Խառն ենք, խառը…

Խառն ենք, խառը…

Fri, 10 Apr 2026 18:45:29 +0400


«Խմբակ» բառը ՔՊ-ի ամենաճիշտ բնորոշումը չէ, բայց այնպես է կպել Նիկոլին ու իր ուսապարկերին, որ սկսել ենք մոռանալ «խունտա», «ավազակախումբ», «թափառախումբ», «ազգակործան պատուհաս», «կապիտուլյանտ», «հողատու», «դավաճան» եւ անգամ «թուրք» բնութագրիչները: «Խմբակն» էլ քիչ էր՝ հիմա արդեն շրջանառում են «փոքրիկ խմբակ»-ը, որպես ՔՊ-ի սինոնիմ (հոմանիշ): «Խմբակ» կամ «փոքրիկ խմբակ» արտահայտությունների հեղինակային իրավունքն անվիճելիորեն պատկանում է Սամվել Կարապետյանին, որի շռնդալից մուտքը հայաստանյան քաղաքականություն որակապես փոխեց թե՛ քաղաքական դաշտը, թե՛ այդ դաշտի իշխանական հատվածի ինքնագնահատականը: Այսուհանդերձ, սա պետք է ընդունենք, Սամվել Կարապետյանը նոր մարդ էր հայաստանյան իրականության մեջ, եւ այնքան էլ ամբողջական չէին նրա պատկերացումները, իր բնութագրմամբ՝ փոքրիկ խմբակի մասին: Գիտե՞ր, արդյոք, Սամվել Կարապետյանը, որ այդ փոքրիկ խմբակը Հայաստանում ունի իրենից ավելի մեծ հովանավորներ: Ես ամենեւին էլ Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն նկատի չունեմ: Խոսքը ներքին՝ հայաստանյան հովանավորների մասին է: «Ուժեղ Հայաստանը» ճանաչո՞ւմ է նրանց, պատկերացում ունի՞, թե ինչերի են ընդունակ այդ հովանավորները: Նրանք, օրինակ, կարող են հայտարարել, որ ընդդիմադիր դաշտը կհամախմբվի միայն Սամվել Կարապետյանի շուրջ, իսկ հետո կանգնել ու արդարանալ, թե իրենց համար անհասկանալի պատճառներով՝ «Ուժեղ Հայաստանի» հետ համագործակցությունը չստացվեց: Եթե դա աներ մի մարդ, որի համար այս աշխարհում դեռ անհասկանալի որեւէ բան կա, կասեի՝ հա: Եվ ակամա հիշում ես փորձված աղվեսի մասին հին պատմությունը, էն, որ երկու ոտքով է ընկնում թակարդը: Մարդ Աստծո, բա եթե դու Նիկոլի ու ՔՊ-ի հայաստանյան հովանավորը չես, ինչո՞ւ ես հանրության ու ողջ ընդդիմադիր դաշտի առաջ գաղտնաբառերով խոսում: Ի՞նչ է նշանակում՝ համագործակցությունը չստացվեց «մեզ համար անհասկանալի պատճառներով»… Սամվել Կարապետյա՞նը մերժեց: Չեմ կարծում, թե Սամվել Կարապետյանն այն վիճակում է, որ ձեզ «տենց» չորով մերժեր ու պատճառն էլ չասեր: Հավանաբար, դուք եք ձեզ ցույց տվել ձեր ողջ պերճանքով ու թշվառությամբ, ձեր հիմար պահանջներով ու քաղաքագիտական տխմար վերլուծություններով: Ինչեւէ…

Փորձված աղվեսների թիվը սրանով չի ավարտվում: Ավելին ասեմ՝ կան ավելի արդիական փորձված աղվեսներ, որոնք Նիկոլին հովանավորում եւ փորձում են վերարտադրել իրենց ձեւով: Կարճ ասած՝ գիտությունով են չալում: Զորօրինակ՝ հայտարարում են, որ ընտրություններին չեն մասնակցելու, բայց ընդդիմությանն աջակցելու են թիկունքից: Թե բա՝ չենք ուզում ընդդիմության ձայները փոշիացնել: Եթե այսպիսի բան հայտարարեր որեւէ մարդ-կուսակցություն, ես կխոնարհվեի նրա ազնվության առաջ: Բայց կոնկրետ այս ուժի պարագայում ակամա ապշահար ես լինում… Ո՞նց, դուք, ախր, միայնակ էլ մասնակցեք ընտրություններին, կհաղթահարեք անցողիկ շեմը եւ հենց դրանով կաջակցեք ընդդիմությանը: Ուժեղ մարզային կառույցներ ունեք, գրասենյակներ, մարդկային եւ ֆինանսական լրջագույն ռեսուրսներ, կառավարման հսկայական փորձ… Ու մեկ էլ՝ այսպիսի խղճուկ հայտարարությո՞ւն: Գոնե ասեիք՝ «ընդդիմությանը տակից» կաջակցենք: Այդպես ավելի հեշտ կլիներ թաքցնել ձեր իրական մտադրությունը, որ մոտավորապես այս տեսքն ունի. «կա՛մ մենք պետք է լինենք իշխանություն, կա;մ Նիկոլը»:

Ինձնից մի նեղացեք, խնդրում եմ: Իմ հարցը հետեւյալն է՝ եթե չունեիք ինչ-ինչ հետին մտքեր, ինչ-ինչ անհաղթահարելի պատճառներ, ինչո՞ւ հրաժարվեցիք Նիկոլի հետ ուղիղ եւ անվանական «առճակատումից»: Ես էլ կարող եմ հայտարարել՝ աջակցելու եմ ընդդիմությանը, իսկ հետո իմ կողմնակիցներին գործուղել Ֆեյսբուք՝ ընդդիմադիր դաշտի ամենաազդեցիկ ուժերից մեկի դեմ պայքարելու եւ նրա ձայները չեզոքացնելու անպատկառ ծրագրով: Ընդդիմադիր դաշտում ընդամենը 4 ուժ կա այս պահին, ինչո՞ւ չաջակցեցիք նրանցից որեւէ մեկին, որ հետո ծուռումուռ հայտարարություններ չանեիք: Ամբողջ թիմով աջակցեիք Սամվել Կարապետյանին, որ բոլոր հարցումներով առաջ է Նիկոլից: Չեք արել, ուշացել եք, չի բացառվում՝ միտումնավոր: Այո, միտումնավոր, որովհետեւ նպատակը, ինչպես վերեւում ասացի, այլ է․ «եթե մենք չենք լինելու իշխանություն, ուրեմն թող Նիկոլը վերարտադրվի»: Գիտե՞ք, վաբանկ կարելի է գնալ բոլոր սիտուացիաներում, բացառությամբ երկրի համար ճակատագրական իրավիճակների: Թող ձեզ չթվա, թե, հա, Արցախը տվեցինք, խաղաղություն է, կարելի է նաեւ քաղաքական աճպարարությամբ զբաղվել: Լավ կանեք՝ սա մտապահել․ առավել արդիական աղվեսները, երբ սկսում են տրվել ինքնամոռացության, չորս ոտքով են հայտնվում թակարդում:

ՀԳ. Պարոնայք Սամվել Կարապետյան եւ Գագիկ Ծառուկյան, ձեր «տապանների» դռները փակ պահեք անհասկանալի պատճառներով համագործակցել չկարողացողների եւ թիկունքից բրթողների առաջ: Խառը ժամանակներ են, Նիկոլի հայաստանյան հովանավորների պակաս էլ չկա:

ՀԳ1․ Պարոն Թաթոյան, այս հոդվածը նաեւ քեզ համար եմ գրել: Դու էլ ես նոր մարդ հայաստանյան քաղաքական դաշտում: Վիճակդ ո՞նց է՝ ըստ «Գելափի»… Բայց դու մի հուսահատվիր, որովհետեւ ընդդիմությունը քայքայողների զորահանդեսի հրամանատարը դու ես, եւ այդ զորահանդեսը քեզ է բրթելու առաջ, հենց տեսնի՝ Նիկոլը պարտվում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Արսենալը» 14 տարում առաջին հաղթանակն է տարել «Էնֆիլդում»

«Արսենալը» 14 տարում առաջին հաղթանակն է տարել «Էնֆիլդում» Mon, 02 Nov 2026 10:30:47 +0400 Անգլիայի…

11 րոպե ago

Լեհաստանում ձախողված եվրոպական պետական հեղաշրջման փո՞րձ

Լեհաստանում ձախողված եվրոպական պետական հեղաշրջման փո՞րձ Mon, 02 Nov 2026 10:15:36 +0400 Ֆրեդերիկ Լորանը գրում…

26 րոպե ago

Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել»

Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» Mon, 02 Nov 2026 10:08:53 +0400 Իրավասու…

33 րոպե ago

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում Mon, 02 Nov 2026 10:00:18 +0400 Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ…

41 րոպե ago

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին Mon, 02 Nov 2026 09:35:08 +0400…

1 ժամ ago

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Mon, 02 Nov 2026 09:15:29 +0400 Ազատ ոճի…

1 ժամ ago