Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Խառն ենք, խառը…

Խառն ենք, խառը…

Fri, 10 Apr 2026 18:45:29 +0400


«Խմբակ» բառը ՔՊ-ի ամենաճիշտ բնորոշումը չէ, բայց այնպես է կպել Նիկոլին ու իր ուսապարկերին, որ սկսել ենք մոռանալ «խունտա», «ավազակախումբ», «թափառախումբ», «ազգակործան պատուհաս», «կապիտուլյանտ», «հողատու», «դավաճան» եւ անգամ «թուրք» բնութագրիչները: «Խմբակն» էլ քիչ էր՝ հիմա արդեն շրջանառում են «փոքրիկ խմբակ»-ը, որպես ՔՊ-ի սինոնիմ (հոմանիշ): «Խմբակ» կամ «փոքրիկ խմբակ» արտահայտությունների հեղինակային իրավունքն անվիճելիորեն պատկանում է Սամվել Կարապետյանին, որի շռնդալից մուտքը հայաստանյան քաղաքականություն որակապես փոխեց թե՛ քաղաքական դաշտը, թե՛ այդ դաշտի իշխանական հատվածի ինքնագնահատականը: Այսուհանդերձ, սա պետք է ընդունենք, Սամվել Կարապետյանը նոր մարդ էր հայաստանյան իրականության մեջ, եւ այնքան էլ ամբողջական չէին նրա պատկերացումները, իր բնութագրմամբ՝ փոքրիկ խմբակի մասին: Գիտե՞ր, արդյոք, Սամվել Կարապետյանը, որ այդ փոքրիկ խմբակը Հայաստանում ունի իրենից ավելի մեծ հովանավորներ: Ես ամենեւին էլ Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն նկատի չունեմ: Խոսքը ներքին՝ հայաստանյան հովանավորների մասին է: «Ուժեղ Հայաստանը» ճանաչո՞ւմ է նրանց, պատկերացում ունի՞, թե ինչերի են ընդունակ այդ հովանավորները: Նրանք, օրինակ, կարող են հայտարարել, որ ընդդիմադիր դաշտը կհամախմբվի միայն Սամվել Կարապետյանի շուրջ, իսկ հետո կանգնել ու արդարանալ, թե իրենց համար անհասկանալի պատճառներով՝ «Ուժեղ Հայաստանի» հետ համագործակցությունը չստացվեց: Եթե դա աներ մի մարդ, որի համար այս աշխարհում դեռ անհասկանալի որեւէ բան կա, կասեի՝ հա: Եվ ակամա հիշում ես փորձված աղվեսի մասին հին պատմությունը, էն, որ երկու ոտքով է ընկնում թակարդը: Մարդ Աստծո, բա եթե դու Նիկոլի ու ՔՊ-ի հայաստանյան հովանավորը չես, ինչո՞ւ ես հանրության ու ողջ ընդդիմադիր դաշտի առաջ գաղտնաբառերով խոսում: Ի՞նչ է նշանակում՝ համագործակցությունը չստացվեց «մեզ համար անհասկանալի պատճառներով»… Սամվել Կարապետյա՞նը մերժեց: Չեմ կարծում, թե Սամվել Կարապետյանն այն վիճակում է, որ ձեզ «տենց» չորով մերժեր ու պատճառն էլ չասեր: Հավանաբար, դուք եք ձեզ ցույց տվել ձեր ողջ պերճանքով ու թշվառությամբ, ձեր հիմար պահանջներով ու քաղաքագիտական տխմար վերլուծություններով: Ինչեւէ…

Փորձված աղվեսների թիվը սրանով չի ավարտվում: Ավելին ասեմ՝ կան ավելի արդիական փորձված աղվեսներ, որոնք Նիկոլին հովանավորում եւ փորձում են վերարտադրել իրենց ձեւով: Կարճ ասած՝ գիտությունով են չալում: Զորօրինակ՝ հայտարարում են, որ ընտրություններին չեն մասնակցելու, բայց ընդդիմությանն աջակցելու են թիկունքից: Թե բա՝ չենք ուզում ընդդիմության ձայները փոշիացնել: Եթե այսպիսի բան հայտարարեր որեւէ մարդ-կուսակցություն, ես կխոնարհվեի նրա ազնվության առաջ: Բայց կոնկրետ այս ուժի պարագայում ակամա ապշահար ես լինում… Ո՞նց, դուք, ախր, միայնակ էլ մասնակցեք ընտրություններին, կհաղթահարեք անցողիկ շեմը եւ հենց դրանով կաջակցեք ընդդիմությանը: Ուժեղ մարզային կառույցներ ունեք, գրասենյակներ, մարդկային եւ ֆինանսական լրջագույն ռեսուրսներ, կառավարման հսկայական փորձ… Ու մեկ էլ՝ այսպիսի խղճուկ հայտարարությո՞ւն: Գոնե ասեիք՝ «ընդդիմությանը տակից» կաջակցենք: Այդպես ավելի հեշտ կլիներ թաքցնել ձեր իրական մտադրությունը, որ մոտավորապես այս տեսքն ունի. «կա՛մ մենք պետք է լինենք իշխանություն, կա;մ Նիկոլը»:

Ինձնից մի նեղացեք, խնդրում եմ: Իմ հարցը հետեւյալն է՝ եթե չունեիք ինչ-ինչ հետին մտքեր, ինչ-ինչ անհաղթահարելի պատճառներ, ինչո՞ւ հրաժարվեցիք Նիկոլի հետ ուղիղ եւ անվանական «առճակատումից»: Ես էլ կարող եմ հայտարարել՝ աջակցելու եմ ընդդիմությանը, իսկ հետո իմ կողմնակիցներին գործուղել Ֆեյսբուք՝ ընդդիմադիր դաշտի ամենաազդեցիկ ուժերից մեկի դեմ պայքարելու եւ նրա ձայները չեզոքացնելու անպատկառ ծրագրով: Ընդդիմադիր դաշտում ընդամենը 4 ուժ կա այս պահին, ինչո՞ւ չաջակցեցիք նրանցից որեւէ մեկին, որ հետո ծուռումուռ հայտարարություններ չանեիք: Ամբողջ թիմով աջակցեիք Սամվել Կարապետյանին, որ բոլոր հարցումներով առաջ է Նիկոլից: Չեք արել, ուշացել եք, չի բացառվում՝ միտումնավոր: Այո, միտումնավոր, որովհետեւ նպատակը, ինչպես վերեւում ասացի, այլ է․ «եթե մենք չենք լինելու իշխանություն, ուրեմն թող Նիկոլը վերարտադրվի»: Գիտե՞ք, վաբանկ կարելի է գնալ բոլոր սիտուացիաներում, բացառությամբ երկրի համար ճակատագրական իրավիճակների: Թող ձեզ չթվա, թե, հա, Արցախը տվեցինք, խաղաղություն է, կարելի է նաեւ քաղաքական աճպարարությամբ զբաղվել: Լավ կանեք՝ սա մտապահել․ առավել արդիական աղվեսները, երբ սկսում են տրվել ինքնամոռացության, չորս ոտքով են հայտնվում թակարդում:

ՀԳ. Պարոնայք Սամվել Կարապետյան եւ Գագիկ Ծառուկյան, ձեր «տապանների» դռները փակ պահեք անհասկանալի պատճառներով համագործակցել չկարողացողների եւ թիկունքից բրթողների առաջ: Խառը ժամանակներ են, Նիկոլի հայաստանյան հովանավորների պակաս էլ չկա:

ՀԳ1․ Պարոն Թաթոյան, այս հոդվածը նաեւ քեզ համար եմ գրել: Դու էլ ես նոր մարդ հայաստանյան քաղաքական դաշտում: Վիճակդ ո՞նց է՝ ըստ «Գելափի»… Բայց դու մի հուսահատվիր, որովհետեւ ընդդիմությունը քայքայողների զորահանդեսի հրամանատարը դու ես, եւ այդ զորահանդեսը քեզ է բրթելու առաջ, հենց տեսնի՝ Նիկոլը պարտվում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մենք հաջողություն չունեցանք, գուցե ներկայիս ընդդիմությունը հաջողի իր այս մոտեցմամբ

«Հրապարակ»․ Մենք հաջողություն չունեցանք, գուցե ներկայիս ընդդիմությունը հաջողի իր այս մոտեցմամբ Fri, 21 Aug 2026 …