Ընտանիքը շտապում էր պապիկի 60-ամյակին. նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Fri, 10 Apr 2026 20:12:45 +0400
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն՝ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով հոսպիտալացվել է 5 երեխա, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել։ Կազմակերպվել է նաև երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր․ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։
Նախարարությունը հայտնում է նաև, որ պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։
Մեր տեղեկություններով՝ տուժած երեխաներից չորսը տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր և Ուիգմոր բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է բավականին ծանր։ Մահացածների թվում է նաև այս պահին ծանր վիճակում գտնվող կնոջ երեխաներից մեկը։ Նա 5 երեխաների մայրն է։ Մեզ պատմեցին, որ ընտանիքը շտապել է պապիկի ծննդյան 60-ամյակին։