրակտիկան գործե՞լ է։
– Բոլոր ժամանակներում էլ անցկացրել ենք, տարեկան շուրջ 2-3 հազար քաղծառայող, համայնքային ծառայողներ վերապատրաստել ենք, բայց վերջին տարիներին ավելի ենք ընդլայնել։ Քանի որ գնման գործընթացով է իրականացվում պայմանագրերի կնքում։ Անցած տարի, օրինակ, մենք իրականացրինք, բացի Երեւանից, շուրջ 900 ավագանու անդամների վերապատրաստում մարզերում։ Վերապատրաստումն իրականացվում է եռաչափ ձեւաչափով, լինում է, որ դասախոսներն են գնում մարզեր, լինում է նաեւ, որ գալիս են ակադեմիա, կա նաեւ հեռավար մոդուլների տարբերակ։
– Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ծրագրով է մասնակցում դասընթացին։
– Նոր պիլոտային ծրագիր է, առանձին մոդուլային ծրագրեր ենք գրել՝ կառավարության որոշման հիման վրա։ Ծրագիրը ղեկավարների կառավարչական արդյունավետության բարձրացման ծրագիր է։ Նախատեսված է 40 ակադեմիական ժամ, 10 մուտք, այսինքն՝ յուրաքանչյուր դասը 4 ակադեմիական ժամ է, մասնակիցներն էլ, խումբը՝ 12 մասնակցով։ Աշխատաժամանակից դուրս է իրականացվում։ Նրանք ուսանողներ չեն համարվում, այլ ունկնդիրներ են։
– Ովքե՞ր են դասավանդում, հրավիրյալ դասախոսներ կա՞ն։
– Դասախոսները մեծամասամբ մեր ակադեմիայի դասախոսներն են, հրավիրյալ դասախոս ունենք, բայց ոչ արտասահմանից։ Մեր դասախոսներն ունեն բարձր վարկանիշ, նրանց մեջ կան նաեւ միջազգային փորձագետներ։ Կախված մոդուլից, կախված ձեւաչափից՝ մենք պարբերաբար մեր դասախոսներին ուղարկում ենք դուրս՝ վերապատրաստումների։ Միջազգայնացումն ակտիվացրել ենք, որ նաեւ միջազգային փորձի ուսումնասիրություն իրականացնենք, ու համագործակցում ենք մեծամասամբ այն բուհերի հետ, որոնք իրականացնում են պետական պաշտոնյաների համանման վերապատրաստման ծրագրեր։
– Հայաստանում այլ բուհ կա՞, որ պետական պաշտոնյաների վերապատրաստում է իրականացնում, թե՞ միայն Կառավարման ակադեմիան է։
– Մեր բուհը 1994-ին հենց այդ նպատակով է ստեղծվել, որպեսզի կառավարման ձեւաչափով նման աշխատանք իրականացնի։ 2002-ից հետո նոր մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի բաղադրիչն է ավելացել։
– Որպես բուհի ղեկավար, ինչպե՞ս եք վերաբերվում երեւույթին, որ քաղաքական գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների հանրային խոսքը ողողված է հայհոյանքներով, սպառնալիքներով ու վիրավորական արտահայտություններով։
– Մեզ մոտ դասապրոցեսի ընթացքում չեմ նկատել, որ ունկնդիրները նման բառապաշար օգտագործեն։ Մեզ մոտ նախկինում էլ, ներկայում էլ սովորողների կամ դասավանդողների շրջանում հնարավոր է, որ հանրային միջավայրում այլ բառապաշար են օգտագործում, բայց բուհի ներսում ակադեմիական միջավայր է ու պրոֆեսիոնալ մոտեցում թե՛ դասախոսների, թե՛ ունկնդիրների կողմից։
– Վերապատրաստման ծրագրի շրջանակներում պաշտոնյաների հանրային խոսքի, դրա սահմանների վերաբերյալ թեմաներին ե՞ւս անդրադառնում եք։
– Այդ նոր մոդուլի ծրագրի մեջ հանրային խոսքի մաս, որպես էդպիսին, չկա, այդ հարցով չենք զբաղվում։
– Ինչո՞վ է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանին ամեն անգամ բուհ գալիս դիմավորում եք դրսում։ Ձեր բոլո՞ր ունկնդիրներին եք նման կերպ դիմավորում։
– Բա երկրի ղեկավարն է գալիս պետական կառույց, ինչպես նաեւ մեր Կառավարման ակադեմիան անմիջական ենթակայության տակ է, վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ է համարվում, այլ կերպ ասած՝ իմ վերադասի վերադասն է գալիս, երկրի ղեկավարն է, բա ո՞նց եք կարծում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր