«Հրապարակ»․ Պաշտպանության նախարարության «մեջը փուչ» պատասխանը

«Հրապարակ»․ Պաշտպանության նախարարության «մեջը փուչ» պատասխանը

Fri, 10 Apr 2026 12:15:42 +0400


2018թ․ մայիսին, մինչ Երեւանում քաղաքական թատրոն-թավշյա հեղափոխությամբ իշխանափոխություն էր ընթանում, Նախիջեւանի հետ սահմանին ՀՀ տարածքի մեծ հատվածներ անցան Ադրբեջանի զինուժի վերահսկողությանը։ 44-օրյա պատերազմից, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո՝ 2020-2024 թվականներին, ՀՀ մարզերի սահմանագոտում առանց մարտերի ու մարտերով մեծ տարածքներ հանձնվեցին Ադրբեջանի զինուժին։

2026 թ. մարտի 17-ին տեղեկատվական հարցում եմ արել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին․
«1․ 2018-2020 թվականներին ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքից, սահմանագոտուց մոտավոր որքա՞ն քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել, Հայաստանի ո՞ր մարզում։
2․ 2020 թվականից հետո ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքից, սահմանագոտուց մոտավոր որքա՞ն քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել, Հայաստանի ո՞ր մարզում՝ որքա՞ն»։

Մարտի 23-ին ՊՆ-ից էլեկտրոնային փոստով նամակ եմ ստացել, որտեղ նշված է․ «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում»: Կարծեցի, որ ՊՆ-ն պատասխանն ուշացնում է, որպեսզի հարցերիս վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն կատարի ու հանգամանալից, սպառիչ պատասխաններ սա։ Սակայն՝ ոչ, ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Հ․ Բատիկյանի ստորագրությամբ պատասխան եմ ստացել, որտեղ գրված է․ «Ի պատասխան 17․03․2026թ․ Ձեր գրավոր հարցմանը՝ հայտնում ենք, որ ներկայացված 1-ին եւ 2-րդ հարցադրումների վերաբերյալ բազմիցս հնչել են պաշտոնական պարզաբանումներ», եւ վերջ։
Նույն հարցման մեջ պաշտպանության նախարարին 3 այլ հարցեր էլ եմ առաջադրել․ «3. 2025, 2024 թվականներին եղե՞լ է դեպք, երբ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներից մեկի ծնողն արտերկրից մեծ գումար է նվիրաբերել վարժարանի կարիքների համար։ Ե՞րբ է եղել այդ դեպքը, ինչքա՞ն գումար է նվիրաբերել, վարժարանի ո՞ր կարիքների համար։

4․ 2024 եւ 2025 թվականներին ընդունելության համար որքա՞ն մրցակցություն է եղել, մի տեղի համար քանի՞ դիմորդ է եղել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։

5․ Ներկայում քանի՞ անձ է մասնակցում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին»:
Տեղեկացել էի, որ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի աշխատողներից մեկը մարզում աշակերտների հետ հանդիպումների ժամանակ պատմել էր, որ վարժարանի սաներից մեկի ծնողը, որն Իտալիայում գործարար է, 150 հազար դոլար է նվիրաբերել՝ ռազմամարզական վարժարանի սաների կարիքների համար, այդ գումարը ծախսվել է սաների հանդերձանքի վրա։

Հիմա տեսնենք, թե ինչ է պատասխանել մեր հարցին ՊՆ-ն․ «3-րդ հարցին ի պատասխան նշեմ, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան հիմնադրամին 2024-2025թթ․ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից որեւէ գումար չի նվիրաբերվել։ Հիմնադրամը նշված տարիներին ֆինանսավորվել է բացառապես պետական բյուջեով նախատեսված գումարի չափով։ Նշված տեղեկության հիմք են հանդիսանում հիմնադրամի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալները։ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի եւ Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դիմորդների թվի վերաբերյալ հարցադրման առնչությամբ նշեմ, որ ռազմական կրթության նկատմամբ տարեցտարի հետաքրքրությունը մեծանում է, եւ նկատվում է դիմորդների թվի էական աճ։ Ինչ վերաբերում է 5-րդ հարցին, հայտնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2026թ․ հունվարի 28-ի իր ելույթի ընթացքում ներկայացրել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը։ Շահառուների թվաքանակի փոփոխության մասին պաշտպանական գերատեսչությունը կհայտարարի ըստ անհրաժեշտության»։

ՊՆ ղեկավարությանը թվում է, թե Հայաստանի ամբողջ բնակչությունը, այդ թվում՝ տողերիս հեղինակը, ուշադիր դիտել է ու մտապահել Ս․ Պապիկյանի 2026 թ․ հունվարի 28-ի ելույթը եւ պետք է իմանար «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը։ ՊՆ-ի ու ՊՆ գլխավոր քարտուղար Բատիկյանի համար դժվա՞ր էր իրենց պատասխանում այդ թիվը ներկայացնելը։ Այս անիմաստ` «մեջը փուչ», գլխառադ անող պատասխանի համար չարժեր, որ ՊՆ-ն 23 օր ժամանակ ծախսեր, կարող էր նույն օրը այդ պատասխանն ուղարկել։ Իսկ եթե տարրական հարգանք ունենար ՀՀ քաղաքացու եւ լրատվամիջոցների աշխատանքի հանդեպ, երբեք նման պատասխան չէր ուղարկի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ում են համարում ՀՀ քաղաքացիները քաղբանտարկյալ. հարցման արդյունքներ

Ում են համարում ՀՀ քաղաքացիները քաղբանտարկյալ. հարցման արդյունքներ Tue, 07 Apr 2026 13:07:16 +0400 Տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով