Աննահանջ խաղամոլն ու վերջին խոչընդոտը
Sun, 22 Nov 2026 20:47:38 +0400

Վերլուծաբան Լևոն Զարգարյանը Ֆեյսբուքում գրել է.
Աննահանջ խաղամոլն ու վերջին խոչընդոտը
«11 հազար դասալիքների» թեման միակ թեզը չէ, որ շրջում է Բաքու-Երևան երթուղով։ Նոյեմբերին ևս մեկ ձևակերպում անցավ այդ երթուղով՝ ճանապարհին կրկին ենթարկվելով մուտացիայի։
Փետրվարի 13-ին Մյունխենում Իլհամ Ալիևը նշել էր․ «հենց Հայաստանի Սահմանադրությունում չլինեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն հաջորդ օրը»։ Նոյեմբերի 17-ին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նույնքան զգուշորեն կրկնեց, որ նոր Սահմանադրությունից հետո «կարող է ունենանք վերջնականապես ընդունված ու վավերացված խաղաղության պայմանագիր»։ Նոյեմբերի 19-ին ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն արդեն առանց «կարող է»-ի էր խոսում․ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում»։ Իսկ դրանից մեկ օր առաջ Փաշինյանը վերջակետ էր դրել․ «Այո, կան երաշխիքներ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի»։ Մյունխենից Երևան ճանապարհին «կարող է»-ն դարձավ «ստորագրվելու է», «ստորագրվելու է»-ն՝ «երաշխիք», իսկ ստորագրմանն ավելացավ նաև վավերացումը, որի մասին Ալիևն ընդհանրապես չէր խոսել։ Ավելին, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ «խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, սակայն կարող է մնալ ընդամենը թղթի վրա»։
Սակայն դեռևս հոկտեմբերի 29-ին, այդ երաշխիքները դեռ պետք էր փնտրել։ Փաշինյանն այդ ժամանակ խոստովանեց․ «ընդդիմությունը հարց բարձրացրեց, որին մենք պետք է պատասխանենք, կամ ես կոնկրետ պետք է պատասխանեմ»։ Հետո եղավ Դուբլինը։ Այն հարցին, թե արդյոք այդ թեման քննարկվել է Ալիևի հետ, Փաշինյանը պատասխանեց․ «Այո՛, քննարկում եմ ունեցել նաև Դուբլինում Ադրբեջանի նախագահի հետ»։ Բայց բուն հանդիպման մասին ասաց․ «Մեծ հաշվով նորություն չունեմ»։ Բաքուն լռեց։
Բայց զարմանալիորեն Փաշինյանի խոսքում հայտնվեցին երաշխիքները , որոնք, ըստ նրա, հենվում են իր անձնական պատասխանատվության վրա։ Եթե դրանից բացի նա այլ փաստարկներ ունենար, ամենապարզը կլիներ խնդրել Ալիևին այդ մասին բարձրաձայն հայտարարել։ Իսկ նման հայտարարություն չկա։ Պոկերում դա կոչվում է բլեֆ՝ թույլ խաղաթղթերով մեծ խաղադրույք կատարելը։
Փոխարենը երաշխիքն ունի պայման։ Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է խորհրարանի 105 ձայներից 70-ը, իսկ ՔՊ-ն ունի 64։ Ուստի Փաշինյանի խոսքերով՝ «վերջնական և անշրջելի խաղաղության ճանապարհին հիմա մենք մի խոչընդոտ ունենք, և այդ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է»։ Դա 41 մանդատ է՝ տրված մոտ կես միլիոն քաղաքացիների կողմից։ Այդ «խոչընդոտը» վերացնելու համար առաջարկվում է 2 ճանապարհ՝ կա՛մ «հանրային ճնշում ենք գեներացնում», կա՛մ «քաղաքական պրոցեսները տանում ենք էն ուղղությամբ, որ ընդդիմության այս հատվածը չի լինելու խորհրդարանում»։ «Մնացածը տեխնիկայի հարց է»։ Թե ինչպիսին է լինելու այդ տեխնիկան, հուշում է նույն նիստում հնչած նրա մեկ այլ արտահայտություն․ «դուք հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ բանտախցերում»։
Բանակցությունների տեսության մեջ այս տրամաբանությունը գլխիվայր շրջված է։ 1988թ․ ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Փաթնեմը բանակցությունները նկարագրել է որպես «երկու մակարդակի խաղ»․ երկրի ղեկավարը միաժամանակ բանակցում է և՛ սեղանի շուրջ նստած գործընկերոջ հետ, և՛ նրանց հետ, ովքեր երկրի ներսում պետք է հավանություն տան արդյունքին։ Եվ ներսում կապված ձեռքերը ոչ թե թուլություն են, այլ հաղթաթուղթ․ որքան ազատ է բանակցողն իր երկրում, այնքան հեշտ է սեղանի շուրջ նրանից զիջումներ կորզել։ ԱՄՆ-ում պայմանագիրը վավերացնելու համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի ձայնը, և ամերիկացի դիվանագետներն օգտվում են դրանից։ Հայաստանի երկու երրորդը նույնպիսի սահմանափակում է, իսկ ընդդիմությունն այս տրամաբանությամբ ոչ թե խոչընդոտ է, այլ կապիտալ, որը փոխանակում են մյուս կողմի զիջումների հետ։
Բայց Փաթնեմի սխեման աշխատում է, եթե բանակցողի ճակատագիրը կախված է երկրի ներսում գտնվողներից։ Իսկ եթե այն կախված է բանակցության մյուս կողմի առաջնորդից, տրամաբանությունը շրջվում է․ ճնշում են սեփական ընդդիմությանը, և որքան ուժեղ է ճնշումը սեղանի մյուս կողմից, այնքան ուժեղ՝ ներսում։ Փաշինյանի ողջ քաղաքական credibility-ն (արժանահավատություն) «Իրական Հայաստանը», «խաղաղության օրակարգը» և դրանով շահած ընտրությունները, հենվում է մի ստորագրության վրա, որը միայն Ալիևի ձեռքում է։ Այդ պառճառով էլ Բաքվի հետ նա «նորություն չունի», իսկ ընդդիմությանը վերջնագիր է ներկայացնում․ տվեք անհրաժեշտ 6 ձայները, այլապես կլինեն արտահերթ ընտրություններ այն պայմաններում, «երբ որ 100%-ով կերաշխավորվի», որ «այսօրվա ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի»։ Այս շաբաթների միակ 100%-անոց երաշխիքը վերաբերում է ոչ թե խաղաղության պայմանագրին, այլ ընդդիմությանը։ Սա Փաշինյանի երկրորդ բլեֆն է։
Ահա թե ինչ է ցույց տալիս միջազգային փորձը երաշխիքների, բանակցությունների և պայմանների հարցում․
1․ Սկսենք նույն Դուբլինից․ 2008թ․ Իռլանդիան հանրաքվեով մերժեց ԵՄ Լիսաբոնի պայմանագիրը՝ 53․4% «դեմ»։ Նրան Եվրոպայի համար խոչընդոտ չհայտարարեցին․ Իռլանդիային տրվեցին իրավական պարտադիր երաշխիքներ հարկերի, չեզոքության և էթիկական հարցերի վերաբերյալ, և պահպանվեց իռլանդացի եվրահանձնակատարի տեղը։ 1 տարի անց «կողմ» քվեարկեց 67․1%-ը։ Նույն կերպ 1992թ․ Մաաստրիխտի պայմանագրից իր բացառությունները ստացավ Դանիան։
2․ 1994թ․ Ուկրաինան հրաժարվեց աշխարհի խոշորագույն միջուկային զինանոցներից մեկից, իսկ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը Բուդապեշտում ստորագրեցին հուշագիր՝ պարտավորվելով հարգել նրա սահմանները։ Անգլերեն տեքստում դա «assurances» էր՝ հավաստիացումներ, իսկ ռուսերեն և ուկրաիներեն տեքստերում՝ «անվտանգության երաշխիքներ» (гарантии безопасности)։ Այդ երաշխիքների կիրառման իրական մեխանիզմներ հուշագրում չկային։ 2014թ․ Ղրիմը բռնակցեց, իսկ 2022թ․ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսեց երաշխավորներից մեկը։
3․ 1938թ․ Մյունխենում Գերմանիան Չեխոսլովակիային, որին նույնիսկ բանակցությունների սեղանի շուրջ չէին հրավիրել, խոստացավ նոր սահմանների երաշխիք, բայց միայն լեհական և հունգարական հարցերի կարգավորումից հետո, այսինքն՝ հաջորդ զիջումներից հետո։ Հիտլերը Սուդետներն անվանում էր «վերջին տարածքային պահանջ», իսկ կես տարի անց օկուպացրեց Պրահան։
4․ Եվ մեր սեփական փորձը։ 2020թ․ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, որի տակ նաև Ալիևի ստորագրությունն է, գրված է․ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։ 2 տարի անց միջանցքը փակեցին, հետո դրա վրա անցակետ տեղադրեցին, ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումն անտեսեցին, իսկ 2023-ի սեպտեմբերին Արցախն այլևս չկար։ Գրավոր երաշխիքը՝ ստորագրությամբ, խաղաղապահներով և դատարանի որոշմամբ, չաշխատեց։
Այս պատմություններից բխող կանոնները պարզ են․
1․ Երաշխիքներ ստանում է նա, ով պահում է իր «ոչ»-ը, այլ ոչ թե նա, ով հրաժարվում է դրանից։
2․ Երաշխիքը, որը տալիս է դիմացի կողմը, արժե ճիշտ այնքան, որքան նրա շահը։
3․ Անվերջ պահանջներ ներկայացնող կողմը երբեք չի ունենում «վերջին» պահանջ։
ՀՀ իշխանություններն այսօր գործում են այս 3 կանոններին հակառակ։
– Փաշինյանն ինքն է խոչընդոտ հայտարարում սեփական «ոչ»-ը, մինչդեռ իրական բանակցություններում դա կլիներ նրա ամենաթանկ փաստարկը։
– Երաշխիքը հենվում է նույնիսկ ոչ թե Բաքվի, այլ Փաշինյանի անձնական վարկի վրա․ Ալիևի հրապարակային պարտավորություններ չկան։ Փոխարենը կան դեհումանիզացիայի ու զավթողականության անվերջ հրապարակային հայտարարություններ։
– Եվ նույնիսկ եթե ստորագրությունը լինի, երաշխիքը լռում է այն մասին, թե ինչ կլինի դրանից հետո։
Իսկ ստորագրությունից հետո պահանջների ցանկը ոչ մի տեղ չի կորչի․ այն արդեն երկարում է։ Դեռևս 2022թ․ դեկտեմբերի 24-ին Ալիևը բացահայտ հայտարարում էր, թե «այս տարածքում երբեք Հայաստան չի եղել, և ներկայիս Հայաստանը պատմականորեն ադրբեջանական հող է», որտեղ «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը այս տարվա ամռանը հռչակվեց որպես «ազգային նոր նպատակ»։ Հետագայում նա հավելել է․ «Այս հարցը կմնա Ադրբեջանի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձն իրականություն չի դարձել»։ Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտնեց անդրսահմանային ջրերի կառավարման աշխատանքային խմբերի ձևավորման մասին․ «Ըստ էության, դրանք ընդհանուր գետեր են»։ Իսկ նոյեմբերի 21-ին՝ որ TRIPP-ի շրջանակում «մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական ցանցերի հետ»։ Այսպես է աշխատում Օվերտոնի պատուհանը․ երեկ անհնարինն այսօր ներկայացվում է որպես խաղաղ կյանքի սովորական մաս, իսկ կասկածները՝ որպես դավադրության տեսություն։ Այդպես եղավ Ցեղասպանության ճանաչման հարցում, Արցախի հայության անվտանգության ու իրավունքների ապահովման հարցում, այդպես է հիմա գետերի և էներգահամակարգի հետ, իսկ TRIPP-ը վերածվում է ամեն ինչի համընդհանուր բացատրության։ Ընդ որում՝ խաղաղության խոչընդոտ անվանեցին ընդդիմությանը, բայց ոչ Բաքվում որպես գերի պահվող 19 հայերին։
Փաշինյանի համար այս ամենի բովանդակային քննարկումն անհարմար է․ օրակարգը պետք է լցնել այլ բաներով։ Անթալիա և Դուբլին կատարած այցերից (որտեղ, ըստ Փաշինյանի, քննարկվել են նաև երաշխիքները) հայ հանրությունը ստացավ 3 հրապարակում բանանի մասին։ Ամերիկացի քաղաքագետ Բեռնարդ Քոհենը դեռ 1963թ․ նկատել էր, որ մամուլը միշտ չէ, որ կարողանում է մարդկանց ասել, թե ինչ մտածել, բայց զարմանալիորեն հաջողությամբ ասում է, թե ինչի մասին մտածել։ Փաշինյանը դա անում է ֆեյսբուքյան իր հրապարակումների միջոցով։
Ընդդիմությունն իսկապես վերջին խոչընդոտն է, բայց ոչ թե խաղաղության, այլ հաջորդ պահանջի ճանապարհին։ Եվ որպեսզի այդ «ոչ»-ն ինչ-որ բան արժենա, այն պետք է վերածել պայմանների։ Պայմաններն ակնհայտ են և ստուգելի․ 19 անձանց ազատ արձակում, զորքերի դուրսբերում ՀՀ տարածքից (ԱԳՆ գնահատմամբ՝ մոտ 200 ք․ կմ), Բաքվի գրավոր հրաժարում «արևմտաադրբեջանական» զավթողական օրակարգից։ Հրապարակավ ներկայացված այդ պայմանների դեպքում ընդդիմության «ոչ»-ն այլևս խաղաղությունից հրաժարում չէ, այլ դրա գինը։
Մնում է բուն գործարքը, որը Փաշինյանն անվանեց «առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել»։ «Կնքահայր» ֆիլմում այդ առաջարկն անում էին՝ ատրճանակը քունքին պահած․ այստեղ ատրճանակի դերում արտահերթ ընտրություններն են։
Փաշինյանը խոստանում է հեռանալ 2 դեպքում էլ՝ անկախ հանրաքվեի արդյունքներից։ Սակայն նա չափազանց շատերին է խոստացել «բանտախցեր» և գիտակցում է, թե ինչ է իրեն սպասում հեռանալուց հետո, որպեսզի ինքնակամ գնա։ Հետևաբար, սա ևս նրա հերթական բլեֆն է։
Բայց ենթադրենք, թե նա իսկապես կհեռանա։ Ցանկացած երաշխիք ունի երաշխավոր և գրավ։ Երաշխավորը Փաշինյանն է, գրավը՝ Սահմանադրությունը։ Երաշխավորը գնում է, իսկ գրավը մնում է երկրին․ նոր Սահմանադրությունը կես տարի անց հետ չես փոխի։ Եվ եթե ստորագրությունից հետո Բաքուն ներկայացնի հաջորդ պահանջը, պատասխան պահանջելու մարդն արդեն չի լինի։
Հ․Գ․ «Կարող եմ իմ քաղաքական credibility-ն դնել բոլորիդ առաջ․․․ Ամեն ինչ դնում եմ խաղասեղանին»։ Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 18, երաշխիքների մասին։
Փաշինյանն իրոք խաղամոլ է։ Բայց խաղասեղանին նա դրել է ոչ թե իրեն և իր կարիերան, այլ Հայաստանի Հանրապետությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր